ՖՈՏՈ. Սյունիքում հերթական գյուղն է լուսավորվել. Լուծվել է հետխորհրդային ժամանակներից առկա խնդիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղատին գյուղում փոխվել է երեկոյան ժամերին մթության մեջ խարխափելու՝ երբեմնի իրականությունը: Վիվա-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն (FPWC) այստեղ ևս հետխորհրդային ժամանակներից առկա խնդիր են լուծել:

Վաղատինում տեղակայվել է փողոցային լուսավորության՝ լուսադիոդային (LED) 37 լուսարձակից բաղկացած համակարգ: Գյուղի հիմնական փողոցները՝ շուրջ 1400 մ երկարությամբ տարածք, արդեն էներգախնայող ու բնապահպանական տեսանկյունից մաքուր LED-երով են ապահովվել: Մարզկենտրոնից 118 կմ հեռավորության վրա գտնվող բնակավայրում սա կարևոր ձեռքբերում է՝ համայնքային բյուջեն խնայելու և մարդկանց հոգեբանորեն աջակցելու տեսանկյունից:

Լուսավորության ժամանակակից համակարգը գործարկվել է: Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը պաշտոնական բացմանը մասնակցել է փոքր-ինչ այլ ձևաչափով՝ տեսազանգով:

«Ծրագրի իրականացման ընթացքում պարզել ենք, որ շատ գյուղերում ենթակառուցվածքներ չկան, իսկ որոշ բնակավայրերում դրանք այնքան հին են, որ պիտանի չեն շահագործման: Մեր գործընկերների հետ ձգտում ենք օգտակար լինել և աստիճանաբար պայմաններ ստեղծել՝ գյուղերում դրական տեղաշարժ ապահովելու համար: Այս համակարգն աշխատում է նոր տեխնոլոգիաների կիրառմամբ: Այժմ դուք տեսնում եք ծրագրի արդյունքը՝ լուսավորությունը: Տարիներ անց կզգաք նաև համակարգի ներդրման ավելի կարևոր՝ երկարաժամկետ արդյունքը: Նախ կկրճատվեն ծախսերը, տնտեսված բյուջետային միջոցները կծառայեն օգտակար այլ նախաձեռնության, իսկ բնապահպանական արդյունավետությունը կարձանագրվի տարիներ անց: Ցանկացած դրական տեղաշարժ նպաստելու է, որ նոր ձեռքբերումներ լինեն»,- տեսազանգի ընթացքում ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Վաղատին բնակավայրի վարչական ղեկավար Շահեն Գրիգորյանը և համայնքի բնակիչները, տեսազանգի միջոցով ներկայացրել են նախկին խնդիրներն ու համակարգի գործարկումից հետո արձանագրված արդյունքը:

Բնապահպանական և էներգաարդյունավետ LED լուսարձակներն, ի տարբերություն շիկացման լամպերով աշխատող լուսարձակների, սպառում են 80%-ով պակաս էլեկտրաէներգիա և ծառայում են կրկնակի արդյունավետությամբ. LED լամպերն ավելի դիմացկուն են և անհամեմատ ավելի երկար են ծառայում, քան սովորական էլեկտրական լամպերը:

Ամռան ամիսներին Վաղատինում փողոցները լուսավորված կլինեն 21:00-ից մինչև 01:00-ը, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչև 00:00-ը: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի ամբողջ գիշերվա ընթացքում:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և հիմնադրամի գլխավոր գործընկեր Վիվա-ՄՏՍ-ը չափազանց կարևոր են համարում նորագույն տեխնոլոգիաների կիրառումը՝ ի նպաստ շրջակա միջավայրի պահպանության, էներգախնայողության բարձրացման և համայնքային զարգացման:




Լրահոս