Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 10-ի N 1519-Ն որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող կազմակերպություններին նորոգումների և անհրաժեշտ տեխնիկաների ձեռքբերման համար կտրամադրվեն հատկացումներ:
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ին տարածքի վերակառուցման համար կտրամադրվի 102,715.7 հազ. դրամ: Կինոկենտրոնի՝ Տերյան 3ա հասցեում գտնվող տարածքում կիրականացվեն տարածքի կապիտալ ամբողջական վերակառուցման աշխատանքներ: Մասնավորապես, ընդհանուր վերանորոգման համար նախատեսվում է ճակատային հատվածը և ետնամասը դարձնել ապակեպատ, իրականացնել տարածքի երկհարկանի բաժանում, ապահովել օդափոխման և ջեռուցման համակարգով ողջ տարածքը, 2-րդ հարկում սենյակները միմյանց միացնել կամուրջներով, կատարել սենյակների բաժանում՝ տնօրենի սենյակ, աշխատանքային սենյակներ, հանդիպումների սենյակ՝ պրոյեկտորի և էկրանի միջոցով դիտումներ կազմակերպելու համար, ընդունարան-սպասասրահ, խոհանոց՝ աշխատակիցների համար, սանհանգույցներ, ժամանակակից դիզայնով ներքին հարդարանքի իրականացում։ Սա մեծ հնարավորութուն է՝ բացառելու կինոկենտրոնի ներկայիս տարածքի ոչ ներկայանալի լինելը, աշխատավայրի անբարենպաստ պայմանները և տարիներ շարունակ պետական բյուջեի հաշվին տարածքների վարձակալությունը։
«Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ին կտրամադրվի 47,818.8 հազ. դրամ՝ շենքի վերանորոգման համար: Թատրոնում առաջիկայում նախատեսվում է իրականացնել շինարարական և վերանորոգման աշխատանքներ: Մասնավորապես, կվերանորոգվեն հանդիսատեսին սպասարկող երկու մեծ սանհանգույցները՝ մի քանի անձի միաժամանակյա սպասարկման համար: Սանհանգույցներում կիրականացվեն կապիտալ վերանորոգում և գույքի փոխարինում: Հիմնովին կվերանորոգվեն նաև ծառայողական անձնակազմին սպասարկող թվով 2 սանհանգույցները, որոնք գտնվում են 1-ին և 3-րդ հարկերում: Ռեստավրացվելու և թարմացվելու է շենքի ճակատային հատվածը՝ Գ. Լուսավորիչ փողոցի կողմից: Պատերը կթարմացվեն, կտեղադրվեն թատրոնի տարբերանշանով համապատասխան ցուցատախտակներ: Մուտքի դռան վերևում կտեղադրվի ժամանակակից ապակյա ծածկ, որը կփոխարինի նախկին քանդված ծածկին:
«Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն» ՊՈԱԿ-ին կտրամադրվի 20,756.4 հազ. դրամ՝ լուսային սարքավորումների ձեռքբերման համար: Թատրոնի բեմական լուսային համակարգը վերջին անգամ նորացվել է 2003 թ. «Լինսի» հիմնադրամի շրջանակում: Ժամանակակից պահանջները և տեխնիկայի զարգացումը ենթադրում են նոր սարքավորումների օգտագործում՝ ներկայացումներն ավելի գունեղ և ժամանակակից դարձնելու համար: Ձեռքբերվող նոր սարքավորումները, որոնց հիմնական մասը LED համակարգի է, կտեղադրվեն թատրոնի մեծ և փոքր բեմերում: Դա հնարավորություն կստեղծի կազմակերպելու զուգահեռ ներկայացումներ: Ձեռք կբերվի նաև մշուշի, ծանր ծխի և ձյան գեներատորներ, որոնք կավելացնեն հատուկ էֆեկտների հնարավորությունը: Սարքերը բազմագույն են, բազմաֆունկցիոնալ և հաշվի առնելով LED տեսակները, հնարավորություն կտան տնտեսել էներգոծախսը: Տեղադրման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2021 թ. մարտի 31-ը: Նոր լուսային համակարգը կհամապատասխանի ամենաբարձր չափանիշներին և հնարավորություն կտա թատրոնի բեմում ընդունել աշխարհի լավագույն թատերախմբերը:
«Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ին կտրամադրվի 5,523.2 հազ. դրամ՝ թատրոնի համար անհրաժեշտ լուսանկարչական ապարատի ձեռքբերման համար: Մասնավորապես՝ ձեռք կբերվեն 2 հատ «Canon 5DMark4» լուսանկարչական ապարատ, «Canon24-70mm», «Canon70-200mm» ոսպնյակներ, 2 հատ եռոտանի, ձայն գրող «Zoom H6» 2 հատ հիշողության քարտ 64 գբ, արտաքին հիշողության քարդ 4 գբ: Ձեռք բերված տեխնիկան կծառայի ներկայացումները բարձր որակով վիդեոնկարահանելու համար: