«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հոկտեմբերի 19-ին տեղի է ունենալու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը: Ծառուկյանի փաստաբանները պատրաստվում են դատարանին միջնորդություն ներկայացնել՝ գրավի դիմաց նրան ազատելու համար: Պաշտպանական թիմը վստահ է, որ Արցախում ընթացող պատերազմական դրությունը «կստիպի» դատական իշխանություններին Ծառուկյանին ազատել կալանքից:
Ըստ մեր տեղեկությունների՝ անգամ ԱԺ խորհրդի անդամների եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ է արծարծվել այն հարցը, որ այժմ կալանքի տակ են գտնվում այնպիսի անձինք, որոնք կարող են ՀՀ-ին եւ Արցախին օգնել, բայց անազատության մեջ են, վարչապետը, կարծես թե, համակարծիք է եղել, բայց որեւէ խոստում չի տվել նրանց ազատության մասով:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց եւ մեղադրվում է 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք տալը կազմակերպելու համար, սակայն մեղադրանքը չի ընդունում։ Ծառուկյանը համարում է, որ ինքը քաղաքական հետապնդման է ենթարկվում:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: