ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ ՈՉՆՉԱՑՎԵԼ Է՝ ԹՈՂՆԵԼՈՎ ԴԻԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 2-ին եւ լույս 3-ի գիշերվա ընթացքում Պաշտպանության բանակի զորքերը պաշտպանողական մարտեր են վարել արեւելյան, հարավարեւելյան եւ հարավային ուղղություններում. հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարությունը: Յուրային ստորաբաժանումները դիպուկ կրակով նշված հատվածներում խոցել են հայտնաբերված ավտոմոբիլային տեխնիկան, կենդանի ուժը, ինչպես նաեւ 1 տանկ. ասված է հաղորդագրությունում: Արեւելյան ուղղությամբ ճակատային գծի փոքր հատվածում, մարտավարական նկատառումներից ելնելով, Պաշտպանության բանակի ուժերը հետ են քաշվել՝ զբաղեցնելով հետագա մարտական գործողությունների համար առավել նպաստավոր բնագծեր. նշում է Արցախի ռազմական գերատեսչությունը: «Առավոտյան հարավային ուղղությամբ առաջխաղացման փորձ ձեռնարկող թշնամական տեխնիկային եւ կենդանի ուժին ՊԲ-ն հասցրել է դիպուկ կրակային խոցում՝ պատճառելով կորուստներ եւ ստիպելով հետ շպրտվել ելման դիրքեր: Բանակային ստորաբաժանումները լռեցրել են նաեւ հյուսիսային ուղղությամբ թշնամական ուժերի նախահարձակ ակտիվությունը: Մարտավարական առավելությունը իր կողմը թեքելու թշնամական ուժերի փորձերը շարունակվել են։ Պաշտպանության բանակը վերահսկում է օպերատիվ-մարտավարական իրադրությունը», – ասված է հաղորդագրությունում:

 

Քարվաճառի ուղղությամբ ժամը 13:30-ին, օգտագործելով ծխային արկեր, հակառակորդը փորձել է ձորից դուրս բերել նախորդ օրվա ընթացքում իր զոհված զինծառայողների դիերը: «Քարվաճառի ուղղությամբ ժամը 13:30-ին, օգտագործելով ծխային արկեր, հակառակորդը փորձել է ձորից դուրս բերել նախորդ օրվա ընթացքում իր զոհված զինծառայողների դիերը, սակայն հայկական կողմի հրանոթային եւ ականանետային դիպուկ կրակի արդյունքում հետ է շպրտվել՝ թողնելով եւս երկու դի: Նույն ուղղությամբ ժամը 13:40-ին թշնամական ուժերը, միջդիրքային տարածքում ծխաքողարկվելով, 30 հոգանոց խմբով փորձել են ձեռնարկել ներթափանցման փորձ: Այս դեպքում եւս ՊԲ ստորաբաժանումների ճշգրիտ ականանետային կրակով կասեցվել է հակառակորդի առաջխաղացումը, ինչի արդյունքում վերջիններս, կորուստներ կրելով, նահանջել են ելման դիրքեր: Ժամը 14:30-ին կրկին Քարվաճառի ուղղությամբ նկատվել է հակառակորդի կուտակում մարտական դիրքերի շրջանում: Յուրային ուժերը ժամանակին հավաստանշել են թշնամական ուժերի կուտակման փորձերը եւ ոչնչացրել պատսպարվելու փորձ կատարող հակառակորդի 4 զինծառայողի»,-հայտնել է Արցախի ՊԲ-ն:

Ըստ նույն աղբյուրի՝ վերջին օրերին տեղի ունեցած եւ առայսօր հարավարեւելյան ճակատային գծում (Շեխեր-Կարմիր Շուկա-Թաղավարդ բնագիծ) շարունակվող մարտական գործողությունների արդյունքում Պաշտպանության բանակի ուժերն ու կամավորականները հակառակորդի համար իսկական դժոխք են կազմակերպել մեր անտառներում ու ձորերում։  Պաշտպանության բանակը նաեւ նշել է, որ ադրբեջանական ուժերի տեղաբաշխման շրջաններում ներկա դրությամբ շարունակվում են լրահետախուզման եւ կրակային խոցման գործողությունները: Լեռնային Ղարաբաղի արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) հաղորդմամբ՝ Արցախի տարածքում հայտնվել է ադրբեջանական ուժերի կողմից արձակված նոր զինատեսակ։ «Ուսումնասիրությունից պարզվել է, որ այն այրող կասետային զենք է` մոտ 40 սմ երկարությամբ, որի կիրառումը խաղաղ բնակչության ուղղությամբ արգելված է Ժնեւյան եւ միջազգային կոնվեցիաներով։ Այս զինատեսակը նախատեսված է զանգվածային ոչնչացման եւ տարածքների հրկիզման համար»,- ասված է հաղորդագրությունում։

Նշենք նաեւ, որ ադրբեջանաարցախյան հակամարտության գոտու ճակատային գծի հարավային ուղղությամբ Պաշտպանության բանակի զինծառայողներ Արամ Հայկի Զոհրաբյանը, Նվեր Սամվելի Ավանյանը, Արթուր Իսակի Սարկիսյանը եւ Արայիկ Կամոյի Հարությունյանը ներթափանցել են ադրբեջանական ուժերի թիկունք, ոչնչացրել հայկական ուժերի ուղղությամբ աշխատող ականանետային դասակի ամբողջ անձնակազմը եւ առգրավելով կարեւոր փաստաթղթեր ու սպառազինություն՝ բարեհաջող վերադարձել: «Բարոյամարտական բարձր հատկանիշներ դրսեւորելու, անձնական խիզախության ու մարտական բարդ առաջադրանքը անթերի իրականացնելու համար տղաները ներկայացվել են պետական բարձր պարգեւների», – հայտնել է պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը։

 

 

ԱՊՕՐԻՆԱԲԱՐ ՏԻՐԱՆՈՒՄ ԵՆ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է ձեռք բերել օբյեկտիվ բնույթի նոր ապացույցներ այն մասին, որ ադրբեջանցիներն ապօրինաբար տիրանում են հայկական կողմի գերիների սոցիալական ցանցերի օգտահաշիվների գաղտնաբառերին ու սկսում են կառավարել այդ էջերը: Ապացույցները վկայում են, որ սոցիալական ցանցերի այդ էջերը կամ օգտահաշվիներն ակտիվացվում են ադրբեջանական IP (Internet Protocol) տիրույթից՝ հաճախ յուրաքանչյուր անգամ մուտք գործելով տարբեր սարքերով՝ համակարգիչ, բջջային հեռախոս, Ipad: Դա անում են տարբեր օրերի ու ժամերի։ Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ հայկական էջերից շարունակվում է տարածվել ատելություն, Հայաստանում եւ Արցախում հասարակական ու քաղաքական ներքին թշնամանք հրահրող, հասարակությունում լարվածություն, խուճապ ու տագնապ առաջացնող նյութեր: Ուստի պետք է ցուցաբերել բացառիկ զգուշություն սոցիալական ցանցերով տարածվող նյութերից օգտվելիս կամ դրանք տարածելիս՝ ստուգելով տարածվող նյութի իսկությունն անգամ այն պարագայում, երբ անձամբ ճանաչում ենք էջի օգտատիրոջը:

 

 

ՎԱԹՍՈՒՆ ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔ

Աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորման ուղղությամբ ԱԱՏՄ վերահսկողական գործառույթների ընդլայնումից ի վեր՝ հուլիս ամսից սկսած, ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը ստացել է շուրջ 60 դիմում-բողոք, որոնց գերակշիռ մասի դեպքում հարուցվել է վարչական վարույթ։ Աշխատանքային իրավունքների հնարավոր խախտումների վերաբերյալ դիմումների ամենամեծ մասը՝ շուրջ 3 տասնյակ, վերաբերել է աշխատողի հետ վերջնահաշվարկ չկատարելուն, մոտ 1 տասնյակը՝ հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի աշխատավարձի չվճարման հարցերին։ Աշխատանքային իրավունքին առնչվող այլ բնույթի հարցեր եւս ստացվել են։ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է դիմում-բողոքներ ստանալ աշխատանքային իրավունքների խախտումների վերաբերյալ: Դրանց ընթացք է տրվում գրավոր դիմումի առկայության դեպքում?տեսչական մարմինն այդ դեպքում իր կանոնադրական գործառույթների շրջանակներում վերահսկողություն է իրականացնում աշխատանքային իրավահարաբերությունների ոլորտում, ինչպես նաեւ օրենքով նախատեսված դեպքերում կիրառում պատասխանատվության միջոցներ։ Ուշագրավ է, որ դիմումատուների զգալի մասն աշխատանքային իրավունքին առնչվող իր բողոքը ներկայացվում է իր եւ գործատուի միջեւ աշխատանքային հարաբերությունների ավարտից հետո։

 

 

ՀԱՅՏՆՎՈՒՄ ԵՆ ԱՆԵԼԱՆԵԼԻ ՎԻՃԱԿՈՒՄ

«Չգիտեմ՝ թուրքական սուլթանապետության նորօրյա համիդներն ինչպես, բայց Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ հանձին նրա երբեմնի դասալիք միապետի, աստիճանաբար ու հետեւողականորեն հայտնվում են անելանելի դրության մեջ»,-  նշել է  Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:  «Եվ դա՝ շնորհիվ «մեծ եղբոր» նախաձեռնած անհեռատես գործողությունների: Երեւի թե Ալիեւը վատ երազում անգամ չէր կարող պատկերացնել, որ իրեն դրդելով նման արկածախնդրության՝ նա ոչ միայն վտանգում է սեփական իշխանության ժառանգականության ապագան, այլեւ պետականությունը պահպանելու հեռանկարը: Նա պետք է գիտակցեր, որ, բացի արտաքին աշխարհաքաղաքական շահերով պայմանավորված որոշ խոչնդոտներից, Արցախի լեռներն ու անտառները՝ իրենց աննկուն պահապաններով, դիմակայելու եւ սեփական կամքը պարտադրելու առանձնահատուկ շնորհով են օժտված: Այդպես եղել է միշտ եւ այդպես էլ լինելու է այս անգամ: Իսկ դրանում համոզվելու համար որդի Ալիեւին պետք չէր բացել ու կարդալ հույն կամ հռոմեացի պատմիչների քերթվածքներն Արցախի մասին: Նրան ընդամենը հարկավոր էր թերթել ու ծանոթանալ հայր Ալիեւի կողմից 1993թ.-ին եւ 1994թ.-ին տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ գրված հիշողությունները, եւ ամեն ինչ պարզ ու ուսանելի կդառնար: Չէ՞ որ, ինչպես ասում են, պատմությունը կրկնվելու հատկություն ունի»:

 

 

ՆԱԽԱԳԱՀԸ ԿԶԲԱՂՎԻ

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ֆեյսբուքյան օգտատեր Զարինե Սառաջյանի բաց նամակը՝ ուղղված Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին, որտեղ հեղինակն անդրադարձել է պատերազմական այս օրերին պետական կառավարման համակարգի բարձր եւ ցածր օղակներում աշխատող զինապարտ քաղաքացիների՝ Արցախից բացակայելու փաստին, մեծ արձագանք է գտել, կիսվում եմ իմ էջում՝ միաժամանակ տեղեկացնելով, որ այն քիչ առաջ ներկայացրել եմ Հանրապետության նախագահին: Նախագահն արդեն ծանոթացել է նամակի բովանդակությանը եւ առաջիկա ժամերին կարձագանքի դրան»,- տեղեկացրել է Արցախի Հանրապետության  նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

 




Լրահոս