ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդուն՝ Շանթ Բագրատյանին, մեղադրանք է առաջադրվել։ ArmLur.am-ին քրեական վարույթից մանրամասներ են հայտնի դարձել։
Մասնավորապես, Շանթ Բագրատյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ստեղծելով և փոխկապակցված դրածո անձանց միջոցով փաստացի ղեկավարելով համապատասխանաբար՝ 09.03.2021թ., 30.05.2022թ., 10.03.2021թ., 06.10.2020թ., 23.09.2019թ., 24.03.2016թ. պետական գրանցում ստացած՝ «Բեսթ Ինվեսթ» ՍՊ (ՀՎՀՀ՝ 02838202, տնօրեն՝ Դավիթ Հովհաննիսյան), «Գրիգորյան 1997» ՍՊ (ՀՎՀՀ՝ 00507724, տնօրեն՝ Ազատ Գրիգորյան), «Սաք Օիլ» ՍՊ (ՀՎՀՀ՝ 00495822, տնօրեն՝ Սարգիս Պետրոսյան), «Սարգիս Օիլ» ՍՊ (ՀՎՀՀ՝ 00493662, տնօրեն՝ Սարգիս Պետրոսյան), «Պրոգրեսս 1» ՍՊ (ՀՎՀՀ՝ 00487042, տնօրեն՝ Ռաֆիկ Հակոբյան), «Եվրո Օյլ» ՍՊ (ՀՎՀՀ՝ 02647289, տնօրեն՝ Օլեգ Հակոբյան) ընկերությունների գործունեությունը, ինչպես նաև, հանդիսանալով 23.10.2018թ. պետական գրանցում ստացած «Էկո Օյլ» ՍՊ (ՀՎՀՀ՝ 02685473) ընկերության տնօրենը, դեռևս չպարզված աղբյուրներից ձեռք բերելով տրանսպորտային միջոցների համար նախատեսված մեծ քանակությամբ վառելիք, յուղեր, խոշոր և առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեկ միասնական դիտավորությամբ և նպատակով, կազմակերպել և իրականացրել է՝ առանց հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու հիշյալ ապրանքների իրացումը։
Ըստ նախաքննական մարմնի՝ արդյունքում հարկման օբյեկտները թաքցնելով, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում հարկային մարմին օրենսդրությամբ նախատեսված հաշվարկները, հայտարարագրերը չներկայացնելով, հարկային մարմին ներկայացված օրենսդրությամբ նախատեսված հաշվարկներում խեղաթյուրված տվյալներ մտցնելով, ինչպես նաև կանխամտածված ստեղծել է «Եվրո Օյլ» և «Էկո Օյլ» ՍՊ ընկերությունների անվճարունակության հատկանիշներ, որի արդյունքում պետությանը պատճառվել է ընդհանուրը՝ 1.314.520.530 ՀՀ դրամի վնաս։
ՔՊ-ական Սերգեյ Բագրատյանի որդու հետ մեղադրյալի աթոռին են ևս 3 անձ՝ Դավիթ Արսենի Հովհաննիսյան, Սարգիս Արմենի Պետրոսյան, Ազատ Սերժիկի Գրիգորյանը։
Ըստ նախաքննական մարմնի՝ ՔՊ-ական պատգամավորի որդին մոտ 1,5 միլիարդի պետությանը վնաս է պատճառել։
Ի դեպ, ՔՊ-ական պատգամավորի որդու խափանման միջոցը ընտրվել է երաշխավորության հիման վրա։
Նկատենք՝ սա առաջին դեպքը չէ, որ Բագրատյանի որդին՝ Շանթ Բագրատյանը, հայտնվում է աղմկալի պատմությունների կիզակետում։
Քնար Մանուկյան




























