ՀԱՅՏՆԻՆԵՐԻՑ ՈՎՔԵՐ ԵՆ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ ԵՎ ՈՎՔԵՐ ԵՆ ՎԻՐԱՎՈՐՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ պատերազմական այս օրերին հայրենիքի նկատմամբ իրենց պարտքն են շարունակում  կատարել նաեւ մշակութային գործիչները, դերասաններն ու երգիչները։

 

Ցավոք, նրանցից մի քանիսն արդեն հերոսացել են հայրենիքի սուրբ հողը պաշտպանելիս, իսկ մի քանիսն էլ վիրավորվել են թշնամու նենգ գնդակից։

Պատերազմի առաջին իսկ օրվանից առաջնագծում էր դերասան Էրիկ Օհանյանը, որը Մարտակերտում մղվող թեժ  մարտերի  ընթացքում վիրավորվել էր, այժմ գտնվում է ապաքինման փուլում։

Դերասան Հայկ Չոմոյանը, որը հակառակորդի կողմից ստացել էր բեկորային եւ հրազենային ծանր վնասված, այժմ ապաքինվում է, եւ ինչպես ArmLur.am-ի հետ զրույցում է պնդում, օրերն է հաշվում, թե երբ է ապաքինվելուց հետո կրկին վերադառնալու ընկերների մոտ։

«Արդեն ինձ լավ եմ զգում, անհամբեր սպասում եմ, թե երբ պետք է ապաքինվեմ, որպեսզի գնամ հասնեմ իմ ընկերներին, ովքեր հիմա կյանքի եւ մահվան կռիվ են մղում մարտում: Բացարձակապես ընկճված չեմ, կայուն, բարձր աստիճանի վրա է մարտական ոգին, եւ ոչ միայն իմը, այլ բոլոր այն տղաներինը, ովքեր հիմա առաջնագծում դուխով կանգնած են: Երբ ապաքինվեմ, նորից անկասկած գնալու եմ»,-մեզ հետ զրույցում ասել էր Հայկը:

Հայկը լիահույս է, որ շուտով այս պատերազմը կավարտվի, եւ այլեւս երիտասարդ կյանքեր չեն զոհվի. «Ինչքան շուտ ավարտվի, այնքան լավ մեր երիտասարդության համար»:

Ճանաչված դերասան Գեւորգ Գրիգորյանը բեկորային վիրավորում ստանալուց հետո՝ մի քանի օր անց, կրկին վերադարձել է ռազմաճակատ։

Սիրված երգիչ Արսեն Սաֆարյանը ռազմաճակատում խաղաղ պայմաններում զենքը հաճախ էր փոխարինում  գիթառով եւ իր «Պարոնայք սպաներ» երգով նոր ոգի ու շունչ տալիս տղաներին։

Արցախցի երգիչ Արթուր Խաչենցը, ում երգն առաջնագծից մեծ ոգեւորություն էր պատճառել մեր զինվորիներին, այսօր էլ ռազմաճակատում շարունակում է գոյության պահպանման կռիվ  մղել իր հայրենի հողն ու օջախը պաշտպանելու համար։

Ի դեպ, սեպտեմբերի 27-ից մինչ այսօր առաջնագծում են նաեւ դերասաններ Վահագն Գալստյանը, Բաբկեն Չոբանյանը, Արշալույս Հարությունյանը, Վահան Թովմասյանը, Արտյոմ Կարապետյանը, իսկ, ահա, օրերս էլ հայրենիքի սահմանները պաշտպանելու պատասխանատու գործին են միացել նաեւ երգիչներ Գոռ Հակոբյանը, Վարդան Բադալյանը եւ «Մեծ Հայքից» ռեփեր Նարեկը։

Առաջնագծում հակառակորդի ագրեսիան հետ մղելիս  նահատակվել են «Ոսկե դպրոցից» հայտնի դերասան, ժամկետային զինծառայող Գեւորգ Ջավախյանը, «Գոյ» թատրոնի դերասան Ադամ Խալաթյանը, Երեւանի մնջախաղի պետական թատրոնի դերասան Հովհաննես Հաջինյանը։

Փառք եւ պատիվ մեր նահատակված զինվորներին եւ նրանց, որոնք շարունակում են անհավասար կատաղի կռիվ մղել վարձկանների եւ թշնամու դեմ։

 

 

 

«ԵՍ ԿՈՒԶԵԻ ՍԽԱԼՎԵԼ». ՀԱՅ ՌԵԺԻՍՈՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ՝ ԶԵԼԵՆՍԿՈՒՆ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատասխանել է հայտնի հայ ռեժիսոր Սարիկ Անդրեսայանի մեղադրանքներին եւ հայատարարել, որ Ուկրաինան Ադրբեջանին ֆոսֆորային ռումբեր չի վաճառել։

«Հասկանում եմ, Սարի՛կ, որ դա իսկապես ցավալի է։ Սարսափելի է, երբ սեփական աչքերով ես տեսնում, թե ինչ է իսկական պատերազմը, բայց պետք չէ ստանձնել ուրիշի ֆեյքերի կրիչի դերը: Հասկանում եմ՝ ինչ եւ ինչու է անում ռուսական քարոզչությունը։ Բայց քեզ բացարձակապես չեմ հասկանում, որովհետեւ Ուկրաինան երբեք եւ ոչ մի տեղ որեւէ ֆոսֆորային ռումբ չի մատակարարել։ Առհասարակ»,- մասնավորապես նշել է նա եւ հավելել, որ Ուկրաինան դեմ է հանդես գալիս ցանկացած արյունոտ հակամարտության, չի աջակցում էսկալացիային եւ չի սնում դիմակայությունները, ուկրաինացիները յոթերորդ տարին է՝ պատերազմ են ապրում։

Ի պատասխան  Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, որը Բաքու զենքի մատակարարման մասին նորությունը «ֆեյք» էր համարել,  Սարիկ Անդրեասյանը հայտարարել է.

«Ես հավատում եմ հայկական աղբյուրներին այն պատճառով, որ երբ սկսվեց պատերազմը, մենք տագնապի ահազանգ հնչեցրինք ու ասացինք, որ մեզ վրա առաջինն են հարձակվել, բայց Ալիեւը ժխտում էր դա, սակայն ինչ-որ պահի ընդունեց, որ այդպես է…

Հազարավոր տներ են քանդվել, հարվածներ են հասցվել եկեղեցիների ու հիվանդանոցների։ Սա փաստ է, որն անհանգստացնում է ամբողջ աշխարհին, բայց, ցավոք, միայն անհանգստացնում է։ Դու իրավացի ես, որ շատ երկրներ զենք են վաճառել Ալիեւին, բայց ուկրաինական, իսրայելական եւ բելառուսական բեռնատար ինքնաթիռները հիմա Բաքու են թռչում, եւ համարձակվում եմ ենթադրել, որ ճարպ, հումուս եւ կարտոֆիլ չեն տեղափոխում։

Գրում ես, որ հայկական ծագմամբ ուկրաինացիներ են զոհվել, բայց արդյոք սա կարո՞ղ է հուզել մի մարդու, որը ռազմական դաշինք է կնքել այնպիսի հրեշի հետ, ինչպիսին Էրդողանն է։ Ասում ես, թե ֆոսֆորը ռուսական կեղծիք է, բայց մի՞թե չգիտես, որ առաջնագծում գտնվող Արայիկ Հարությունյանը, որը տարածել է այդ «կեղծիքը», Պուտինին այնքան էլ նման չէ։ Ասում ես, թե չեմ անհանգստացել Դոնբասի համար, իսկ արդյոք դու անհանգստացե՞լ ես՝ ներկայացելով նրանց կողմը, որոնք այնտեղ խաղաղ բնակչության էին սպանում։ Բռնապետների հետ դաշինք կնքելով ու Յարոսլավ Իմաստունի շքանշան տալով՝ դու հստակեցրիր, թե ում կողմից ես, չնայած վստահ եմ՝ ուկրաինացիներն այդ կողմը չեն։

Ես կուզեի սխալվել իմ բոլոր փաստարկներում եւ կասկածներում։ Շատ կուզենայի սխալվել։ Եվ եթե ես սխալվում եմ, եւ եթե մի օր մենք կհանդիպենք, լինելով ստեղծագործող մարդիկ՝ ես կգրկեմ քեզ ու կասեմ. «Կներես ինձ, ես մոլորվել էի»։

Նյութերը՝ ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ

 

 

ՉԻ ԿԱՏԱՐԻ

Ուելսի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռայան Գիգզը հավաքականի առաջիկա հանդիպման ժամանակ չի կատարի ազգային ընտրանու գլխավոր մարզչի պարտականությունները: Ուելսի ֆուտբոլի ֆեդերացիան նման որոշում է ընդունել 46-ամյա մասնագետի հետ խորհրդակցելուց հետո: Հավաքականի գլխավոր մարզչի պարտականությունները կկատարի Գիգզի օգնականը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռայան Գիգզը ձերբակալվել է իր ընկերուհու վրա հարձակվելու համար: Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 1-ին, ինչից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար ֆուտբոլիստի ընկերուհի Քեյթ Գրեւիլն անձամ է դիմել ոստիկանություն: Նա ստացել է թեթեւ վնասվածքներ, սակայն բուժման կարիք չունի: 46-ամյա Գիգզին արդեն հարցաքննել են եւ ազատ արձակել գրավի դիմաց:

 

 

ՄԱՐԶԻՉԸ ՀԱՄԵՄԱՏԵԼ Է

Կիեւի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն համեմատել է կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսիին եւ Թուրինի «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին: «Մեսին չի փայլում իր ֆիզիկական տվյալներով, սակայն կարողանում է ճիշտ օգտագործել իր տաղանդը:  Ինչ վերաբերում է Ռոնալուին, ապա նա սիրում է գոլեր խփել, նա ֆիզիկապես ավելի ամուր ֆուտբոլիստ է, որին այդքան էլ պետք չէ թիմակիցների աջակցությունը, նա սիրում է ամեն ինչ ինքնուրույն անել»,- Լուչեսկուի խոսքը փոխանցում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Լուչեսկուի գլխավորությամբ «Դինամոն» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում նոյեմբերի 5-ին՝ Երեւանի ժամանակով 23:55-ին, կմրցի «Բարսելոնայի» հետ:

 

 

ԼԱՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի՝ «Ռենի» հետ սպասվող հանդիպման մասին: «Մենք լավ ենք տրամադրված եւ խաղադաշտ ենք դուրս գալու միայն հաղթելու նպատակով: Մրցակիցը բավականին կազմակերպված ֆուտբոլ է խաղում, սակայն մենք գիտենք, թե ինչ է պետք անել: «Չելսին» իր խմբում լավ արդյունքներ է գրանցել: Հուսով ենք, որ կկարողանանք հնարավորինս շուտ դուրս գալ փլեյ-օֆֆ»,- Լեմպարդի խոսքը փոխանցում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:




Լրահոս