«Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի այսօր։ Ապշած եմ տղաների խորագիտությունից։ Տղե՛րք, դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երեւանում՝ վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը». վարչապետ Փաշինյանի գիշերվա սոցցանցի այս հայտարարությունը րոպեներ անց փոթորկեց համացանցը։ Սոցիալական ցանցը հեղեղվեց պետական ու քաղաքական գործիչների, շարքային քաղաքացիների դատապարտող հայտարարություններով, թե երկրի ղեկավարը բանակի ներգրավմամբ քաղաքացիական պատերազմի կոչ է անում։
Սթափության կոչերից ու դատապարտող գրառումներից 15 ժամ անց Փաշինյանը օնլայն ասուլիսում մեկնաբանեց, թե ընդամենը ցանկանում է դահլիճային պայմաններում հանդիպել ու լսել առաջնագծի զինվորականների գնահատականները. «Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը։ Իհարկե, էստեղ բավականին կոշտ ձեւակերպում է, բայց հաշվի առնելով, որ նաեւ երեկ իմացանք, որ այս արտահայտությունը նաեւ պաշտոնական մարմիններ են օգտագործում իրենց հայտարարություններում, այո, էս ձեւակերպումը օգտագործել եմ։ Եվ սա ի՞նչ է նշանակում ընդհանրապես։ Սա նշանակում է, որ առաջնագծի զինվորների հետ վերադարձից հետո եւ նրանց հետ խոսակցության ընթացքում վերջնականորեն կմարեն բոլոր այն խոսակցությունները, որոնք շատ ակտիվ շրջանառության մեջ են դրվում, որոնք այն մասին են, թե Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ինչ-որ դավադրությունների մեջ է ներքաշված եղել եւ այլն, եւ այդպես շարունակ»։
Կեսգիշերին առաջին արձագանքողներից էր մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ այն համարելով գալ քաղաքացիական բախումների կոչ. «Վարչապետի գրառումը՝ կապված առաջնագծի զինվորներին ուղղված կոչի հետ, խիստ վտանգավոր է հատկապես այս պատասխանատու, գերզգայույն օրերին: Դրանով, ըստ էության, կոչ է արվում դուրս գալ քաղաքացիական բախումների: Այդ գրառումը հատկապես դատապարտելի է այն տեսանյութերի ֆոնին, որոնք վերջին օրերին պարբերաբար հրապարակվում էին զինվորական համազգեստով ու զինված անձանց կողմից եւ պարունակում էին ատելություն, բռնության կոչեր ու սպանությունների սպառնալիքներ: Ակնհայտ է, որ առաջնագծի զինվորները զինված են, ու այդ գրառումը ենթադրում է հենց այդ կոչերի ու սպառնալիքների իրականացում, հաշվեհարդար: Բոլորին կոչ եմ անում դրսեւորել զսպվածություն, իսկ իրավապահ մարմինները պարտավոր են գործել օրենքին խիստ համապատասխան, բացառապես իրավունքի գերակայության սահմաններում: Անհրաժեշտ է կանխել որեւէ տեսակի բախման կամ ինքնադատաստանի փորձ»:
Վարչապետին գրառումից հետո՝ վաղ առավոտյան, սթափության կոչ է արել հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։
Եվ մինչ տարբեր գործիչներ դատապարտում ու վտանգավոր սադրանք էին որակում վարչապետի խոսքը, այն տարածում էին նրա կինն ու Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։ Վերջինս ավելի ուշ իր էջից հեռացրել էր գրառումը։
ԱԱԾ ՍԱՀՄԱՆԱՊԱՀՆԵՐԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ
Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների առաջին իսկ պահերից Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն իր գործառույթների շրջանակներում կազմակերպել է օրենքով սահմանված եւ իրավիճակով պայմանավորված համապատասխան աշխատանքների իրագործումը: Պաշտոնական գործընթացներին զուգահեռ Ազգային անվտանգության մարմիններն ակտիվորեն ներգրավվել են նաեւ բուն ռազմական գործողություններին, եւ համակարգի բազմաթիվ ծառայողներ իրենց հերոսական մասնակցությունն են ունեցել հայրենիքի պաշտպանության վեհ գործին: Սեպտեմբերի 27-ից մեկնարկած մարտական գործողությունների ընթացքում հավերժ հերոսացել են ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի 46 զինծառայողներ, վիրավորվել են 191 հերոս հայորդիներ, քաջարի սահմանապահներից 2-ի գտնվելու վայրն այս պահին դեռեւս ճշտվում է: Հավերժ փառքի, գնահատանքի ու մեծարումի արժանի բոլոր ծառայակիցների ընտանիքները մշտապես գտնվելու են ազգային անվտանգության համակարգի ուշադրության կենտրոնում, եւ արվելու է առավելագույն հնարավորը՝ վերջիններիս աջակցելու եւ սատարելու հարցերում, որի ուղղությամբ ՀՀ ԱԱԾ ղեկավարության կողմից տրվել են համապատասխան հստակ հանձնարարականներ
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԿՈՉԸ
«Վերջին շրջանում տարբեր քրեական գործերով քրեական հետապնդման ենթարկվող, արդարադատությունից խուսափող, քրեական պատասխանատվության հեռանկար ունեցող առանձին անձինք եւ նրանց համախոհները, առաջնորդվելով «պղտոր ջրում ձուկ որսալու» սկզբունքով, տարատեսակ մանիպուլյատիվ, զգայական հայտարարություններով փորձում են ազդել իրավապահ մարմինների աշխատակիցների, այդ թվում՝ դատախազների գործունեության վրա եւ քաղաքական մոտիվներով ուղղորդել նրանց մասնագիտական պարտքի կատարման գործընթացում»,- ասված է ՀՀ դատախազության հայտարարության մեջ: «Հարկ ենք համարում ընդգծել, որ Դատախազությունը, ինչպես նաեւ իրավապահ մյուս մարմինները ապաքաղաքական համակարգեր են, որոնք գործում են՝ բացառապես հիմնվելով ՀՀ Սահմանադրության եւ օրենքների վրա, եւ այս իմաստով չունեն ոմանց՝ կրակից շագանակներ հանելու թաքնված ամբիցիաներին հագուդ տալու, դրանից բխող խրատներով առաջնորդվելու կարիք։ Հատկապես հայ ժողովրդի համար ներկայիս օրհասական օրերին դատախազությունը առավել, քան երբեւէ, գործում է իր ժողովրդի եւ պետության առջեւ ունեցած պատասխանատվության խորը գիտակցությամբ եւ իր իրավասությունների շրջանակներում գործադրելու է բոլոր ջանքերը մեր երկրի համար կենսական նշանակություն ունեցող ներքին կայունության, անվտանգության, իրավակարգի ապահովման դեմ ուղղված հանցավոր ցանկացած ոտնձգության հակազդելու համար՝ անկախ նրանց, թե նման սպառնալիքները որ կողմից, ինչ շրջանակներից կդրսեւորվեն եւ ի հայտ կբերվեն։ Կոչ ենք անում ձեռնպահ մնալ հասարակական գերզգայուն հոգեվիճակի եւ տրամադրությունների վրա սպեկուլյացիաներ անելու, իրավապահ համակարգը, մասնավորապես՝ դատախազությունը եւ դատախազներին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու, քաղաքական նպատակներից ածանցվող գործողությունների հակելու խիստ վտանգավոր, դատապարտելի եւ անհեռանկար գործելակերպից»,-ասված է հաղորդագրությունում:
ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՎԵԼ
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը ՀՀԿ նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի ձերբակալումը ճանաչել է ոչ իրավաչափ, կալանավորելու միջնորդությունն էլ՝ մերժել։ Նշենք, որ Բաղդասարյանի ձերբակալման իրավաչափության հարցը եւ կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը քննվում էր միասին։ Վահրամ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 35-300-րդ հոդվածի 1-ին մասի (Իշխանության յուրացման), 35-305-րդ հոդվածի (Պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) եւ 235-րդ հոդվածի (Ապօրինի զենք զինամթերք պահելու) հատկանիշներով։
ԱՐՁԱԿՈՒՐԴ՝ ԿԱՅՈՒՆԱՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել. «Հաշվի առնելով զինծառայողների ծնողների եւ ընտանիքի անդամների բազմաթիվ դիմումները՝ կապված պատերազմական գործողությունների մասնակիցներին հանգստի հնարավորություն ընձեռելու հետ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը պարզաբանում է. չնայած եռակողմ համաձայնագրի շրջանակում հաստատված հրադադարին՝ զինված ուժերի ստորաբաժանումները ողջ անձնակազմով շարունակում են կատարել իրենց առջեւ դրված խնդիրները։ Մարտական գործողություններ այլեւս չեն ընթանում, ինչը հնարավորություն է տալիս անձնակազմի հանգիստը կազմակերպել զորամասերի մշտական տեղակայման վայրերում, իսկ առողջական խնդիրներ ունեցող զինծառայողների բուժումն իրականացնել համապատասխան ընթացակարգով։
Պաշտպանության նախարարությունն անվերապահորեն բարձր է գնահատում հայոց բանակի մարտիկների անձնազոհությունն ու հերոսական պայքարը պատերազմի ողջ ընթացքում եւ գիտակցում է բարձրացված խնդրի կարեւորությունը։ Հավաստիացնում ենք, որ իրադրության լիարժեք կայունացումից հետո կարվի հնարավորը՝ մարտական գործողություններին մասնակցած զինծառայողներին արձակուրդ տրամադրելու հարցում։
Հավելենք, որ տվյալ պահին ակտիվ աշխատանքներ են ընթանում եռակողմ համաձայնագրի դրույթներով սահմանված եւ տարածքային լուծումներ ենթադրող քայլերի իրականացման հետեւանքով առաջացած՝ մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերը փոփոխելու եւ նոր տեղում անհրաժեշտ ենթակառուցվածքներ, այդ թվում նաեւ` անձնակազմի կեցության եւ ծառայության կազմակերպման համար հնարավորինս բարեկեցիկ պայմաններ ստեղծելու ուղղությամբ։ Աշխատանքները կիրականացվեն առավելագույնս սեղմ ժամկետներում»։