Երևանի ավագանու առաջիկա նիստը թեժ է լինելու․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դեկտեմբերի 22-ին տեղի է ունենալու Երեւանի ավագանու՝ այս տարվա վերջին նիստը, եւ ավագանու ընդդիմադիր անդամները հույս ունեն, որ գոնե այս անգամ նիստը կվարի քաղաքապետ Հայկ Մարությանը: Բանն այն է, որ քաղաքապետը երկար ժամանակ է, ինչ չի հաճախում աշխատանքի, նրա հետ մի քանի աշխատակիցներ շփվում են առցանց ձեւաչափով. մեծամասնության համար քաղաքապետն անհասանելի է ու անտեսանելի: Իսկ ավագանու առաջիկա նիստը իսկապես թեժ նիստ է լինելու. օրակարգում 23 հարց է լինելու: Արդեն հայտնել էինք, որ օրակարգի գլխավոր հարցերից մեկը լինելու է Երեւան քաղաքի բյուջեի նախագիծը` երկու տեսքով՝ պարգեւավճարներով եւ առանց դրա: Այսինքն` քաղաքապետն իր եւ աշխատակիցների պարգեւավճարներ ստանալու հարցը թողել է ավագանու որոշման: Մինչդեռ նախկինում ինչ ցանկացել, միանձնյա որոշել է` փաստի առաջ կանգնեցնելով «Իմ քայլի» թիմին:

Բացի բյուջեից, առանձին հարցով քննարկվելու է նաեւ մայրաքաղաքի զարգացման ծրագիրը: Թեժ քննարկում է սպասվում նաեւ Երեւանի փոխքաղաքապետի ընտրության հարցում, որը պետք է փոխարինի Տիգրան Վիրաբյանին: Որպես թեկնածու ներկայացվել է ավագանու անդամ Գայանե Մելքոմյանը, որն արդեն արժանացել է ընդդիմադիր խմբակցությունների անդամների քննադատություններին: Ընդդիմադիրները նշում են, թե որպես ավագանու անդամ՝ նա բանիմաց է, սակայն փոխքաղաքապետ լինել եւ այդքան մեծ ոլորտ կառավարել չի կարող»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս