ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իշխանությունները շատ լուրջ պատրաստվում են․ ինչ օրակարգ ունեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով` իշխանությունների համար օրակարգային գլխավոր հարցն այս պահին Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն են: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ իշխանությունները ոչ աշխատանքային օրերի ավարտից անմիջապես հետո լծվելու են «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու նախագծի վրա աշխատանքներին: Բանն այն է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հետ վերջին հանդիպման ժամանակ հայտարարել է, որ սկսվող տարում պետք է շատ լուրջ պատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ քաղաքական իշխանությունների կարծիքով, երբ առաջիկայում իրենք հայտարարեն խորհրդարանական ընտրությունների մասին, նույնիսկ այն քաղաքական ուժերը, որոնք հայտարարում են, թե այս իշխանությունների հետ չեն գնալու ընտրությունների, կմասնակցեն, քանի որ այն այս պահին միակ ճանապարհային քարտեզն է: Իսկ իշխանություններն էլ պատրաստվում են արտահերթ ընտրությունների օրը հայտարարել միայն այն ժամանակ, երբ արդեն պատրաստ կլինի իրենց «սրտի» ընտրական օրենսգիրքը: Մինչեւ այդ էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փակ հանդիպումներ է ունեցել տարբեր քաղաքական ուժերի հետ, որոնք կարելի է ասել վարչապետին հայտնել են, թե իրենք ընտրությունների կմասնակցեն միայն այն ժամանակ, երբ վերջինս հրաժարական կներկայացնի: Իսկ իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանն այս պահին նման որեւէ մտադրություն չունի:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ մինչեւ հունվարի 8-ը իշխանության ներկայացուցիչները որեւէ օրակարգ, հանդիպումների պլան չունեն: Տեղեկություններ են շրջանառվում, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում պատրաստվում է Մոսկվա մեկնել, սակայն վերջինիս մամուլի խոսնակ Մանե Գուորգյանը մեր հաղորդագրությունները, թե որքանով է իրական այդ տեղեկությունը, ում հետ է վարչապետը հանդիպելու, ինչ օրակարգով, թողեց անպատասխան:

Սոնա Գրիգորյան




Լրահոս