ԱԹԱԲԵԿՅԱՆԸ ՌՈՒԲԻՆՅԱՆԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼԻՍ ՉՍՐԵԼ ԻՐԱՎԻՃԱԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս հունվարի 9-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը հայտարարել էր, թե խմբակցությունը մինչեւ օրս լքել են Վարդան Աթաբեկյանը, Գոռ Գեւորգյանը, Թագուհի Թովմասյանը, Աննա Գրիգորյանը, Սոֆյա Հովսեփյանը: «Կարեւորելով պատգամավորի՝ ընտրողների հանդեպ հաշվետու լինելու անհրաժեշտությունը, կարծում եմ՝ տվյալ անձինք, որոնք պատգամավորական մանդատ են ստացել «Իմ քայլը» դաշինքին քվեարկած քաղաքացիների քվեի հիմքով, պիտի առնվազն բացատրեն, թե ում եւ ինչ մանդատով են շարունակում լինել պատգամավոր՝ ոչ թե փաստաթղթային, այլ քաղաքական համատեքստում։ Ինքս զերծ եմ մնում նշյալ պատգամավորների քայլերի որակումներից՝ գնահատումը թողնելով «Իմ քայլը» դաշինքին քվե տված քաղաքացիներին»։

 

Այս հարցերի շուրջ ArmLur.am-ը զրուցել է Աժ անկախ պատգամավոր Վարդան Աթաբեկյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ կարծիք ունի Ռուբինյանի հայտարարության վերաբերյալ:

-Պարո՛ն Աթաբեկյան, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ պետք է բացատրեք, թե ինչպես եք շարունակելու մանդատ ունենալ՝ չլինելով որեւէ խմբակցությունում: Այսինքն՝ ըստ Ռուբինյանի՝ անհատը չի կարող պատգամավոր լինել: Ի՞նչ դիրքորոշում ունեք Դուք Ռուբինյանի հայտարարության վերաբերյալ:

-Փաստորեն անհատ գոյություն չունի՞: Եթե, ինչպես իրենք են ասում, անհատ գոյություն չունի, լավ կլինի այդ թեմաներում չխառնվեն: Եթե, իրենց ասելով, Նիկոլ Փաշինյանի շնորհիվ եմ մանդատ ստացել, երեւի տեսել եք իմ դուրս գալու պատճառները, անձամբ ես չեմ թշնամացել: Նիկոլ Փաշինյանը թող ինձ կանչի եւ այդ հարցը ուղղի, որովհետեւ եթե ինքն է ինձ մանդատ տվել, թող ինքն էլ հարցը ուղղի: Եթե հարց չի ուղղել, իրենք ինչո՞ւ են փաստաբանի դեր ստանձնում, կողմնակի միջամտություններ անում: Դա ինձ համար տարօրինակ է, հատկապես որ իրենց միջամտությամբ ֆիքսում են, որ պատգամավորն անհատ չէ. մանդատ ստացել է ինչ-որ մեկի շնորհիվ: Եթե իրենք ինչ-որ մեկի շնորհիվ են ստացել, ապա թող լռեն, որովհետեւ այն, ում շնորհիվ ես մանդատ եմ ստացել,  այդ մարդը կարող է ինձ նման հարց տա, բայց ոչ իրենք:

-Պարո՛ն Աթաբեկյան, իսկ Ձեր՝ խմբակցությունից դուրս գալուց հետո որեւէ մեկի հետ զրույց ունեցե՞լ  եք այդ հարցի հետ կապված, օրինակ՝ Լիլիթ Մակունցի, խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի կամ Ռուբեն Ռուբինյանի: Երբեւիցէ Ձեզ հետ քննարակե՞լ են, թե ինչու լքեցիք խմբակցությունը:

-Դուք տեսաք, որ իրենք, քաղաքակիթ եղանակը թողած, այլ տարբերակի դիմեցին: Ու նրանից հետո վառեցին այն տարբերակը, որ կարելի է քաղաքակիրթ ձեւով նստել, խոսել: Համենայնդեպս, ներսում մարդիկ կան, որոնց հետ մտերիմ հարաբերություններ են եղել, իրենց հետ քննարկվել, խոսվել է պատճառների մասին, բայց Ձեր նշած տարբերակով՝ չէ: Թիմում մարդիկ կան, որ պատճառների մասին գիտեն:

-Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է հենց Ռուբեն Ռուբինյանն անհանգստացած: Ինչո՞ւ է այս հարցի հետ կապված հենց ինքը բարձրաձայնումներ անում, ներկայացնում իր դիրքորոշումը, որ չպետք էր դուրս գալ խմբակցությունից, այլ  պետք էր մանդատը վայր դնել:

-Եթե Դուք հարցնում եք, թե  ինչու հենց Ռուբինյանը, իմ մոտ էլ հարց է առաջանում՝ ինչու է երկու ամիս հետո խոսում: Եթե հարց ունեիք, հարց տայիք, այն ժամանակ պատասխանեի: Երկու ամիս հետո ինչո՞ւ որոշեցիք այդ հարցին անդրադառնալ: Եթե մարդը թիմից դուրս է եկել ու եթե ձեզ հարված չի հասցրել, ապա ինչո՞ւ եք սրում իրավիճակը: Այ թող թիմը հավաքվի ու Ռուբինյանին այդ հարցը տա: Իսկ Ռուբինյանին ինչ պատասխան տրվել է, ինձ թվում է, դա իրեն բավարար է:

-Նաեւ տեղեկություններ կան, որ Ռուբինյանի այս պահվածքը կապված է այն բանի հետ, որ այսպիսի ճնշումների միջոցով, այսպիսի խոսակցություններով փորձում են կանխել պատգամավորների՝ խմբակցությունից դուրս գալու հնարավոր դեպքերը, քանի որ տեղեկություններ կան, որ առաջիկայում նորից կլինեն պատգամավորներ, որոնք դուրս կգան խմբակցությունից: Ըստ Ձեզ՝ այդյոք սա ճնշման միջո՞ց է, որով կկարողանան կանխել:

-Ռուբինյանին ճանաչելով՝ չեմ կարծում, որ նա նման տրամաբանական հետեւանքային քայլերով գործողություններ է անում: Երեւի մտքով անցել է, որոշել է նման քայլ անի: Բայց թե ինչ խնդիր է  դրանով լուծում, չեմ կարող ասել: Հավանաբար կողքից կհուշեն նրան, որ խնդիր չի լուծում, այլ ավելի է սրում իրավիճակը: Խմբակցությունից դուրս եկող պատգամավորները շատ խոհեմ են գտնվել, ոչ  մի ավելորդություն թույլ չեն տվել: Չեմ հասկանում՝ մեկը չկա՞, որ Ռուբինյանին խորհուրդ տա, որ՝ տղա՛ ջան, մի՛ սրիր իրավիճակը: Եթե մարդիկ թիմի հեռանում են ու ոչ մի հարված թիմին չեն հասցնում, ինչո՞ւ եք իրավիճակը սրում:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՑ

Պատերազմի ընթացքում զոհված զինվորների հարազատները երեկ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում էին եւ պահանջում էին պարզաբանումներ տալ, թե ինչ հանգամանքներում են զոհվել իրենց որդիները, ինչու մինչ օրս հրամանատարական կազմից որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել։

 

«Մենք նոյեմբերի 2-ից տվել ենք հայտարարություն հանցագործությունների մասին, որը վերաբերում էր ղեկավար մասին։ Այսինքն՝ բարձրաստիճան պաշտոնյաներ կան, գեներալներ կան, վաշտի հրամանատարներ կան, գումարտակի հրամանատարներ կան, որոնք պետք է ենթարկվեն պատասխանատվության, մարդիկ կան, որ պետք է քննվեն, մինչեւ այսօր հարցաքննությունները, այստեղ ասում են, որ Ղարաբաղում են անցկացրել, իրենց չեն բերել Հայաստան, այնտեղ էլ քննչական մարմիններ կան։ Բայց հանգամանքները դեռ բավարար չեն, մեր հարցի լուծումը հստակ մնացել է օդում կախված», – ասել է բողոքողներից Գարիկ Մխիթարյանը։ Նրա որդին՝ շարքային Մխիթարը, զոհվել է հոկտեմբերի 6-ին։ Հոր խոսքով՝ եթե նկատեն, որ գործընթացը դանդաղում է, սայլը տեղից չի շարժվում, ապա պատրաստվում են ակցիաներ կազմակերպել. «Մեր պահանջը նա է, որ, որպես ծնող, մենք պետք է գնանք տվյալներ հավաքենք, բերենք տանք Քննչական կոմիտեին, այլ Քննչական կոմիտեին մենք զինվոր ենք տվել, չէ՞։ Զորամասից պետք ի իրենք հարցում կատարեն, չէ՞, տվյալ զորամասի զինվորների քանակությունը, ինչքան կան, ինչքանն են, որ վիրավորվել են, ինչքանը գերության մեջ ունենք… Այսօր ոչ մի տեղ ոչ մի փաստ չի նշվում։ Հրամաններով տարել են երեխաներին սխալ ուղղություններով, սխալ հրամանների արդյունքում ունեցել ենք մեծ քանակով զոհեր. համարյա 40-50 տոկոսը զինվորների զոհված են կամ վիրավոր»։

Այնտեղ էին նաեւ անհետ կորած զինվորների հարազատները։ Նրանցից մեկն իր որդուց արդեն 3 ամիս լուր չունի։ Վերջին տեղեկությունը եղել է այն, որ որդին վիրավոր է, սակայն, թե որտեղ է, ինչ վիճակում է, պատկան մարմիններից լռում են. «Էստեղ մենք էկել ենք, որ իմանանք, թե ինչի համար մինչեւ հիմա, երեք ամիս անցել ա, մենք ոչ մի տեղեկություն չունենք, ու ոչ մի պատկան մարմիններ չեն ուզում զբաղվել մեր էրեխեքի գործով»։

 

 

 

ԿՐԿԻՆ ԹԱՆԿԱՑԵԼ Է

Հայաստանում բենզինի գինը դարձյալ բարձրացել է, այս անգամ՝ արդեն 20 դրամով։ Արդեն մի քանի օր է՝ հայաստանյան բենզալցակայաններում ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 370 դրամով, իսկ, ահա, պրեմիում տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 390 դրամով։ Բենզինի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող տնտեսվարողների խոսքերով՝ թանկացման պատճառը դոլարի փոխարժեքի բարձրացումն է, որը ազդեցություն է ունեցել ներմուծվող ապրանքների գների վրա:

«Ժողովուրդ» օրաթերթը, բենզինի գնի բարձրացման հետ կապված, դիմեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով, որտեղից փոխանցեցին, որ բենզինի շուկան իրենց ուշադրության կենտրոնում է, եւ այնտեղ մոնիտորինգ են անում։ Ապա նշեցին, որ արդյունքների մասին կտեղեկացնեն առաջիկայում: Օրինակ՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում, որի անդամ է հանդիսանում նաեւ Հայաստանը, բենզինը վաճառվում է գնային տարբերությամբ: Բելառուսում բենզինի մեկ լիտրի միջին գինը, հունվարի 4-ի տվյալներով, կազմել է մոտ 369 դրամ, Ռուսաստանում՝ մոտ 332 դրամ, Ղրղզստանում բենզինի միջին գինը կազմել է մոտ 242 դրամ, Ղազախստանում բենզինի մեկ լիտրի միջին գինը կազմում է միջինը 211 դրամ:

Նշենք, որ Հայաստանը հնարավորություն ունի Ղազախստանից մեծ քանակությամբ եւ մատչելի գներով բենզին ներկրել, քանի որ ղազախական կողմն արդեն մի քանի ամիս է, ինչ զրոյացրել է նավթամթերքի արտահանման տուրքերը։ Հայաստանի հանրությունը հույս ուներ, որ բենզինի գինն այս ամենի արդյունքում զգալի կնվազի, բայց ինչպես տեսնում եք, Հայաստանում բենզինի գինը ոչ թե նվազում է, այլ բարձրանում։

 

 

 

ԱՌԱՆՑ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ

ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը հուսով է, որ Ռուսաստանը կկարողանա օգնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործում, միեւնույն ժամանակ նա նշել է, որ այստեղ գլխավոր դերը մնում է Հայաստանին եւ Ադրբեջանին, անհրաժեշտ է լուծում գտնել՝ երկու կողմերի շահերից ելնելով, «առանց հաղթողների եւ պարտվողների»:

«Ինչ վերաբերում է Ղարաբաղին … շատ դժվար հարց է՝ հին, արմատացած անցյալում: Երբ այն սրվել էր, մենք փորձում էինք օգնել երկու հանրապետությունների, երկու ժողովուրդների համար լուծում գտնել: Եվ հետո Ռուսաստանն էր փորձում»,- ria.ru-ին տված հարցազրույցում ասել է Գորբաչովը, որը երկիրը ղեկավարում էր 1980-ականների վերջին ղարաբաղյան հակամարտության սրման ժամանակ: Խորհրդային Միության նախկին ղեկավարը վստահ է, որ այժմ, երբ ռազմական գործողություններն դադարեցվել են, կարեւոր է կանգ չառնել դրա վրա եւ խնդիրը չլուծված թողնել եւս մի քանի տասնամյակ: «Հուսով եմ, որ Ռուսաստանը կկարողանա օգնել, բայց հիմնական դերը հակամարտության կողմերինն է: Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորվել են բանակցություններ վարել դրա կարգավորման շուրջ: Որոշումը պետք է բխի երկու կողմերի շահերից ՝ առանց հաղթողների եւ պարտվողների»,- նշել է Գորբաչովը:

 

 




Լրահոս