ՆՈՐ ՆԱԽԱՐԱՐԻ ՈՒ ԱՄՈՒՍՆՈՒ ԲԻԶՆԵՍԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նոր նախարարի թեկնածու է առաջարկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Այսպիսով, առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը նշանակվեց նախարար՝ այդ պաշտոնում փոխարինելով Արսեն Թորոսյանին, որն էլ զբաղեցրեց կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Իսկ ո՞վ է Անահիտ Ավանեսյանը. Բազմիցս հրապարակվել է, որ նա Արսեն Թորոսյանի մտերիմ ընկերոջ կինն է, մասնագիտությամբ՝ իրավաբան, քաղաքացիական իրավունքի մասնագետ: Նա ոչ միայն բժշկական կրթություն չունի, այլ անգամ առողջապահական կազմակերպչի վերապատրաստում չի անցել: Ավանեսյանի ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանը, ու Արսեն Թորոսյանը ոչ միայն ընկերներ են, այլեւ ունեն բիզնես շահեր։

 

Անահիտ Ավանեսյանի ամուսնուն պատկանող «Արմֆարմացիա» ընկերությունը վերջին տարիներին կնքել է 240 պայմանագիր 44 պետական կառույցի հետ, ընդհանուր՝ մոտ 606,7 մլն դրամ արժողությամբ, որի կեսից ավելին՝ 137 պայմանագիրը՝ արդեն Ավանեսյանի՝ փոխնախարար եղած ժամանակ։ 209,5 մլն ՀՀ դրամի պայմանագրեր ունի տարբեր պետական կառույցների, այդ թվում՝ Առողջապահության նախարարության եւ նրա ենթակայության տակ գտնվող կառույցների հետ։ Պայմանագրերի մոտ 43%-ը (262 մլն դրամ) կնքվել է Առողջապահության նախարարության հետ։ Ինքը՝ Ավանեսյանը, մինչ նախարար նշանակվելը եղել է նույն «Արմֆարմացիայի» ղեկավարը: Այսինքն՝ ակնհայտորեն այսօրվա նախարարը իր փոխնախարարի կարգավիճակը եւ ամուսնու ընկերոջ հնարավորությունները օգտագործել է, որպեսզի ընտանեկան բիզնեսները զարգացնի:

ArmLur.am-ը փորձեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանից պարզել՝ արդյոք նորանշանակ նախարարի ամուսնու ունեցվածքի մասին հրապարակումները կարող են դառնալ ուսումնասիրման առարկա, սակայն հանձնժողովի նախագահն ասաց, թե նախարարը նոր է նշանակվել եւ չի հանդիսանում պաշտոնատար անձ, դեռեւս հանձնաժողով չի ներկայացրել իր հայտարարագիրը արդեն որպես նախարարի:

Սակայն նկատենք, որ Անահիտ Ավանեսյանը մինչ նախարար դառնալը փոխնախարար էր եւ այդ կարգավիճակում հայտարարագիր ներկայացրել է, որում եւս հետաքրքիր փաստեր կան: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում հրապարակված հայտարարագրի համաձայն՝ Անահիտ Ավանեսյանն ունի բնակարան Արաբկիր վարչական շրջանում, այգետնակ՝ Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղում, եւ բնակելի տարածք՝ կրկին Արաբկիր վարչական շրջանում:

Որպես եկամուտ Անահիտ Ավանեսյանը մեկ տարվա համար հայտարարագրել է 12 մլն դրամ՝ որպես աշխատավարձ, եւ եւս 11 մլն դրամ՝ որպես շահաբաժին «Աբովյան 39» ՍՊԸ-ից: Հայտարարագրի համաձայն՝ նա հանդիսանում է այդ ՍՊԸ-ի 50 տոկոսի բաժնետերը: Այդ ընկերությունը զբաղվում է անշարժ գույքի վարձակալությամբ։ Իսկ այժմ «Արֆարմացիան» ՓԲԸ-ի մասին. այն դեղագործական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1997թ.ին եւ հոգեմետ դեղերի խոշոր ներմուծող է։ Ընկերությունը պարբերաբար հաղթել է եւ մինչ օրս էլ հաղթում է գնումների մրցույթում` մատակարարելով դեղորայք եւ բժշկական պարագաներ մի շարք պետական կառույցների: Գնորդների ցանկում են տարբեր բժշկական կենտրոններ, Արդարադատության նախարարությունը, Ոստիկանությունը, վերջին պայմանագիրը կնքվել է Ազգային անվտանգության ծառայության հետ. մատակարարվել է 318 հազար դրամի դեղորայք։ Հետաքրքիր է՝ կոռուպցիան, շահերի բախումը, պետական լծակները սեփական բիզնեսին ծառայեցնելը էլ ինչպե՞ս պետք է դրսեւորվի:

Ն. Հ.

 

 

 

ՄԻԱՎՈՐ ԿՀԱՆՎԻ՝ ԾԽԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

ՀՀ Ազգային ժողովը քննարկել է կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ընթացքի ժամանակ ծխելու համար ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների եւ տաքսիների վարորդների նկատմամբ կիրառել 1, իսկ անձնական տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ՝ 0,5 տուգանային միավոր:  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը: «Առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո, ԱԺ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանի առաջարկով, նախագծում կատարվել է փոփոխություն՝ անձնական տրանսպորտային միջոցի վարորդի կողմից վարելու ընթացքի ժամանակ ծխախոտային արտադրանք կամ դրա փոխարինիչ օգտագործելու համար 1 բալի փոխարեն տուգանել 0.5 միավոր` հաշվի առնելով նշված արարքի առավել նվազ վտանգավորությունը հասարակական տրանսպորտի վարորդների կողմից նույն արարքը կատարելու համեմատությամբ»,- ասել է Ա. Ֆիդանյանը:

Օրենքի նախագծով նախատեսվում է համապատասխան հոդվածների սանկցիաներում լրացնել նաեւ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից այդ արարքը կատարելու համար պատասխանատվությունը վրա հասնելու պահանջ: Այսինքն՝ այն խախտումները, որոնց համար որպես վարչական տույժ նախատեսված է միայն վարելու իրավունքից զրկում, ապա վարելու իրավունք չունեցող անձի կողմից կատարելու դեպքում կսահմանվի տուգանքի ձեւով վարչական պատասխանատվություն: Օրենսգրքում նախատեսվում է հստակ ամրագրել, որ մինչեւ 2022 թվականի հուլիսի 1-ը տուգանային միավորը որպես վարչական տույժ կիրառվելու է միայն տեսանկարահանող եւ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների համար:

 

 

 

ԴԵՍՊԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է

ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳՆ տնտեսական դիվանագիտության հարցերով նախարարի տեղակալ Սեյեդ Ռասուլ Մոհաջերին: ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների ներկա վիճակը: Մասնավորապես, անդրադարձ է եղել ենթակառուցվածքային ծրագրերին, առեւտրին եւ ներդրումների ոլորտին առնչվող խնդիրներին: Կողմերը քննարկել են արցախյան պատերազմից հետո ստեղծված իրողությունների պայմաններում երկկողմ եւ բազմակողմ տնտեսական հարաբերությունների զարգացման նոր միտումները, մարտահրավերներն ու հնարավորությունները:

 

 

 

ԲՅՈՒՋԵԻՑ 700 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ՝ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ

Հունվարի 30-ին  Իջեւան քաղաքում՝  Տավուշի մարզպետարանի դահլիճում, նախատեսված է  հայոց բանակի կազմավորման 29-ամյա տարեդարձին նվիրված մշակութային միջոցառում։  Տավուշի մարզպետարանը հայտարարել է, որ այդ   միջոցառումը   նպատակ ունի բարձրացնել հայկական բանակի եւ զինված ուժերի դերը հասարակության աչքերում, խթանել հայ երիտասարդի եւ պատանու ռազմահայրենասիրական դաստիարակության գործընթացը, արժեւորել հայ բանակայինի ուրույն դերը հասարակության տարբեր խավերում: Տավուշի մարզպետարանաի «Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի շրջանակներում իրականացվելիք միջոցառումն անցկացնելու համար մարզպետարանը հայարարարել է  մրցույթ, որին կարող են մասնակցել ՊՈԱԿ-ներ, ՀՈԱԿ-ներ, ՀԿ-ներ: Հայոց բանակի տարեդարձին նվիրված  մշակութային  ծրագրի արժեքը 700 հազար դրամ է (ներառյալ ԱԱՀ-ն)։

Մրցույթի արդյունքում մարզպետարանը կընտրի այն ծրագիրը, որը   բովանդակային առումով լավագույնը կճանաչի։ Տավուշի մարզկենտրոն Իջեւանի համայնքապետարանն ունի մշակութային մի քանի հիմնարկներ, մարզի համայնքները՝ մշակութային կենտրոններ, մարզի տարածքում տեղակայված զորամասերում կան շնորհալի երաժիշտներ եւ երգիչներ,  որոնց  կարողությունները կարելի էր օգտագործել հայկական բանակի օրվան նվիրված միջոցառում կազմակերպելու համար, իսկ պետական բյուջեի 700 հազար դրամն ուղղել մարզի հաշմանդամ ազատամարտիկների, սոցիալապես անապահով խավերի ներկայացուցիչներին ֆինանսապես օգնելուն։

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը նախկինում  իր հայտարարություններում նշել է, որ մեր հերոսները գործարարներն են, որոնք ներդրում են կատարում, աշխատատեղեր ստեղծում  Տավուշի մարզում։ Դա տարակուսանք է առաջացրել Տավուշի մարզի բնակիչների շրջանում, որի շուրջ 350 կմ սահմանները պաշտպանելիս վերջին 30 տարում զոհվել, հերոսացել են հարյուրավոր ազատամարտիկներ: Անցած տարվա աշնանը՝ Արցախում տեղի ունեցած  պատերազմի ամենաթունդ շրջանում՝ 2020թ?հոկտեմբերի 29-ին,   մարզպետ Հայկ  Չոբանյանը զբազված էր 10 միլիոն  ծառ տնկելու նախաձեռնության շրջանակում  Դիլիջան համայնքի մաս կազմող Հովք գյուղում շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ա. Մազմանյանի  եւ  «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Պ. Ցուգունյանի հետ ծառատունկ  անելով։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս