ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը պետք է շարունակվի, նրանք կարևոր ներդրում են ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մշակման գործում, որոնցից շատերն արտացոլվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ: Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:
«Սա վերաբերում է նաև Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանների Ադրբեջան վերադարձին, փախստականների վերադարձին, Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միջանցքի պահպանմանը, անվտանգությանը, խաղաղապահ գործողություններին, տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը:
Առաջվա պես պահանջված է մնում համապարփակ քաղաքական կարգավորման հասնելու խնդիրը, որը ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի (1994 թվական) որոշումներով դրված է Մինսկի խմբի համանախագահության վրա: Եռյակը միջազգային ուժեղ աջակցություն ունի և կարող է օգտակար լինել հետագա քայլերի, այդ թվում՝ կարգավիճակի վերաբերյալ հարցերի, փոխընդունելի մոտեցումների մշակման համար: Բայց զգուշավոր, առանց շտապելու, երբ ժամանակը գա:
Այժմ ԵԱՀԿ Մինսկի խումբը և նրա համանախագահները կարող են ակտիվություն դրսևորել հայերի և ադրբեջանցիների միջև վստահություն ստեղծող քայլեր ձեռնարկելու գործում: Երկխոսության զարգացումը քաղաքացիական հասարակության շրջանակներում կնպաստի տարածաշրջանում իրավիճակի ընդհանուր բարելավմանը և քաղաքական ուղու վրա հետագա քայլերի նախադրյալների ստեղծմանը»,-նշել է Ռուդենկոն:
Պատասխանելով հարցին այն մասին, թե արդյոք Ռուսաստանը չի զգուշանում Թուրքիայի ներկայությունից Անդրկովկասում, փոխարտգործնախարարը նշել է, որ Մոսկվան ելնում է այն փաստից, որ «տարածաշրջանում ռազմական գծով Անկարայի հետ ռուսական կողմի փոխգործակցությունը կառուցվում է Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի շրջանակներում, որը հունվարի 30-ից գործում է Աղդամում»,-ասել է Ռուդենկոն: