Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 11-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված ոռոգման ծրագրերի քննարկմանը:
Երկրի ղեկավարը նշել է, որ հետպատերազմյան իրավիճակի հաղթահարմանն ուղղված սոցիալական ծրագրերին զուգահեռ պետք է մեծ թափով սկսել կյանքի կոչել տնտեսական մի շարք նախագծեր:
«Ճգնաժամային իրավիճակի արագ հաղթահարման համար կառավարությունը ենթակառուցվածքների վերականգնման և սոցիալական ծրագրերի իրականացման ուղղությամբ բավարար ջանքեր է գործադրում: Սակայն ժամանակն է նաև զուգահեռաբար քայլեր ձեռնարկել տնտեսության զարգացման ուղղությամբ: Այդ համատեքստում գյուղատնտեսությունը շարունակելու է գերիշխող մնալ մեր տնտեսական քաղաքականության մեջ, և հողատարածքների ոռոգման նպատակով առաջիկա ամիսներին կմեկնարկեն մեծածավալ ծրագրեր»,- ասել է նախագահը:
Խորհրդակցության ընթացքում Նախագահին է ներկայացվել Կարկառ գետի գլխավոր հանգույցի կառուցման նախագիծը: Ըստ նախատեսվածի՝ ծրագրի շահագործման արդյունքում Ասկերանի շրջանի վերին և ներքին ենթաշրջաններում ինքնահոս և մեխանիկական եղանակով ոռոգովի կդառնա ավելի քան երկու հազար հեկտար հողատարածք: Լսելով մասնագետների և ծրագրի պատասխանատուների կարծիքները՝ Հանրապետության նախագահը հավանություն է տվել նախագծին և հանձնարարել մեկնարկային աշխատանքները սկսել ողջամիտ ժամկետներում:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև Հանրապետության այլ հատվածներում նախատեսվող ոռոգման ծրագրերին առնչվող հարցեր: Մասնավորապես, ընդգծվել է Հիլիսի ջրամբարի կառուցման, Մարտունու շրջանի Բերդաշենի ենթաշրջանի և Մարտակերտի շրջանի ցածրադիր հողատարածքների ոռոգման ծրագրերի աշխատանքները սեղմ ժամկետներում սկսելու կարևորությունը: