ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՄԱՅԹԸ ՎԱՐՁՈՎ Է ՏՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի Տիգրան Մեծ փողոցում՝ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմաց՝ Կենտրոն դատարանի կողքին՝ հենց մայթի վրա, առեւտրի տաղավարներ են կառուցվում: Մայթը, որ կոչված է ծառայելու անցորդներին, վերջին օրերին վերածվել է շինհրապարակի։

 

Այս մասին ArmLur.am-ը չի դադարում դժգոհություններ ստանալ քաղաքացիներից: Անցորդների սեփականություն հանդիսացող մայթը Երեւանի քաղաքապետարանը վարձով տվել է ինչ-որ ընկերության կոմերցիոն նպատակներով, այսինքն՝ առեւտուր, բիզնես անելու նպատակով՝ հուշանվերների անվան տակ։

Թեեւ փնթի շինհրապարակի թիկունքում է գտնվում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, այնուամենայնիվ, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ քաղաքապետարանն այս տարածքը վարձով տալուց առաջ չի լսել անգամ եկեղեցու կարծիքը:

ArmLur.am-ը քաղաքացիների ահազանգի հետքերով գնաց նոր կառուցվող տաղավարի տարածք եւ պարզեց, որ շինարարությունն իրականացնում է նորաբաց մի ընկերություն՝ «Միրաժ 2020» անունով, որը 5 տարի վարձակալության իրավունք է ստացել եւ պարտավորվել 30 մլն դրամի չափով ներդրում անել՝ ուղղված Երեւանի զարգացմանը կամ Օղակաձեւ զբոսայգու բարեկարգմանը։ Թե որտեղ է ծախսվելու այդ 30 մլն դրամը, դժվար է ասել, համենայնդեպս, շինհրապարակում դեռ հազիվ մի 3 մլն դրամի ծախս է նկատվում։

Նկատվում է, որ Երեւանի կենտրոնում առկա շինհրապարակի մոտ աղբանոց է, որի վրա աչք է փակում Երեւանի քաղաքապետարանը։ Ինչո՞ւ։ Համառորեն լուրեր են շրջանառվում այն մասին, որ այս նախագծի թիկունքում կանգնած են Երեւանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը եւ քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկումների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը:

Մենք փորձեցինք կապ հաստատել Սերգեյ Հարությունյանի հետ, բայց զանգին պատասխանեց նրա քարտուղարուհին, վերցրեց մեր հեռախոսահամարը, խոստացավ, որ կփոխանցի Հարությունյանին, բայց այդպես էլ չզանգահարեցին։

Իսկ, ահա, Հովիկ Սաֆարյանի խոսքով՝ դա կառուցվում է ոչ թե իրենց նախաձեռնությամբ, այլ առեւտրականների բողոք-խնդրանքների արդյունքում:

ArmLur.am-ի հարցին՝ արդյոք եկեղեցու կարծիքը քաղաքապետարանը լսել է մինչեւ մայթը վարձով տալը, Սաֆարյանն ասաց. «Եկեղեցու համաձայնություն օրենքով չի պահանջվում, քանի որ այն եկեղեցապատկան հողամաս չէ: Ինչ վերաբերում է եկեղեցու տեսքը խաթարվելու հարցին, ճարտարապետները համապատասխան ուսումնասիրություն կատարել են եւ էսքիզը հաստատել են այնպիսի տեսքով, որ եկեղեցու ճարտարապետական տեսքի հետ համահունչ լինի»:

Մեր զրուցակցից տեղեկացանք նաեւ, որ մրցույթը չի անցկացվել առեւտրի վարչության կողմից, անգամ նշված վարչությունը մրցույթային հանձնաժողովի կազմում ընդգրկված չի եղել. «Գոյություն ունի առանձին մրցույթային հանձնաժողով, որի մեջ ընդգրկված են եղել ավագանու անդամներ եւ այլ ստորաբաժանումներ, որոնք հավանություն են տվել, եւ իրենց տված եզրակացության հիման վրա է վարձակալության տրվել տվյալ տարածքը: Բավականին լայն մայթ է. եթե նկատել եք, միշտ առեւտուր է եղել, եղել է ծաղկի ստենդ, այդտեղով մարդիկ չեն քայլել, զուգարաններ են տեղադրվել, այդտեղ անցուդարձի խնդիր չի եղել»:

Իսկ իրավաբանորեն «Միրաժ 2020» ընկերության տնօրեն Հովհաննես Երանոսյանը ArmLur.am-ի հետ հեռախոսազրույցում նշեց. «Մայթի հաշվին քաղաքում գյուղատնտեսական շուկա է ստեղծվում, հիմա մեկ քաղաքացու դա վնաս է, կարող է հարյուր քաղաքացու համար լավ լինի»:

Ամեն դեպքում, արձանագրենք, որ Երեւանի կենտրոնում այսպիսի փնթի վիճակ ունենալու լիազորություն երեւանցին չի տվել քաղաքապետ Հայկ Մարությանին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

5 ՏԱՐՈՒՄ ԱՎԱՐՏԵԼ Է ՔՈԼԵՋԸ

Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային, պաշտոնական կայքում հրապարակվել է   վարչապետ Ն. Փաշինյանի՝  2021թ. փետրվարի 26-ի որոշմամբ  Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված Դավիթ Սարգսյանի կենսագրությունը։ Այնտեղ  նշված է, որ 1984թ. ծնված  Դավիթ Սարգսյանը  2000թ. ավարտել է Հաղարծնի միջնակարգ  դպրոցը, 2002-2004թթ. անցել է զինվորական ծառայություն ՀՀ  զինված ուժերում, 2001-2006թթ. սովորել է Դիլիջանի պետական քոլեջում, ավարտելով այն՝ ստացել է տնտեսագետի եւ  հաշվապահական  հաշվառման մասնագետի որակավորում, հեռակա կարգով սովորում է ԵՊՀ-ի տնտեսագիտական ֆակուլտետում:

Միջնակարգ կրթության հենքի վրա քոլեջում ուսումնառությունը մեկ տարի, 10 ամիս է, Դավիթ Սարգսյանը 2001-2006թթ. եղել է Դիլիջանի պետական քոլեջի ուսանող։ 2001-2006թթ. 5 տարիներից 2-ը Դ. Սարգսյանը ծառայել է ՀՀ զինված ուժերում. ստացվում է, որ քոլեջն ավարտել է առնվազն 3 տարում։  Դավիթ Սարգսյանի կենսագրության մեջ նշված է, որ  նա 2016թ. ընտրվել է խոշոր Դիլիջան համայնքի ավագանու անդամ։  Նա  անկուսակցական է։ Հայտնի է, որ նա Նիկոլ Փաշինյանի եղբորորդի, Տավուշի մարզից ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանի մտերիմ ընկերն է, եւ հենց դրանով է պայմանավորված, որ միջնակարգ մասնագիտական կրթութամբ Դ. Սարգսյանին Ն. Փաշինյանը նշանակել է Դիլիջան քաղաքը եւ  Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Հովք, Խաչարձան, Աղավնավանք գյուղերը միավորող Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Դիլիջան համայնքը 2005-2021թթ. ղեկավարած Արմեն Սանթրոսյանը 6 այլ նախկին համայնքապետերի հետ դիմել է ՀՀ սահմանադրական դատարան՝ համարելով, որ  այլ անձանց  համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելը սահմանադրական կարգի խախտում է, համայնքի ղեկավարի լիազորությունները դադարելուց հետո համայնքի ղեկավարը պետք է շարունակի պաշտոնավարել, մինչեւ ՏԻՄ նոր ընտրություններ կանցկացվեն:

 

 

 

ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ԻՆՔՆԱՁԻԳՈՎ

Տավուշի մարզի Հաղարծին  գյուղի բնակիչ, 1949թ. ծնված Նինա Մանուչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. օգոստոսի 11-ին տաքսի ավտոմեքենայով մեկնել է ՊԲ զորամասերից մեկը՝ թոռանը՝ նույն զորամասի ժամկետային զինծառայող  Մարզպետ Պողոսյանին տեսակցելու: Տեղեկանալով, որ Մարզպետ Պողոսյանը գտնվում է մարտական հերթապահության մեջ, եւ  հնարավոր չէ  նրան տեսակցել, Ն. Մանուչարյանը հետ է վերադարձել դեպի տաքսի ավտոմեքենան, որտեղ ճանապարհին՝ զորամասի հարակից տարածքում, իրեն է մոտեցել քաղաքացիական հագուստով քննությամբ չպարզված  անձ եւ հանձնել պայուսակ՝ խնդրելով տանել իր հետ հետագայում այն հետ վերցնելու նպատակով։ Համաձայնելով այդ առաջարկին՝ Նինա Մանուչարյանը պայուսակը տեղափոխել է իր մշտական բնակության վայր՝ Հաղարծին գյուղում գտնվող իր տուն։

2019թ. նա, նշված պայուսակում հայտնաբերելով ԱԿ-74 տեսակի ինքնաձիգ եւ 106 հատ 5,45 մմ տրամաչափի փամփուշտներ, դրանք պահել էիր բնակության վայրում։ Ն. Մանուչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով։ 2021թ. փետրվարի 10-ին Իջեւան քաաղքում արագացված դատաքննության ավարտին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը վճռել է Ն. Մանուչարյանին դատապարտել մեկ ամիս ժամկետով կալանքի, ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել եւ սահմանել մեկ տարի ժամկետով փորձաշրջան։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 

ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԿԹԵԹԵՎԱՆԱՆ

Կառավարությունը հերթական նիստում փոփոխություններ է կատարել կորոնավիրուսի դեմ պայքարին երրորդ ծրագրում: Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ այդ ծրագրով շուրջ 800 տնտեսվարողների վարկվորել են շուրջ 9 մլրդ դրամի չափով. «Այժմ անհրաժեշտություն է առաջացել մի փոքր ճկունություն մտցնել վարկային պայմանների մեջ, որովհետեւ տնտեսվարողների մեծ մասը չէր օգտվել արտոնյալ ժամկետից, բայց հիմա տնտեսական ճգնաժամի երկարացման զուգընթաց այդ կարիքն առաջացել է: Սա էականորեն թեթեւացնում է վարկի պայմանները: Ըստ այդմ, տնտեսավարողի դիմումի հիման վրա՝ կարող է տրամադրվել վարկի մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատված՝ առավելագույնը 6 ամիս ժամկետով՝ հաշվի առնելով, որ միջոցառման շրջանակներում տրամադրված վարկերի ժամկետը 36 ամիս է»,-ասել է նախարարը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Համաձայն Ներդումների աջակցման կենտրոնի կողմից տրամադրված տեղեկատվության՝ 2020 թվականի դեկտեմբերից 2021 թվականի փետրվար ամիսներին շուրջ 685 շահառուներից 35 շահառու չի կատարել վարկերի մարման պարտավորությունները՝ շուրջ 16 մլն դրամի։ Հարկ է նշել, որ ուսումնասիրելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն եւ Ներդրումների աջակցման կենտրոն ներկայացված շուրջ 70 բանավոր եւ գրավոր դիմումները՝ մարտ-ապրիլ ամիսներին պարտավորությունները չկատարած շահառուների թիվը կավելանա 50-60%-ով՝ կազմելով շուրջ 60։ Միջոցառման բոլոր շահառուների վարկերի մայր գումարների մարման մեկ ամսվա ընդհանուր գումարը կազմում է միջինում 220 մլն դրամ։ Դիտարկելով բոլոր 800 շահառուների միաժամանակ արտոնյալ ժամանակահատվածից օգտվելու հնարավորությունը՝ ըստ նախնական հաշվարկների՝ 6 ամսով կհետաձգվեն շուրջ 1,3 մլրդ դրամի վարկային միջոցների մարումներ։ Ներկայումս գործող որոշման համաձայն՝ նշված վարկերին ներկայացված պահանջներում, ի թիվս այլ պահանջների, ներառված է դրույթ, ըստ որի՝ վարկերը տրամադրվում են առավելագույնը 36 ամիս մարման ժամկետով։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ նախագծով առաջարկվող արտոնյալ ժամկետը պետք է սահմանվի նշված 36-ամսյա ժամանակահատվածում՝ մինչեւ ժամկետի լրանալը, այսինքն՝ վարկի մարման ժամանակահատվածը չի կարող գերազանցել վարկի մարման համար սահմանված առավելագույն ժամկետը, այն է՝ 36 ամիսը։ Նախագծի ընդունումը հնարավորություն կտա Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման երրորդ միջոցառման շահառուների համար ժամանակ շահել ներկայիս փոփոխվող պայմաններին արձագանքելու նպատակով եւ, ըստ այդմ, գործունեությունը շարունակելու կամ վերադասավորվելու ու փոփոխված տնտեսական իրավիճակին հարմարվելու, ինչպես նաեւ զարգացման ռազմավարությունները ճշտգրտելու որոշումների կայացման համար։

 




Լրահոս