ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԻՆ ԷՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ վաղ առավոտյան, ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Նման հայտարարություն էր տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը:

 

Ինչպես հայտնել է Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը, «առավոտյան 3 կիլոմետր թշնամին պետական սահմանից անցել է եւ հասել մինչեւ Վերիշեն բնակավայր»։ Նա շեշտեց, որ ադրբեջանցիներն «արդեն բնակավայրի սահմանին են, մոտեցել են Վերիշեն բնակավայրին»։ «Շատ վտանգավոր է այն իմաստով, որ Սեւ լճից ոռոգման նպատակով օգտվում են 9 բնակավայրեր, եւ մենք նաեւ լուրջ խնդիրներ ենք ունենալու հետագայում այս մասով, եթե այդ հարցը չկարգավորվի», – ասաց Գորիսի փոխքաղաքապետը։

Ապա տեղեկություններ տարածվեցին, թե իրավիճակը լարված է նաեւ Գեղարքունիքի մարզում՝ Վարդենիսի տարածքում: Այս առնչությամբ հայտարարություն էր տարածել Աժ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը. «Սիրելի՛ հայրենակիցներ, Գեղարքունիքի մարզի սիրելի՛ բնակիչներ: Տարածվող տեղեկությունները, որ Վարդենիսի տարածաշրջանի Շորժա բնակավայրի հատվածում ադրբեջանական զինուժը առաջխաղացում ունի, ինձ էլ չափազանց անհանգստացրին: Ճշգրտումներ էի անում:

Քիչ առաջ զրուցել եմ նաեւ մեր բանակային կորպուսի հրամանատարի հետ: Ուզում եմ փոխանցել նրա խոսքերը՝ առ այն, որ ադրբեջանական զինուժը Հայաստանի պետական սահմանի նկատմամբ որեւէ ոտնձգություն չի իրականացրել Գեղարքունիքի մարզի հատվածում, չի ցուցաբերել մեր մարզի երկայնքով որեւէ ագրեսիա:

Իսկ ի՞նչ է տեղի ունեցել: Նոյեմբերի 9-10-ի չարաբաստիկ փաստաթղթի ստորագրումից հետո, երբ հանձնվեց Քարվաճառը, ադրբեջանական զինուժը դիրքավորվել է այդ հատվածներում այնպիսի դիրքերում, որտեղ հնարավոր է եղել՝ պայմանավորված առատ ձյան հանգամանքով: Հիմա ձյունը հալվել է, նրանք իրենց տիրապետության տակ անցած հատվածներում առաջ են գալիս, դիրքավորվում են ավելի մեզ մոտ հատվածներում: Հատուկ շեշտեց գեներալը, որ ՀՀ պետական սահմանից անգամ մեկ միլիմետր առաջ չեն եկել ու չեն էլ կարող գալ: Մի խոսքով, Գեղարքունիքի մարզի մասով առայժմ անհանգստանալու բան չկա. Ես հավատում եմ հրամանատարի խոսքերին, քանի որ 44-օրյա պատերազմի ընթացքում բանակային այդ կորպուսը մարտնչել է հերոսաբար, 1 մետրի նահանջ չի ունեցել, ընդհակառակը՝ դիրքային առավելություններ ենք ձեռք բերել պատերազմի օրերին: Մենք Քարվաճառը եւ հարակից տարածքները հանձնել ենք, առանց մեկ փամփուշտ կրակոցի, սրտի խորը կսկիծով:

Իսկ ինչ վերաբերում է ՀՀ սահմաններում առկա իրավիճակին, կահավորանքին, ապա պետք է նշեմ, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարին օրերս ուղղված իմ հարցում հնչեցված բոլոր մտահոգությունները շարունակում են մնալ արդիական: Թեեւ պաշտոնական դեմարկացիա եւ դելիմիտացիա դեռ չի իրականացվել, բայց այսօր առկա առաջնագծում չեն իրականացվում անհրաժեշտ աշխատանքներ մեծապես, եւ այն անտեսանելի գործերը, որ զեկուցվել են Նիկոլ Փաշինյանին, լավ կլինի տեսանելի դառնան նաեւ իմ ու մյուս սահմանամերձ բնակավայրերի բնակիչների համար: Եւ գաղտնիության քողի տակ ցույց տալ, թե աշխատանք է իրականացվում, ամենեւին պատվաբեր չէ: Գաղտնի պահելու շատ այլ բաներ կան, որոնք, ի դեպ, չեն պահվում»:

Հիշեցնենք, որ անկախ պատգամավորը մշտապես բարձրաձայնել է առաջնագծի խնդիրների, ոչ պատշաճ կահավորված լինելու մասին, սակայն մշտապես արժանացել Նիկոլ Փաշինյանի կշտամբանքին: Մայիսի 3-ին հարց ուղղելով Փաշինյանին՝ Թովմասյանը նշել էր. «Գեղարքունիքում եւ Սյունիքում մենք չունենք կահավորված առաջնագիծ, չունենք խրամատներ, եւ մեր անվտանգությունը, մեղմ ասած, մտահոգիչ վիճակում է։ Ուզում եմ հասկանալ՝ ինչ խոչընդոտներ ունենք, ինչ է սպասվում մեզ մինչեւ սահմանային ճշգրտումները, ինչու մենք չունենք կահավորված առաջնագիծ»։

Ի պատասխան պատգամավորի հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հանրային դիսկուրսը լսելով՝ հասկանում է, որ Ադրբեջանի հետախուզությունը շատ փող ծախսելու կարիք չունի։

Ն.Հ.

 

 

ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ

Ադրբեջանի նախագահի հաստատած պլանի համաձայն՝ մայիսի 16-ից ադրբեջանական բանակում կմեկնարկեն զորավարժություններ՝ զորատեսակների ներգրավմամբ: Ադրբեջանի պաշտպանության նախարարի ղեկավարությամբ զորավարժություններին կմասնակցեն մինչեւ 15 000 զինծառայողներ, մինչեւ  300 միավոր տանկեր եւ այլ զրահատեխնիկա, մինչեւ 400 տարբեր տրամաչափի հրթիռահրետանային կայանքներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ականանետեր եւ հակատանկային միջոցներ, մինչեւ 50 միավոր ռազմական ավիացիա եւ տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր: Զորավարժություններում հիմնական ուշադրությունը կդարձվի կառավարմանը, մարտական պատրաստականությանը եւ զորքերի վերախմբավորմանը, այդ թվում՝ մարտական ներդաշնակության կատարելագործմանն ու համազորային միավորումների, հրթիռային եւ հրետանային զորքերի, ավիացիայի եւ հատուկ նշանակության ուժերի միջեւ փոխգործակցությանը:

 

 

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ՝ ՀՈՒՆԻՍԻ 1

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է, որ Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններում 5 քմ մակերեսը գերազանցող գովազդային վահանակներում քարոզչական պաստառ տեղադրելու համար կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքների հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու վերջնաժամկետը հունիսի 1-ն է: Ելնելով վերոգրյալից եւ հաշվի առնելով վահանակների մասին տեղեկությանը պատշաճ ծանոթանալու անհրաժեշտությունը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գովազդային վահանակները տնօրինող ընկերություններին առաջարկում է վահանակների քանակի, մակերեսների, դրանց գտնվելու վայրերի եւ վարձավճարների վերաբերյալ տեղեկությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնել մինչեւ մայիսի 22-ը:

 

 

ՀԱՍԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ

ՀՀ առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ 14 հազար երկրորդ դեղաչափ «Sputnik-V» պատվաստանյութը հասել է Հայաստան։ Նույն պատվաստանյութի համապատասխան քանակի առաջին դեղաչափն արդեն իսկ բաշխված է առողջության առաջնային օղակին, ու ռիսկի խմբերի քաղաքացիները ստանում են իրենց պատվաստումները։ «Sputnik-V»-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց` 18-ից 54 տարեկան բուժաշխատողների, 18-ից 54 տարեկան քրոնիկ հիվանդների, 18-ից 54 տարեկան սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների եւ աշխատակիցների համար: Իսկ «AstraZeneca»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 եւ բարձր տարիքի անձանց շրջանում` ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Կարող են պատվաստվել նաեւ Հայաստանում բնակվող օտարերկրյա քաղաքացիները:

 

 

ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ

«Վերջնական որոշել եմ, որ այս փուլում չեմ մասնակցելու ընտրություններին, իսկ հետագայում քաղաքականության մեջ լինել-չլինելու դուռը չեմ փակել»,- ասել է ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը: «Ընտրություններից հետո կհասկանամ, թե ով կլինի իշխանություն, ինչպիսի գործունեություն կծավալի, ինչպես կծավալի, արդյոք այսօրվա քարոզարշավի հետեւանքը կլինի նախընտրական ծրագրերի կատարումը, թե ինչպես 2018-ին եղավ. շատ գեղեցիկ կառուցողական մոտեցումներ ներկայացվեցին, որոնք հետագայում անտեսվեցին: Դրա համար սպասելու եմ եւ հասկանամ, թե ինչ է տեղի ունենալու, որքանով իրենց առջեւ դրված սկզբունքներին տեր կկանգնեն, որքանով կխաբեն, ինչպես խաբեցին 2 տարի»,- ասել է նա:

 

ՀՅԴ ԱԿՏԻՎԻՍՏ, ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄ

Երբ մայիսի 10-ին Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում մասնակցում էր վարչապետի ընտրության համար  հրավիրված հատուկ նիստին, Իջեւանի տարածաշրջանի բնակիչը, իջեւանցիների խնդրանքով, էշով եկել էր Ազգային ժողովի դարպասների մոտ եւ սպասում էր Փաշինյանին: Քաղաքացին ասաց, որ Իջեւանում հին ավանդույթ կա՝ դավաճանին հեռացնում են՝ էշի վրա թարս նստեցրած: Հաշվի առնելով, որ Փաշինյանը դավաճանել է հայ ժողովրդին եւ հայոց պետականությանը, դավադրաբար հանձնել Արցախը՝ իջեւանցին սպասում էր Փաշինյանին ԱԺ-ի մոտ, որ նրան, էշին թարս նստեցրած, տանի Իջեւան: Իջեւանցին չասաց, որ  հնում ավանդաբար  էշին թարս նստացրել են ոչ թե  հայրենիքի դավաճաններին, այլ անբարոյական կանանց, ընդ որում՝ թարս նստացնելուց հետո նրանց վրա կղկղանք են քսել։ Ակցիան իրականացրած քաղաքացին՝ 1985թ. ծնված Սեւադա Ղուկասյանը, Տավուշի մարզի Իջեւանի տարաշրջանի՝ 4541 բնակիչ ունեցող  Աչաջուր գյուղի ավագանու անդամ է։ Նա ՀՅԴ իջեւանի կազմակերպության ակտիվիստներից է։

 

ՈՎ ԻՆՉՔԱՆ ՄԱՐԴ Է ՀԱՎԱՔԵԼ

Հետպատերազմյան Հայաստանում քաղաքական կյանքը շատ բուռն է, նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներից սկսած՝ մայրաքաղաքում հանրահավաքների ու մասսայական երթերի պակաս չի եղել: Ամեն հանրահավաքից հետո կազմակերպիչների, ՀՀ ոստիկանության ու ՀԿ-ների` հավաքների մասնակցության թվերի մասին տվյալները, սովորության համաձայն, տարբերվել են, ինչը մեր երկրում կարծես թե բնական է դարձել: Օրինակ` 2021թ.-ի մարտի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքի ժամանակ (մեկնարկը 18:00), ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի, 18:54-ին ներկա է եղել շուրջ 26հզ մարդ, այդ օրվա հանրահավաքի մասնակիցների մասին իշխանությունները այլ կարծիք ունեն եւ խոսում են  40-50 հազարից ավելի մարդու մասին: Մյուս հանրահավաքը մայիսի 9-ին Օպերայի հրապարակում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրավիրած հանրահավաքն էր (մեկնարկը 16:00), որին, ըստ նույն աղբյուրի, 16:42-ի դրությամբ մասնակցել է շուրջ 8000 մարդ, կազմակերպիչները խոսում են 2-3 անգամ ավել թվի մասին: Բազմաթիվ են այլ հավաքներն ու բողոքի ակցիաները, որոնք առավել սակավամարդ են եղել, օրինակ` ս/թ ապրիլի 22-ին Երեւանի մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի մոտ ժամը 18։30-ից մեկնարկել էր ՀՅԴ եւ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների համատեղ հանրահավաքը, որի մասնակիցների թիվը, ըստ նույն աղբյուրի, 18:53-ի դրությամբ եղել է շուրջ 800 հոգի, կազմակերպիչները, բնականաբար, այլ թիվ են տվել։ Անզեն աչքով էլ տեսանելի է, որ Փաշինյանի հրավիրած հավաքն առնվազն 3 անգամ ամենաբազմամարդն է եղել պատերազմից հետո հրավիրված բոլոր հավաքներից, թեեւ խոսվում է նաեւ, որ վարչական ռեսուրսների հաշվին է եղել։ Բայց նույնիսկ այս թվերը խոսում են ոչ թե քաղաքական որեւէ ուժի ազդեցության, այլ բոլորի քաղաքական պարտության մասին: Արցախի մի մասը կորցրած, 20 տարի կոռուպցիայի ու գրեթե չդադարած արտագաղթի պայմաններում մեր քաղաքացիներն այդպես էլ չգտան այն քաղաքական ուժին կամ գաղափարախոսություն, որի հետեւից կգնան, հոգնել են մարդիկ ու հանգիստ են ուզում: Այո, թե՛ սոցհարցումները, թե՛ հավաքների մասնակցությունը, թե՛ անզեն աչքով դիտարկումները խոսում են Փաշինյանի հնարավոր հաղթանակի մասին, սակայն ո՛չ Փաշինյանի, ո՛չ էլ մյուսների հնարավոր հաղթանակը, կարծես թե, երկրի զարգացման հույս դեռ չի ներշնչում։ Ամեն ինչ ավելի քան լուրջ է։




Լրահոս