Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը «Ոսկե արծիվ» շքանշան է հանձնել Արցախի հերոս Յուրա Հայկարամի Ալավերդյանին:
«Այսօր՝ Հայաստանի Առաջին Հանրապետության խորհրդանշական օրը, Արցախի հերոս Յուրա Հայկարամի Ալավերդյանին հանձնեցի «Ոսկե արծիվ» շքանշանը, որով պարգևատրել էի նրան դեռևս 2020թ. հոկտեմբերի 4-ին՝ մի քանի այլ զինվորների ու հրամանատարների հետ միասին: Այդ ժամանակ ցանկանում էի գնալ և մարտական դիրքում հանձնել շքանշանները, սակայն այդ ուղղության հրամանատար, Արցախի հերոս Սերգեյ Շաքարյանը խնդրեց հրաժարվել այդ մտքից՝ շքանշանակիրներին լրացուցիչ վտանգի չենթարկելու համար:
Այժմ նրանց մի մասը մեզ հետ չէ՝ հերոսաբար զոհվելով Հայրենիքի պաշտպանության դիրքերում: Իսկ ահա Յուրա Ալավերդյանը մեր կողքին է, ով ողջ պատերազմի ընթացքում քաջաբար կատարեց իր առջև դրված խնդիրները և վաստակեց ու պահպանեց «Արցախի հերոս» բարձր կոչումը: Նա մարտնչել է հիմնականում Վարանդայի (Ֆիզուլու) ուղղությամբ և պատերազմի ընթացքում խոցել է հակառակորդի ավելի քան 13 զրահատեխնիկա և 5 ավտոտեխնիկա»: