Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել սանիտարահամաճարակային միասնական տվյալների շտեմարանի ստեղծման մասին, որտեղ կպահվի օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց բժշկական հետազոտությունների արդյունքների մասին տեղեկատվությունը: Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում, գրում է gazeta.ru-ն:
Նշվում է, որ Ռուսաստանում կացության, աշխատանքի թույլտվություն կամ աշխատանքային արտոնագիր ստանալու ցանկություն ունեցող օտարերկրացիները ստիպված կլինեն բուժզննում անցնել երկրում: Մասնավորապես՝ անհրաժեշտ կլինի թեստեր հանձնել թմրանյութերի կամ հոգեմետ նյութերի օգտագործման, ՄԻԱՎ-ի և վտանգավոր վարակիչ հիվանդությունների առկայության համար:
Միևնույն ժամանակ, Ռուսաստանում ժամանակավոր կացության թույլտվություն չի տրվի կամ կչեղարկվի, եթե բուժզննումը ցույց տա, որ օտարերկրյա քաղաքացու մոտ վերոհիշյալ հիվանդություններից կամ թմրանյութերից կախվածություն կա: