Արցախի ԱԳՆ-ն դատապարտում է դեսպանների այցը Արցախի օկուպացված տարածքներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի արտաքին գործերի նախարարությունը խստագույնս դատապարտում է հուլիսի 10-ին ադրբեջանական իշխանությունների կողմից Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների աշխատակիցների այցի կազմակերպումը Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներ, այդ թվում՝ քաղաք Շուշի։

«Ադրբեջանի՝ ներկայիս ապօրինի իրողություններն օրինականացնելու փորձերը նշանակում են նաև սանձազերծված պատերազմի, միջազգային ահաբեկիչների հետ համագործակցության, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտման և ռազմական հանցագործությունների արդարացում։ Ափսոսանք է առաջացնում այն փաստը, որ Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետները ենթարկվել են Ադրբեջանի մանիպուլյատիվ գործողություններին, որոնք ոչ միայն միտված են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման գործընթացի վերսկսումը թույլ չտալուն, այլ նաև խարխլում են միջազգային հարաբերությունների կարգերը՝ հիմքեր ստեղծելով ապօրինի գործողությունների արդյունքներն ընդունելի նորմա ճանաչելու համար։ Ուժի սպառնալիքի կամ կիրառման արդյունքում ձեռք բերված ոչ մի տարածքային նվաճում չպետք է ճանաչվի օրինական»,- նշվում է հայտարարության մեջ։

ԱԳՆ-ում ընդգծում են, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների աջակցությամբ Ադրբեջանի կողմից զավթված Արցախի Հանրապետության տարածքները, ներառյալ՝ Շուշին, միջազգային իրավունքի նորմերի համաձայն՝ ժամանակավորապես օկուպացված տարածքներ են։

«Ինչպես տարածքային, այնպես էլ մշակութային, տնտեսական և պատմական առումներով Շուշին Արցախի անքակտելի մասն է։ Այն անջատելու ցանկացած փորձ Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության կոպիտ խախտում է»,- ասվում է Արցախի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

ԱԳՆ-ն կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին բանակցային գործընթացի վերսկսմանն ուղղված քայլեր ձեռնարկել՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման նպատակով։

Հիշեցնենք՝ դիվանագիտական ներկայացուցիչների այցը օկուպացված Շուշի խստագույնս դատապարտել է նաև ՀՀ ԱԳՆ-ն:

Նշենք, որ դիվանագիտական կորպուսի այցը Շուշի կազմակերպվել էր Ադրբեջանի նախագահ Ալիևի հանձնարարությամբ: Այցին հրավիրվել էին 46 պետության դեսպաններ:

Ադրբեջանում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանները հրաժարվել էին այցելել Շուշի: Հիշեցնենք՝ նրանք ԵԱՀԿ Մինսկի խմբի հահամնախագահող երկրներն են:




Լրահոս