Ֆոտոմոդել, 20 միջազգային գեղեցկության մրցույթների ազգային տնօրեն, երգչուհի Յանա Գրիգորյանն օրերս տհաճ միջադեպի կիզակետում է հայտնվել: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ երեւանյան ժամանցի կենտրոններից մեկի դիմաց, որտեղ Յանան աշխատում է որպես երգչուհի, մի կին սկսել է բղավել նրա վրա՝ մեղադրելով, որ երգչուհին սիրային կապ ունի իր երգիչ ամուսնու հետ: ArmLur.am-ը առավել մանրամասների շուրջ զրուցել է Յանա Գրիգորյանի հետ:
Մեզ հետ զրույցում Յանան սկզբում չցանկացավ մեկնաբանել որեւէ բան, սակայն երգչուհին հաստատեց տեղեկությունը:
«Բոլորը գիտեն, որ ես աշխատում եմ երևանյան տարբեր ժամանցի վայրերում, եւ հերթական անգամ, երբ շտապում էի ակումբներից մեկում աշխատանքի, դռան մոտ ինձ հանդիպեց մեր ակումբի երգիչներից մեկի կինը, ում անունը հասկանալի պատճառներով չեմ ցանկանում նշել: Նա սկսեց ինձ մեղադրել իր ամուսնու հետ սիրային կապ ունենալու, իրենց ընտանիքը քանդել փորձելու մեջ, եւ այնպիսի աղմուկ բարձրացեց, որ հարևան շենքերի բնակիչներն ու ակումբի աշխատակիցները դուրս էին եկել՝ տեսնելու՝ ինչ է կատարվում: Որքան էլ որ ես փորձում էի հանգստացնել նրան՝ վստահեցնելով, որ ես ու նրա ամուսինը պարզապես գործընկերներ ենք, իսկ այն հաղորդագրությունը, որը նա տեսել է, պարզապես սովորական, գործընկերոջն ուղղված հաղորդագրություն է, միեւնույն է, նա շարունակում էր բղավել»,- պատմեց Յանան:
Մեր այն դիտարկմանը, որ այդ կնոջ հետ նաեւ երեխաներ են եղել, Յանան խոստովանեց. «Այս ամենի մեջ ինձ համար ցավալին այն էր, որ նա եկել էր իր երեխաների հետ, եւ այդ ամենը կատարվում էր հենց նրանց ներկայությամբ: Թեեւ ես ամուսնացած չեմ եւ երեխաներ չունեմ, սակայն չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես կարելի է խաղալ երեխաների հոգեբանության հետ եւ ստիպել նրանց ականատես լինել այդ, մեղմ ասած, տհաճ միջադեպին»:
Երգչուհու խոսքով՝ ամեն ինչ բարեհաջող է ավարտվել, քանի որ այդ ամենին միջամտել է իր գործընկերն ու ներողություն խնդրել իր կնոջ վատ պահվածքի համար:
«Միգուցե սա շատերի համար սովորական երեւույթ լինի, սակայն բոլորը գիտեն, որ ես ունեմ սկզբունքներ, որոնց երբեք չեմ դավաճանի: Ես կարողանում եմ հստակ տարանջատել գործնականն ու անձնականը, եւ որեւէ մեկին թույլ չեմ տա խաղալ իմ անվան հետ: Ես հանրային մարդ եմ ևեւ վստահեցում եմ, որ զրպարտության համար պատասխանատվության կկանչեմ ցանկացածի, ով կփորձի խաղալ իմ բարի համբավի հետ»,- զրույցը եզրափակեց Յանա Գրիգորյանը:
Լիդա Եղիազարյան