Ահազանգ. ԲԴԽ անդամը պետական միջոցներն է վատնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԲԴԽ անդամ Սերգեյ Չիչոյանը տարիներ շարունակ Գեղարքունիքի մարզի դատարանի նախագահին հատկացված 077 TT 01 պետական մեքենան մինչ օրս օգտագործում է եւ դեռ ավելին պետական միջոցներից տրամադրված բենզինն է օգտագործում, ինչի իրավունքը չունի: Վերջինս վաղուց Գեղարքունիքի դատարանի նախագահը չէ եւ ԲԴԽ անդամին էլ պետական մեքենա կամ բենզին չի հասնում, որ օգտագործի: Դիմեցինք Սերգեյ Չիչոյանին՝ պարզելու համար՝ արդյոք պաշտոնական դիրքի չարաշահում չէ ու պետական միջոցների վատնումը չէ իր քայլը եւ առհասարակ սա չէ պատճառը, որ հայտնաբերեցին եւ իր «դեմը» դրեցին, ինչի մասին Ռուբեն Վարդազարյանը փորձում է բոլորին հասկացնել, թե ինչ եղավ՝ ինչու Չիչոյանը «հանձնվեց» Գագիկ Ջհանգիրյանին: Ի պատասխան վերջինս ասաց. «Մեքենաները սպասարկում են ոչ թե դատարանների նախագահին, այլ դատարանին և ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի հանձնարարությամբ օրակարգային նիստերի օրերին ԲԴԽ անդամները կարող էին օգտվել այդ մեքենաներից: Այս կերպ խնայվում է նաև պետական միջոցները՝ գործուղման ծախսերը, որոնք երբևէ չեմ ստացել: Հետևաբար՝ պաշտոնական դիրքի չարաշահման մասին խոսելը ավելորդ է:
Եւ վերջում՝ իմ բարեկամական հորդորը դատավոր Ռուբեն Վարդազարյանին՝ ուշադիր լինել դատավորի վարքագծի կանոններին»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև.

-Պարոն Չիչոյա՛ն, 2019 թվականին ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականից հետո, ԲԴԽ բոլոր անդամները՝ 3 գիտնական անդամ և ԲԴԽ դատավոր անդամները հրաժարական տվեցին, բայց Դուք մնացիք եւ շարունակեցիք Ձեր գործունեությունը: Ինչպե՞ս դա ստացվեց:

– Իմ պաշտոնավարման ժամկետը չէր ավարտվել, ընդամենը պաշտոնավարում էի շուրջ մեկ տարի և իմ տված երդմանը հավատարիմ մնալով՝ շարունակեցի ծառայությունս:
Եւ ոչ մեկը չէր կարող ինձ ստիպել հրաժարական տալ:

-Ըստ դատական համակարգից մեզ հասած հավաստի տեղեկությունների՝ Դուք անձամբ գնացել ընկել եք Ռուբեն Վարդազարյանի ոտքերը, խնդրել եք, օգնի որ մնաք ԲԴխ-ում, երդվել եք հավատարիմ կլինեք Վարդազարյանին, չեք դավաճանի իրեն: Արդյունքում՝ Ռուբեն Վարդազարյանը ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՀ վարչապետի մոտ բարեխոսել է Ձեզ համար, որ մնաք աշխատեք: Ի՞նչ կասեք այս մասին:

-Այս տեղեկությունը բացարձակ աղերս չունի իրականության հետ, նման իրադարձություն երբևէ տեղի չի ունեցել, և չէր էլ կարող ունենալ: Ես ոչ մեկին, որևէ անգամ, պաշտոնավարումս շարունակելու խնդրանքով չեմ դիմել՝ առավել ևս Ռուբեն Վարդազարյանին:
Խորհուրդ կտամ այդ ստահոդ լուրերը տարածողներին պատմել, թե իրականում ինչպե՞ս ստացվեց, որ Չիչոյանը հրաժարական չտվեց և ո՞վ էր արդյոք նպաստում Չիչոյանի հրաժարականին:

– Մեզ հասած տեղեկություննների համաձայն՝ Դուք անձամբ հանդիպել եք ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանին եւ Սիմոնյանը Ձեզ ասել է, որ գնաք փոխանցեք Ռուբեն Վարդազարյանին՝ եթե դիմում գրի գնա քրեական գործ չենք հարուցի: Ինչը դուք արել եք: Ե՞րբ ու որտե՞ղ եք հանդիպել ու էլ ի՞նչ է Ձեզ ասել, փոխանցել ԱԱԾ տնօրենի տեղակալը:

-Անդրանիկ Սիմոնյանին ճանաչում եմ, նախկին դատավոր է եղել, մենք բազմիցս հանդիպել ենք դատավոր եղած ժամանակ և ոչ միայն:
Բայց նման թեմա երբևէ չենք քննարկել, ԲԴԽ-ի շուրջ քննարկում չի եղել:
Այս կապակցությամբ կուզենայի հիշեցնել, թե ով էր ԱԱԾ տնօրենի ընկերը և ինչ ազդեցություն է դա ունեցել հրաժարական տված ԲԴԽ անդամների, ինչպես նաև ԲԴԽ անդամ և նախագահ դառնալու հարցում:

-.Իսկ ի՞նչ կասեք այն մասին, որ Ձեր դատական համակարգի մոտ ընկերները, Ձեզ կանչել են հանդիպման ու ասել են .«Եղբա՛յր դաշտդ փոխել ես, ԱԱԾ տնօրենի տեղակալի հետ ես աշխատում»: Ի՞նչ եք պատասխանել նրանց:

-Կարծում եմ այս հարցին արդեն պատասխանեցի:

-Դատական դեպարտամենտի դեմ ուժային կառույցները գրոհ սկսեցին Գագիկ Ջհանգիրյանի գլխավորությամբ: ՊՎԾ-ն, Հաշվեքննիչ պալատը, Ֆինանսների նախարարությունը: Կասեք, թե կոնկրետ Ձեր նկատմամբ ի՞նչ թերություններ գտան, ինչի համար էլ դուք «կուլ գնացիք» իշխանություններին եւ դեմ քվեարկեցիք Ռուբեն Վարդազարյանին:

-ՊՎԾ-ի, Հաշվեքննիչ պալատի, Ֆինանսների նախարարության ստուգումները սկսվել են նախքան Ջհանգիրյանի ԲԴԽ անդամ ընտրվելը: Այդ ստուգումները կատարվել են Դեպարտամենտում, որը Խորհրդին աջակցող, սպասարկող մարմին է և խորհուրը, կամ խորհդրի անդամները ուսումնասիրության օբյեկտ չեն եղել:
Ես կուլ գնալու խնդիր չեմ ունեցել, իմ քվեարկությունը եղել է զուտ իրավական, օրենքի տառին և ոգուն համահունչ:
Վարադազարյանի լիազորությունների կասեցման հարցով ԲԴխ-ի որոշումը ավտոմատ ենթադրվող որոշում էր, անգամ, խորհրդում քնարկվել է քվեարկություն չանցնակցնելու հարցը: Այնպիսի հարց էր, ինչպիսին օրինակ դատավորին կնիք տալու կամ չտալու հարցն է:

– Տարբեր հրապարակումներ կան, թե դուք Վարդազարյանին դեմ քվեարկելու համար գործարքի եք գնացել, մտել առևտրի մեջ և անձնական շահագրգռվածություն եք ունեցել: Ինչ կասե՞ք այս մասին: Ի՞նչ եք ստացել քվեարկելու դիմաց:

-Ես համակարգում միակ դատավորն եմ, որը շուրջ 10 տարի աշխատելով Վերաքննիչ քրեական դատարանում, աձնական դիմումի հիման վրա, զուտ ընտանեկան խնդիրներից ելնելով, գնացել է Առաջին ատյանի դատարան և մինչ օրս շարունակում եմ աշխատել նույն դատարանում՝ որպես դատավոր: Առավել ևս եթե նման միտում լիներ նշված ժամանակահատվածում բազմիցս առաջխաղացման հնարաավրություն է եղել, որի համար նույնիսկ չեմ դիմել:
Իմ քվեարկությունից, թե՛ առաջ, թե՛ հետո իմ կարգավիճակում որևէ փոփոխություն չի եղել:
Ամբողջ դատական համակարգը գիտի, թե ով դաշտում առևտարականի համբավ ունի, ով է նախկին ու ներկա իշխանությունների հետ ինչ-ինչ գործարքների գնացել:

-Ռուբեն Վարդազարյանը վերջերս ասել է, որ Դուք միակն եք եղել ԲԴԽ-ում դատավոր անդամներից, որը համաձայնվել է դատավորներին քաղաքական նպատակահարմարությամբ պատասխանատվության կանչելուն:

-Ինձ համար տարօրինակ և զարմանալի է, որ տարիներ շարունակ դատավոր աշխատած անձնավորությունը կարող է իրականությանը չհամապատասխանող լուրեր տարածել, նման խոսակցություն խորհրդում երբևէ տեղի չի ունեցել:
Իսկ ինչ վերաբերվում է կարգապահական վարույթների շրջանակներում քվեարկություններին, դրանք ակնհայտ փաստեր են հասանելի բոլորին և ցանակացած ոք, այդ թվում՝ Դուք կարող եք տեսնել, թե ԲԴԽ ո՞ր անդամը որ դեպքում ինչպե՞ս է քվեարկել և կարող եք համոզվել, որ դատավորներին պատասխանատվության ենթարկելու միջնորդությունների քննության ժամանակ ամենաշատ դեմ քվարկած անդամներից մեկը ես եմ եղել:

-Մեզ հասած տեղեկությունների դուք տարիներ շարունակ Գեղարքունիքի մարզի դատարանի նախագահին հատկացված 077 TT 01 պետական մեքենան մինչ օրս օգտագործում եք եւ դեռ ավելին պետական միջոցներից տրամադրված բենզինն եք օգտագործում, ինչի իրավունքը չունեք: Դուք վաղուց Գեղարքունիքի դատարանի նախագահը չեք եւ Ձեզ ԲԴԽ անդամին էլ պետական մեքենա կամ բենզին չի հասնում, որ օգտագործեք: Արդյոք Ձեր այս պաշտոնական դիրքի չարաշահումը ու պետական միջոցների վատնումը հայտնաբերեցին եւ Ձեր «դեմը» դրեցին, ինչի մասին Ռուբեն Վարդազարյանը փորձում է բոլորին հասկացնել, թե ինչ եղավ Ձեզ հետ, որ Դուք «հանձնվեցիք»:

-Մեքենաները սպասարկում են ոչ թե դատարանների նախագահին, այլ դատարանին և ԲԴԽ նախկին նախագահ՝ Գագիկ Հարությունյանի հանձնարարությամբ օրակարգային նիստերի օրերին ԲԴԽ անդամները կարող էին օգտվել այդ մեքենաներից:
Այսկերպ խնայվում է նաև պետական միջոցները՝ գործուղման ծախսերը, որոնք երբևէ չեմ ստացել: Հետևաբար՝ պաշտոնական դիրքի չարաշահման մասին խոսելը ավելորդ է:
Եւ վերջում՝ իմ բարեկամական հորդորը դատավոր Ռուբեն Վարդազարյանին՝ ուշադիր լինել դատավորի վարքագծի կանոններին:

Քնար Մանուկյան




Լրահոս