Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ օգոստոսի 27-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, վերականգնվել է Մ2 միջպետական ճանապարհի Գորիս-Շուռնուխ-Կապան հատվածի երթևեկությունը:
«Երթևեկության կազմակերպման փոփոխություն չի եղել: Որոտան և Նոր Առաջաձոր հատվածներում տեղադրվել են բետոնե թափարգելներ՝ այդ հատվածներում երթևեկությունը դանդաղեցնելու նպատակով: Ճանապարհի այդ հատվածների հսկողությունը իրականացնելու են ռուս սահմանապահները»,- գրել է Փարսյանը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմը փակել էր Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը:
Տարհանվել էին այդ հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները: Մարդու իրավունքների պաշտապանն էլ ավելի ուշ հայտնել էր, որ ադրբեջանական զինված ծառայողները փակել էին նաև Գորիսից Որոտան տանող ճանապարհը։
Երեկ՝ օգոստոսի՝ 27-ին, Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ օգոստոսի 25-ից փակված Գորիս-Որոտան և Շուռնուխ-Կարմրաքար հատվածները վերաբացվել են։