«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կապան համայնքում նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդառաջ քաղաքական պայքարը թեժանում է։ Կապանի գործող համայնքապետ Գևորգ Փարսյանը երեկ պաշտոնապես հայտարարել է, որ մասնակցելու է առաջիկա ընտրություններին՝ գլխավորելով «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության ընտրական ցուցակը։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունները մտադիր են հնարավոր բոլոր միջոցներն օգտագործել՝ Կապանում Փարսյանի վերընտրությունը թույլ չտալու և համայնքապետի պաշտոնում իշխանական թեկնածուի հաղթանակն ապահովելու համար։
Միևնույն ժամանակ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Կապանում իշխանական թիմից առաջադրվել է ԶՊՄԿ նախկին տնօրեն Նարեկ Բաբայանը, և իշխանությունները նպատակ ունեն ամեն ինչ անել՝ համայնքում քաղաքական իշխանափոխություն ապահովելու համար։
Թե որքանով կհաջողվի իշխանություններին իրականացնել իրենց ծրագրերը, և ինչպիսի արդյունք կունենա ընտրապայքարը, այս պահին դժվար է կանխատեսել։ Սակայն ակնհայտ է, որ Կապանը դառնալու է առաջիկա ՏԻՄ ընտրությունների կարևորագույն քաղաքական կենտրոններից մեկը, որտեղ բախվելու են գործող համայնքապետի դիրքերը պահպանելու և իշխանության՝ համայնքում սեփական թեկնածուին առաջ մղելու շահերը։
Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են նաև, որ Նարեկ Բաբայանի թեկնածությունն իշխանական մեծամասնության «սրտով» չի եղել, քանի որ նա Կապանում բարձր ռեյտինգ չունի, սկանդալային պատմությունների մեջ է միշտ հայտնվել, բայց այլ թեկնածու չի գտել ՔՊ-ն։
Հավելենք, որ Փարսյանը լարված հարաբերություններ ունի իշխանությունների հետ, և Փաշինյանի՝ Կապանի այցերի ժամանակ նա նրան չի դիմավորել»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։






















































































