Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կապանի «դիրիժորը», Քոչարյանը թունդ ընդդիմադիր, Սպիտակի ճակատագիրը. ինչ է գրում մամուլը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ». Կապանի գլխավոր «դիրիժորը»՝ ՔՊ ցուցակից հեռացված Դավիթ Դանիելյանը, Նարեկ Բաբայան է «քարոզում»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Դավիթ Դանիելյանը, որը ներկուսակցական ընտրությունների ընթացքում խախտումների կասկածների պատճառով հեռացվել էր ՔՊ նախընտրական ցուցակից, այսօր ակտիվորեն ներգրավված է Կապանի համայնքապետի թեկնածու Նարեկ Բաբայանի առաջմղման գործընթացում։ «Ժողովուրդ» օրաթերթը դեռևս մարտին գրել էր Դանիելյանի՝ ՔՊ ցուցակից հեռացման մասին։ Ըստ մեր տեղեկությունների՝ նրա դեմ բողոք էր ներկայացրել ՔՊ պատգամավոր Միքայել Թումասյանը՝ պնդելով, որ Դանիելյանը հեռախոսով խնդրել է ներկուսակցական ընտրությունների պատվիրակներից մեկին իրեն ընտրել։ Կուսակցության ներսում այդ հանգամանքը դիտարկվել էր որպես քարոզչության արգելքի խախտում։ Դանիելյանի թեկնածությունը չեղարկվել էր, և նա չմասնակցեց ընտրություններին՝ որպես պատգամավորի թեկնածու։ Սակայն կուսակցական ցուցակից հեռացումը չխանգարեց Դանիելյանին շարունակել ակտիվ կուսակցական գործունեությունը։ Մեր տեղեկություններով՝ այժմ նա ամենուր ներկայացնում է ՔՊ-ի՝ Կապանի համայնքապետի թեկնածու Նարեկ Բաբայանին՝ դառնալով նրա առաջմղման ակտիվ մասնակից։

«Ժողովուրդ». Փակ հանդիպում Շաքիի դեպքով. ԱԺ են «կանչել» իրավապահներին

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հինգշաբթի օրը Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում նախատեսվում է քննարկել Շաքիի աղմկահարույց դեպքը, որի ժամանակ ադրբեջանցի զինված անձը կարողացել էր ներխուժել հայկական տուն, ծեծի ենթարկել կնոջը, իսկ ոստիկանությունը չէր կարողացել ժամանակին կանխել տեղի ունենալիքը։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քննարկումը հնարավոր է անցկացվի փակ ձևաչափով՝ հաշվի առնելով Ազգային անվտանգության ծառայության հետ կապված հարցերը։ Ակնկալվում է, որ պատգամավորները փակ նիստի ընթացքում հարցեր կուղղեն իրավապահ մարմինների ներկայացուցիչներին՝ դեպքի մանրամասները պարզելու և տեղի ունեցածի վերաբերյալ պատասխաններ ստանալու նպատակով։ Հիշեցնենք՝ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ավելի վաղ առաջարկել էր Շաքիի դեպքի առնչությամբ ԱԺ որոշման նախագիծ ընդունել։ Հարցի շուրջ երկար քննարկումներից հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանը խոստացել էր հանդիպում կազմակերպել իրավապահ մարմինների ներկայացուցիչների՝ Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի և ոստիկանության մասնակցությամբ։

«Ժողովուրդ». Դատախազը ԱԺ-ում չէր, բայց նրա փոխարեն բոլորին հարցաքննում էին․ Անդրանիկ Քոչարյանը՝ թունդ ընդդիմադիր է

Ազգային ժողովում երեկ իշխանությունն ու ընդդիմությունը, կարելի է ասել, միաբերան հարձակում էին գործել իրավապահ համակարգի ներկայացուցիչների վրա՝ պահանջելով պատասխաններ, որոնք տարիներ շարունակ այդպես էլ չեն ստացել։ Արդեն մի քանի օր է՝ խորհրդարանում քննարկվում է 2027 թվականի պետական բյուջեի նախագիծը։ Կառավարության գերատեսչությունների ղեկավարները հերթով գալիս են ԱԺ, ներկայացնում իրենց կառույցների բյուջեները, ապա պատասխանում պատգամավորների հարցերին։ Սակայն այս գործընթացում կա մի բացառություն՝ ՀՀ գլխավոր դատախազը։ Գլխավոր դատախազը տարիներ շարունակ չի ներկայանում խորհրդարան՝ պատգամավորների հարցերին պատասխանելու։ Մինչդեռ դատախազության գործունեությունը, իրավապահ համակարգի աշխատանքն ու հանրային աղմուկ բարձրացրած քրեական գործերը մշտապես գտնվում են քաղաքական քննարկումների կենտրոնում։ Եվ ահա երեկ ընդդիմադիր պատգամավորների դժգոհություններին միացել էին նաև իշխանականները։ Ընդ որում՝ իշխանական ճամբարի ամենասուր քննադատներից մեկը Անդրանիկ Քոչարյանն էր։ ԱԺ-ում երեկ իրավապահ համակարգի ներկայացուցիչների համար հեշտ օր չէր։ Քննչական կոմիտեի, Արդարադատության նախարարության, Հակակոռուպցիոն կոմիտեի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և այլ կառույցների ներկայացուցիչները ստիպված էին լսել պատգամավորների դժգոհությունները։ Իսկ Անդրանիկ Քոչարյանը, կարծես, որոշել էր իր ողջ քաղաքական ներուժը կենտրոնացնել իրավապահ համակարգի ներկայացուցիչներին հարցեր ուղղելու վրա։

Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը․ «Հրապարակ»

Ուշագրավ իրավիճակ է ստեղծվել Սպիտակում՝ նոյեմբերի 29-ի ընտրությունների շեմին։ ՔՊ ցուցակը գլխավորող գործող համայնքապետ Քաջայր Նիկողոսյանի դեմ են դուրս եկել նրա ենթակաները՝ տեղակալը եւ վարչական ղեկավարները։ Թեկնածուն՝ Համլետ Մազմանյանը, եղել է Սպիտակի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար, հետո` որպես անկուսակցական. 3 տարի առաջ ՔՊ-ն նրան հեռացրել է՝ համայնքապետի հետ սուր հակասությունների պատճառով: Մազմանյանը Նիկողոսյանին մեղադրում էր որոշումներն առանց քննարկելու ընդունելու, անարդյունավետ կառավարելու մեջ։ Ուշագրավ է, սակայն, որ Մազմանյանն առաջադրվել է Փաշինյանին աջակից «Բարոյական արժեքներ» կուսակցության ցուցակով, որի նախագահը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Սիմոն Պետրոսյանն է: Մազմանյանը Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձեւ է» շարժման կոմիտեի անդամ է, ստացվում է՝ Աննա Հակոբյանի աշխատողը ձեռնոց է նետում Փաշինյանի ուժին։ Թեեւ չի բացառվում, որ ՔՊ-ն կրկնում է Ստեփանավանի սցենարը` ով հաղթի, կմտնի «ՔՊ-ի տակ»: Ստեփանավանում էլ թեկնածուներից մեկն ընտրություններից առաջ լքեց ՔՊ-ն, ընդդիմադիր խաղաց, ընտրություններից հետո կոալիցիա կազմեց մեկի հետ, որի հետ «ոչ մի դեպքում չէր համագործակցելու»»։

Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ»

Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մի կողմից «լավ քաղաքապետի» շոուներ է բեմադրում՝ աղբ հավաքողի հագուստով փողոցում «բիչոկներ» է հավաքում, մյուս կողմից՝ նրա աշխատակիցները քերթում են Երեւանի փոքր ձեռնարկատերերին։ Մեզ ահազանգել են մայրաքաղաքում գործող սննդի կետերի մի քանի սեփականատերեր եւ տեղեկացրել, որ վերջին շրջանում քաղաքապետարանից մասսայաբար տուգանքի ծանուցագրեր են ստանում, թե իբր իրենց սննդի կետերն աշխատել են կեսգիշերն անց, սակայն իրենք դրա մասին չեն տեղեկացրել, որպեսզի հարկային այլ դաշտում աշխատեն Ինչպես հայտնի է՝ կեսգիշերն անց գործող սննդի կետերը հարկվում են տարբեր սկզբունքով։ Մինչդեռ այս կետերի սեփականատերերը վստահեցնում են, որ մինչեւ 20։00-ն են աշխատել: Խոսքը շաուրմանոցների, բուլկու-խաչապուրու խանութների եւ նմանատիպ այլ օբյեկտների մասին է, իսկ տուգանքի չափը 200-300 հազար դրամ է, որը նրանց համար փոքր թիվ չէ։




Մամուլի Տեսություն

Լրահոս