ArmLur.am-ի զրուցակիցն է իրանահայ քաղաքական մեկնաբան Սահակ Շահմուրադյանը:
-Պարո՛ն Շահմուրադյան, օգոստոսի 25-ին ժամը 23:00-ին Ադրբեջանական կողմը Սյունիքում երկու կարեւոր նշանակության ճանապարհ էր փակել, որից մեկը՝ միջպետական՝ Հայաստան-Իրան: Ադրբեջանի նպատակային գործողությունները ի՞նչ հետեւանք կարող են ունենալ Հայաստան-Իրան բարեկամ երկրների հարաբերությունների վրա:
-Սա իհարկե Արդբեջանի կողմից Հայաստանի դեմ ուղղված հերթական սադրանքն է, որը միտված է արցախյան 44-օրյա պատերազմից հետո կայացած եռակողմ համաձայնության շրջանակում և թուրք-ադրբեջանական տանդեմի սադրիչ գործողությունների համատեքստում Հայաստանի Սյունիքի մարզով ստեղծել թուրքական միջանցք դեպի Նախիջևան և Թուրքիա, շրջանցելով Հայստան-Իրան տրանսպորտային միջպետական ճանապարհը և խափանել հիմնականում՝ Հյուսիս-Հարավ ռազմավարական մայրուղու կառուցումը, որն անկասկած լուրջ սպառնալիք է ոչ միայն Հայաստանի, այլ նաև բարեկամական հարևան երկիր Իրանի առևտրական և նույնիսկ տարածաշրջանային անվտանգության դեմ։
Ադրբեջանի անպատասխանատու և սադրիչ գործողությունները միանշանակորեն լուրջ սպառնալիք են ուղղված Հայաստանի և Իրանի առևտրատնտեսական շահերի և տարածաշրջանային անվտանգության և խաղաղության ուղղությամբ տարվող միջազգային ջանքերի դեմ։ Հաշվի առնելով Իրանի և Հայաստանի առևտրատնտեսական, էներգետիկ փոխանակման և քաղաքական ու մշակութային բազմակողմանի հարաբերությունները և այն, որ վերջերս արդեն լուրջ և գործնական ձևակերպում է ստացել նաև իրանական ընկերությունների և գործարարական շրջանակի ներդրմամբ ու մասնակցությամբ Հյուսիս-Հարավ ռազմավարական ճանապարհի կառուցումը, որը Պարսից ծոցի նավահանգիստները միացնելու է Հայաստանի անցուղուն դեպի Սև ծով և Արևելյան Եվրոպայի երկրներին կարել է արդեն հասկանալ, որ Իրան- Հայաստան միջպետական ճանապարհի փակումը Ադրբեջանական զիծառայողների կողմից ուղղակի մարտահրավեր է նաև ուղղված Իրանի Իսլամական Հանրապետության տարածաշրջանային շահերի դեմ և որ այս ակտը վերջին երկու օրերի ընթացքում մտահոգության առիթ պատճառեց Հայաստանի հարևան և բարեկամ Իրանի համար, որին ի հարկե անմիջապես արձագանքեցին Իրանի պետական և մաքսային պատասխանատու պաշտոնատարները։
-Փաստացի Ադրբեջանի գործողությունների արդյունքում շուրջ երեք օր խաթարվել է հայ-իրանական կապը, սակայն դեռեւս Իրանից պաշտոնական որեւէ արձագանք չկա: Ինչու՞:
-Դեպքերի արագընթաց զարգացումը Սյունիքի մարզում և Իրանից դեպի Երևան տանող այդ ճանապարահատվածի հանկարծակի փակվելը Ադրբեջանական զինծառայողների կողմից քաոսային իրավիճակ է ստեղծել Իրանից Հայաստան ապրանք տեղափոխվող մաքսային ծառայություններում և ուղևորատար ընկերություններում։ Իհարկե ստեղծվածի նկատմամբ անտարբեր չեն Իրանի պետական պաշտոնյաները։ Այսօր օգոստոսի 28-ին, Իրանի սահմանապահ ուժերի հրամանատար Գեներալ Ահմեդ Ալի Գուդարզին հայտարարել է Իրանի Արևելյան Ատրպատականի նահանգից դեպի Հայաստան՝ Կապան-Գորիս տարանցիկ ուղու վերաբացման մասին և հավելել հաշվի առնելով Իրանի և Հայաստանի միջև առևտրի և ապրանքափոխադրման ծավալների մակարդակը և ապրանքների փոխանակումը հեշտացնելու նպատակով, խորհրդակցելով հայկական սահմանի պատասխանատու մարմինների հետ, Ջուլֆաայի Նորդուզի շրջանում Իրանից դեպի Հայստան-Կապան-Գորիս տարանցիկ ուղին վերաբացվեց և մեքենաները կարող են անխափան շարունակել երթը դեպի Հայաստան։
-Հնարավո՞ր է, որ Ադրբեջանն ու Իրանը փոխհամագործակցության դաշինք են կազմել, Հայաստանը վերջնականապես կոլապսի մեջ գցելու եւ տնտեսական կապը կտրելու աշխարհի հետ:
-Միանգամայն բացառվում է այս վարկածը, քանի որ Իրանը բազմակողմանի քաղաքականություն է վարում տարածաշրջանի բոլոր երկրների հետ և փորձում է իր արտատնտեսական հարաբերությունները զարգացնել բոլոր հարևան երկրների հետ փոխգործակցության և փոխշահավետ հիմունքների վրա։ Իրանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է Մերձավոր Արևելքում և Միջին Ասիայի և Կովկասյան տարածաշրջանում ակտի դերակատարություն ունենալ խաղաղության և անվտանգության հաստատման գործընթացներին և իր ազդեցիկ դերակատորությունն ունենալ տարածաշրջանային առևտրատնտեսական և էներգետիկ, տրանսպորտային և այլ ոլորտների համագործակցություններում։ Միևնույն ժամանակ Թուրքիան և նրա պրոքսի գործընկերներն են փորձում Հայաստանի վրա ճնշում գորադրելով Սյունիք մարզի վրայով միջանց ապահովել դեպի Նախիջևան, ինչը նախ կմասնատի Հայաստանը և հետո Իրանի կապը կկտրի Հայաստանի հետ ու տրանսպորտային հնարավորությունը դեպի հյուսիս, այսինքն Սև ծով և Եվրոպա՝ Իրանի համար։ Ավելին Թուրքիան և Ադրբեջանը փորձում են խափանել Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցումը և այն փոխարինել իրենց Բաքու-Նախիջևան-Թուրքիա ճանապարհով։
Հաշվի առնելով վերջին դեպքերը Սյունիքում և Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ուղղված սադրանքները և Թուրքիայի կողմից Իրանին տարածաշրջանում մեկուսացնելու ջանքերը, ակնհայտ է, որ տարածաշրջանում մեկուսացումի վտանգից դուրս գալու համար Իրանի շահերը համընկնում է Հայաստանի շահերին և Իրանը երբեք նման գործարքի չի գնա Ադրբեջանի հետ Հայաստանը վերջնականապես կոլապսի մեջ գցելու եւ տնտեսական կապը կտրելու աշխարհի և մասնավորաբար Իրանի հետ։ Դա կարծում եմ Ադրբեջանի կողմից Իրանի և Հայաստանի հարաբերությունների դեմ ուղղված պրոքսի և հիբրիդ պատերազմի հերթական ապատեղեկատվություն է սեպ խրելու Իրանի և Հայաստանի բարեկամական հարաբերություններում, որն անկասկած ձախողել է։
-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 5-ի այցի ժամանակ Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել էր՝ Թեհրանի համար առանցքային նշանակություն ունի տարածաշրջանում խաղաղության պահպանումը՝ հավելելով, որ Իրանը եւս անհրաժեշտ է համարում բոլոր հարցերը երկխոսության միջոցով կարգավորելը: Հնարավո՞ր է այս կերպ Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում եւ Հայաստանի հետ սահմանին:
-Իրանին մտահոգում է Հայաստանի Սյունիքի մարզում և Արցախում տեղի ունեցող սահմանային լարվածությունները և դրանից բխող սպառնալիքներն ու նոր մարտահրավերները, որոնք վստահաբար վտանգում են Իրանի տարածաշրջանային շահերն ու անվտանգությունը։
Ակնհայտ է վերջին մի քանի տարիների ընթացքում Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունները արագորեն աճում են․ Այդ ընթացքն ավելի արագացավ վերջին ղարաբաղյան պատերազմից հետո և որին ավելացել է նաև Իսրայելը իր ստվերային ներկայությամբ Ադրբեջանի կռավարական և տնտեսական և հատկապես ռազմական կառույցներում: Թուրքիան և Իսրայելը մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա են վաճառել Ադրբեջանին, այդ թվում ՝ անօդաչու թռչող սարքեր և անվտանգության հսկող էլեկտրոնային սարք: Հաշվի առնելով Արևմուտքի և հատկապես Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտների դեմ ուղղված ռազմական սպառնալիքները՝ Ադրբեջանի սերտ համագործակցությունը Իսրայելի և բարեկամական կապերը Իրանի տարածաշրջանային մրցակից երկիր Թուրքիայի հետ, միատեղ լուրջ սպառնալիք են համարվում Իրանի տարածաշրջանային և անվտանգության շահերի դեմ։
Պատասխանելով ձեր հարցին՝ նշեմ, որ Ադրբեջանը միշտ էլ սպառնալիք է համարվել Հայաստանի և Արցախի դեմ և Սյունիքում տեղի ունեցածը, կարծում եմ, այսուհետ շարունակվող սադրանքները փաստացիորեն դուրս են եկել տարածաշրջանային հակամարտությունների շրջանակից և դարձել են միջազգային և միջպետական մարտահրավեր, որի մեջ արդեն ներգրավված է Իրանի Իսլամական Հանրապետությունը։
Հատկանշական է, որ Իրան Հայաստան առևտրատնտեսական, տրանսպորտային և աշխարհաքաղաքական հարաբերությունների զարգացման հեռանկարը քիչ թե շատ կապված է Իրան-Արևմուտք հարաբերությունների կարգավորման հետ համահունչ ընթացող բանակցություններին և դրանց բխող համաձայնության կայացման արդյունքներին:
ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին բազմիցս հայտարարել է, որ իր կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթությունը հարևան երկրներին և տարածաշրջանին հատուկ ուշադրություն դարձնելն է, և որ տարածաշրջանում Իրանի ուժն անվտանգություն հաստատելու մեջ է: Տարածաշրջանի երկրների և հարևան երկրների հետ Իրանի լայնածավալ փոխգործակցությունն ու հարաբերությունները բխում են երկու կողմերի շահերից, և եթե այս հարաբերությունները լավագույնս առաջ գնան, պատժամիջոցներն ու համաշխարհային ցնցումները չեն կարող ազդել այդ երկրների տնտեսական և քաղաքական շահերի վրա:
Ուշագրավ փաստ է, որ Իրանը, հարևան երկրները և Արևմտյան Ասիայի տարածաշրջանն ունեն տարբեր ընդհանրություններ, և Ռայիսին, հաշվի առնելով այս կարևոր սկզբունքը, ներկայացնելով իր կառավարության արտաքին քաղաքականությունը, ընդգծել է հարևանների և տարածաշրջանի երկրների հետ փոխգործակցության հետագա ընդլայնման կարևորությունը և ի հարկե չպետք է անտեսել, որ այդ հարևաններից մեկը Հայաստանն է, որի նկատմամբ Իրանն ունի հատուկ ուշադրություն և կարևորում է առկա բարեկամական և կայուն հարաբերությունների շարունակումն ու ամրագրումը բոլոր ոլորտներում:
Զրուցեց Լիդա Եղիազարյանը