ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ հայտարարել է, որ Իրանի հետ հակամարտության ավարտի համար հստակ ժամկետ չկա՝ ընդգծելով, որ Վաշինգտոնը չի շտապում դիվանագիտական լուծման հասնել։
Fox News-ին տված հարցազրույցում Թրամփը նշել է, որ որոշումը՝ անորոշ ժամկետով երկարաձգելու հրադադարը և դադարեցնելու հարվածները, պայմանավորված չէ ԱՄՆ-ում սպասվող միջանկյալ ընտրություններով։ Նրա խոսքով՝ առաջնահերթությունը «ամերիկյան ժողովրդի համար լավ գործարք ապահովելն է»։
Նա նաև հերքել է այն տեղեկությունները, թե ԱՄՆ-ը Իրանին տվել է «երեքից հինգ օր» ժամկետ՝ բանակցային հստակ դիրքորոշում ներկայացնելու համար։
Միևնույն ժամանակ, մոտ երկու շաբաթ տևած հրադադարի կարգավիճակը շարունակում է մնալ անորոշ։ Լարվածությունը հատկապես պահպանվում է Հորմուզի նեղուցում, որտեղ Իրանը առգրավել է երկու նավ և ուղեկցել դրանք իր տարածքային ջրեր։
Բացի այդ, Լիբերիայի դրոշի ներքո գործող մեկ այլ բեռնատար նավ ենթարկվել է կրակահերթի նույն հատվածում, սակայն վնասներ չի կրել և շարունակել է իր երթը՝ հաղորդում են ծովային անվտանգության աղբյուրները։
Անի Վարդանյան





























