ՔՊ ընտրական ցուցակի 60-րդ համար Նատալյա Սինորյանը իշխող թիմի ակտիվ ներկայացուցիչներից է։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, թե ո՞վ է նա, ի՞նչ կենսագրություն ունի և ի՞նչ ֆինանսական պատկեր է ներկայացնում նրա հայտարարագրերում։
Նատալյա Սինորյանը ծնվել է 1993 թվականի հունիսի 26-ին՝ Երևանում։ Ավարտել է ԵՊՀ «Ռուս բանասիրություն» ֆակուլտետի «Թարգմանչական գործ» բաժինը, ապա մագիստրատուրայում՝ սոցիոլոգիայի ֆակուլտետի հասարակայնության հետ կապերի բաժինը։ 2016-2017թթ. աշխատել է «Դիակոնիա» հիմնադրամում՝ որպես հասարակայնության հետ կապերի պատասխանատու։ 2018-2021թթ. եղել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի օգնականը։
2021 թվականի օգոստոսի 3-ից աշխատում է ԱԺ աշխատակազմում՝ որպես «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հասարակայնության հետ կապերի փորձագետ։ 2023 թվականի սեպտեմբերի 17-ին ընտրվել է Երևանի ավագանու անդամ՝ ՔՊ ցուցակով։ Համարվում է թիմի ակտիվ անդամներից, ներգրավված է նաև քարոզչական գործընթացներում, այդ թվում՝ «ուրախ ավտոբուսների» նախաձեռնություններում։
2024 թվական
Հայտարարագրել է 90 օր և ավել տրապետող Երևանում գտնվող անհատական բնակելի տուն՝ հողամասով և տնտեսական շինություններով։
Տրանսպորտային միջոց չի նշել։ Բանկային հաշիվներում ունեցել է 513,788 դրամ, 533,027 դրամ և 5,000 դրամ։ Կանխիկ դրամը՝ 200,000 դրամ և 100 դոլար։

Տարեկան եկամուտը կազմել է 7,658,976 դրամ, որից 5,258,976 դրամը՝ աշխատավարձ ԱԺ աշխատակազմից, իսկ 900,000 դրամը՝ Երևանի քաղաքապետարանից ստացված այլ եկամուտ։ Տարեվերջին վարկային պարտավորությունները հասել են 4,799,239 դրամի։

2023 թվական
Բանկային հաշիվներում ունեցել է 476,706 դրամ, 306,469 դրամ և 4,100 դրամ։ Կանխիկ դրամը՝ 200,000 դրամ և 100 դոլար։ Տարեկան եկամուտը կազմել է 9,275,370 դրամ, որից 5,630,370 դրամը՝ աշխատավարձ, իսկ 225,000 դրամը՝ Երևանի քաղաքապետարանից ստացված այլ եկամուտ։ Վարկային պարտավորությունները կազմել են 3,420,000 դրամ։
2022 թվական
Բանկային հաշիվների մնացորդը կազմել է 330,824 դրամ։ Կանխիկ դրամը տարվա սկզբին եղել է 200 դոլար և 100,000 դրամ, իսկ տարեվերջին՝ մոտ 120,000 դրամ։ Տարեկան եկամուտը կազմել է 7,112,411 դրամ, որից 4,968,200 դրամը՝ աշխատավարձ ԱԺ-ից, մնացածը վարկեր։ Ունեցել է 13 վարկ և փոխառություն՝ ընդհանուր 2,078,121 դրամ պարտավորությամբ։
2021 թվական
Պաշտոնը ստանձնելու տարում բանկային հաշիվներում ունեցել է ընդամենը 45,000 դրամ։ Կանխիկ դրամը՝ 100,000 դրամ և 200 դոլար։ Տարեկան եկամուտը կազմել է 4,637,660 դրամ, որից 3,843,860 դրամը՝ աշխատավարձ ԱԺ-ից մնացածը վարկեր։ Վարկային պարտավորությունները կազմել են 634,997 դրամ։
Սինորյանի ֆինանսական պատկերը ցույց է տալիս, որ տարիների ընթացքում եկամուտները որոշակի աճել են, սակայն զուգահեռաբար էականորեն մեծացել է նաև վարկային բեռը՝ 2021-ի շուրջ 635 հազար դրամից հասնելով 2024-ին գրեթե 4.8 միլիոն դրամի։






























