Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դատախազությունը մանրամասնում է, թե ՌԴ-ից Խորխոռունու uպանողին բերելու համար ինչ քայլեր են ձեռնարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազությունը մանրամասներ է հայտնում 28 տարի առաջ սպանված Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանության գործով Ռուսաստանի Դաշնությունում կալանավորվածի վերաբերյալ։

Հայտնել էինք, որ սպանության գործով անցնող Հրայր Նարիմանյանին ՌԴ իրավապահները կալանավորել էին։

Եվ ահա Գլխավոր դատախազությունից մեզ պաշտոնապես հայտնում են, թե ինչ գործընթացներ են իրականացվել սպանված Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանության գործով անցնող Հրայր Նարիմանյանին Հայաստան բերելու մասով․

«2025 թվականի նոյեմբերի 27-ին Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազություն է ուղարկվել քրեական վարույթով հետախուզվող Հրայր Համլետի Նարիմանյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով հանձնելու մասին միջնորդություն։

Միջնորդության հիման վրա ՌԴ գլխավոր դատախազությունը ՌԴ իրավասու մարմիններին հանձնարարել է հայտնաբերել և ձերբակալել Հ. Նարիմանյանին։

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Ինտերպոլի ԱԿԲ-ի 2026 թվականի մարտի 5-ի տեղեկության համաձայն՝ Հ. Նարիմանյանը 2026 թվականի մարտի 4-ին ձերբակալվել է ՌԴ իրավապահ մարմինների կողմից։

2026 թվականի մարտի 6-ին ՌԴ գլխավոր դատախազություն է ուղարկվել Հ. Նարիմանյանի հանձնման միջնորդությունը վերահաստատելու վերաբերյալ գրություն՝ միաժամանակ խնդրելով կալանավորել վերջինիս և անդրադառնալ նրան հանձնելու մասին միջնորդության քննարկմանը։

Միջնորդության քննարկման արդյունքների մասին տեղեկություն դեռևս ՀՀ գլխավոր դատախազությունում չի ստացվել»։

Հիշեցնենք, որ 2025 թվականի հուլիսի 25-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ բացահայտվել է Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը։ Ըստ նախաքննական մարմնի՝ Սասուն Առուշանյանը, Հրայր Նարիմանյանը և Արմեն Առաքելյանը 1998 թվականի դեկտեմբերի 10-ին, շահադիտական դրդումներով, Սասուն Առուշանյանի կազմակերպմամբ և համակատարմամբ իրականացրել են սպանությունը, ինչպես նաև ապօրինի կերպով ձեռք են բերել և պահել հրազեն։ ՔԿ-ի տվյալներով՝ Սասունը, լինելով զինծառայող, կազմակերպել է սպանությունը և 1998 թվականի նոյեմբեր–դեկտեմբերին այդ նպատակով պայմանավորվել է Լեռնային Ղարաբաղի բնակիչներ Հ.Ն.-ի և Ա.Ա.-ի հետ՝ նրանց խոստանալով համապատասխանաբար 10 000 և 15 000 դոլար։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս