Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսության տարածքում գտնվող թիվ 8031 ընտրատեղամասում ընթանում են Ռուսաստանի Դաշնության ութերորդ գումարման Դաշնային ժողովի Պետական դումայի ընտրությունները: Այս տեղամասում իրենց քաղաքացիական պարտքն են կատարում Շիրակի ու Լոռու մարզերում ժամանակավոր գտնվող ՌԴ քաղաքացիները:
ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ Հայաստանում գործող 6 ընտրատեղամասերից 4-ը գտնվում են Շիրակի մարզի տարածքում, որից մեկը՝ ՌԴ գլխավոր հյուպատոսարանում և երեքը՝ ռուսական 102-րդ ռազմական բազայում։
«Ամեն ինչ նորմալ ընթանում է։ Գոհ եմ քաղաքացիների մասնակցությունից: Ուրախալի է ՌԴ քաղաքացիների նման վերաբերմունքը իրենց քաղաքացիական պարտականության հանդեպ: Վստահ եմ՝ ընտրություններին մասնակիցների թիվը օրվա ընթացքում կավելանա»,- նշեց ՌԴ գլխավոր հյուպատոսը՝ տեղեկացնելով, որ տեղամասը բաց կլինի մինչև ժամը 20:00-ն, որից հետո հանձնաժողովը կանցնի հաշվարկին:
Պետդումայի ընտրություններում քվեարկությունն այս տարի անցկացվում է սեպտեմբերի 17-19-ը, միաժամանակ տեղի են ունենում տարածաշրջանային ու մունիցիպալ ընտրություններ: