Գլխավոր դատախազի ու նրա տեղակալների աշխատավարձերը շեշտակի կբարձրանան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում է սահմանել առանձնակի ռիսկային եւ մասնագիտացում պահանջող պաշտոնների շրջանակը: Եւ արդարադատության նախարարությունը որոշել է, որ գլխավոր դատախազի ու նրա տեղակալների պաշտոնները «առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող» են:

Սա դեռ ամենը չէ. ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս առանձնահատկություններով պայմանավորված աշխատավարձից բացի կտրվեն հավելումներ՝ աշխատավարձի 100-120 տոկոսի չափով: Ասել է թե՝ ՀՀ գլխավոր դատախազի ու նրա տեղակալների աշխատավարձերը շեշտակի կբարձրանան:

Այսպես, մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ արդարադատության նախարարությունը առաջարկում է ՀՀ գլխավոր դատախազի համար սահմանել հավելում ՝ 95 տոկոսի չափով, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ` 100 տոկոս, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ (հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության աշխատանքները համակարգող)՝ 120 տոկոս:

Ի դեպ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի (ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող) հավելման չափը կսահմանվի` 90 տոկոս, իսկ դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազինը` 100 տոկոս: Ի դեպ, այս հավելումները նրանք ստանալու են յուրաքանչյուր ամիս՝ աշխատավարձի հետ միասին:

Նշենք, որ այս նախագիծն իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հայտնվել է նոյեմբերի 1-ին, այս ընթացքում հավաքել է 1 «կողմ» եւ 1 «դեմ»:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս