ԱՄՆ Պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերի բյուրոն դատապարտել է Շուշիի մերձակայքում քաղաքացիական անձի սպանությունը։
«Մենք դատապարտում ենք բռնությունը, որը հանգեցրել է հայ քաղաքացիական անձի մահվան։ Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին ակտիվացնել իրենց ներգրավվածությունը, այդ թվում՝ Մինսկի խմբի համանախագահների միջոցով՝ լուծելու ԼՂ հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր չլուծված խնդիրները»,- ասված է գերատեսչության Тwitter-ում տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ 2021թ. նոյեմբերի 08-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի` գործով դեռևս չպարզված զինծառայողը Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ անցած տարածքից անցնելով ԱՀ Շուշի-Բերձոր ավտոճանապարհի «Շուշիի տակ» կոչվող տեղանք, Արցախի Հանրապետության բնակչությանն ահաբեկելու, նրանց մոտ վախի ու սարսափի մթնոլորտ ձևավորելու ձգտումով, ազգային, կրոնական ատելության շարժառիթով, ապօրինաբար երկու և ավելի անձանց կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, իր մոտ պահվող հրազենով կրակոցներ է արձակել ջրատար խողովակի վերանորոգում իրականացնող անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով Ստեփանակերտ քաղաքի 1998թ ծնված բնակիչ Մարտիկ Երեմյանը գլխի շրջանում ստանալով հրազենային-գնդակային վիրավորում՝ տեղում մահացել է, իսկ Գևորգ Մելքումյանը, Գագիկ Ղազարյանը և Արմեն Սարգսյանը ստացել են հրազենային վիրավորումներ։