Նոյեմբերի 18-ից 24-ը մեկնարկում է հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարի համաշխարհային շաբաթը` «Հակամանրէային դեղեր. կիրառե’լ պատշաճ» կարգախոսով: Հակամանրէային դեղերը կարևոր և արժեքավոր ռեսուրս են, այդ պատճառով ընտրված կարգախոսն արտացոլում է հակամանրէային դեղերի պատշաճ, նպատակային և միայն բժշկի նշանակմամբ օգտագործումը:
Հանրային առողջությանը սպառնացող` հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության ուժգնացող վտանգը պայմանավորված է առողջապահության, անասնաբուժության և սննդի արտադրության ոլորտներում հակամանրէային դեղերի ոչ պատշաճ օգտագործմամբ:
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս քարոզարշավի նպատակն է հասցնել յուրաքանչյուրին, որ հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությունը համաշխարհային առողջապահության համար արդիական հիմնախնդիր է:
Հարկ է նշել, որ 2011 թվականին Հայաստանն ԱՊՀ երկրների մեջ առաջիններից էր, որ միացավ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի նախաձեռնությանը՝ հակամանրէային դեղերի կիրառման մշտադիտարկման համակարգեր ներդնելու առումով, արդյունքում` արդեն ունենք դեղերի ընդհանուր կիրառման տվյալներ, որն ընդգրկում է 2002-2020 թվականները՝ հնարավորություն տալով վերլուծել Հայաստանում հակամանրէային դեղերի կիրառման ընդհանուր օրինաչափություններն ու տարածվածությունը՝ ըստ ԱՀԿ ATC դասակարգման տարբեր մակարդակների:
Հատկանշական է, որ 2020 թվականին նախորդ տարվա համեմատ՝ 54.3%-ով աճել է հակաբակտերիային (J01) դեղերի սպառումը (17.34DID), համամասնորեն նաև հակասնկային (J02) դեղերինը (աճը՝ 54.95%), քանի որ մեր երկրում դեռևս հակաբիոտիկների հետ առաջարկում են հակասնկային դեղեր, իսկ ակնհայտորեն COVID 19-ով պայմանավորված անհամեմատ բարձր է հակավիրուսային (J05) դեղերի սպառումը (աճը՝ 184.8%): Այս տվյալները պարբերաբար հրապարակվում ԱՀԿ հաշվետվություններում (https://www.euro.who.int/en/publications/abstracts/who-regional-office-for-europe-antimicrobial-medicines-consumption-amc-network-amc-data,-2014-2018-2021):
2020 թվականին հակաբիոտիկների կիրառումը Հայաստանում հատկապես մտահոգիչ և անկառավարելի դարձավ COVID 19-ի համավարակի ընթացքում, քանի որ, երբեմն, պացիենտները զբաղվում են ինքնաբուժմամբ, կիրառում են պահուստային հակաբիոտիկներ` չպահպանելով դեղաչափը և խախտելով կիրառման տևողությունը, ինչը մեծապես նպաստում է դեղակայունության հիմնախնդրի առավել սրացմանը: Նաև շատ կարևոր է առաջնային օղակի բժիշկների կողմից հակաբիոտիկների ճիշտ և թիրախային նշանակումը:
Առողջապահության նախարարության կողմից, ԱՀԿ աջակցությամբ, 2020 թվականին առողջության առաջնային պահպանման օղակի բժիշկների համար մշակվել և հաստատվել է կլինիկական 8 ուղեցույց, կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ:
Համագործակցելով բժիշկների, դեղագետների, անասնաբույժների, գիտական ոլորտի ներկայացուցիչների և շրջակա միջավայրի պաշտպանության մասնագետների հետ` անհրաժեշտ է հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության կանխարգելման նպատակով համախմբել ուժերը «Մեկ առողջություն» գաղափարի շուրջ: