Նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը Սյունիքի մարզում մեկնարկել է համայնքային, կրթական և սոցիալական նշանակության մի շարք խնդիրների լուծմանն ուղղված ծրագրեր:
Այս մասին տեղեկանում ենք հիմնադրամի տարածած հաղորդագրությունից, որտեղ նշված է, որ աշխարհասփյուռ գործընկերների միջոցներով՝ առաջին փուլով Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերում տեղադրվում են արևային ջրատաքացուցիչներ:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ սահմանամերձ դարձած Շուռնուխ գյուղը միացված չէ գազամատակարարման ցանցին, էլեկտրականությունից օգտվելու համար էլ բնակիչների գումարը չի բավարարում: Արևային ջրատաքացուցիչների շնորհիվ՝ բնակիչները ջուր տաքացնելու համար այլևս ստիպված չեն լինի փայտ վառել: Այստեղ արևային ջրատաքացուցիչներով կապահովվեն գյուղի բոլոր ընտանիքները:
Այսուհետ, Խոզնավար գյուղը ևս կօգտվի արևային էներգիայից: Տներից 33–ում արդեն իսկ տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ, աշխատանքները շարունակվում են: Նախատեսվում է արևային ֆոտովոլտային կայաններ տեղադրել նաև համայնքային նշանակության կառույցների վրա:
Նշվում է, որ Արավուս համայնքում արդեն 13 տուն ապահովված է արևային ջրատաքացուցիչով: 150 բնակիչ կազատվի տաք ջրի համար պահանջվող ծախսերից՝ շուրջ 70% նվազեցնելով գազի ծախսը:
Դավիթ Բեկ համայնքում կտեղադրվի նաև 109 արևային ջրատաքացուցիչ: Արևի ջերմությունը պատերի ներսում պահպանելու համար, փոխվել են նաև համայնքի դպրոցի դռներն ու լուսամուտները, ամրացվում է տանիքը։ Նույն աշխատանքները կտարվեն Ճակատեն համայնքում:
Հիմնադրամից ընդգծում են, որ այսուհետ «Հայաստան» համահայկական հիմնադրամն առանձնակի ուշադրություն կդարձնի Սյունիքի մարզի համայնքների առաջնային խնդիրներին:
Հանրապետության նախագահ, Հիմնադրամի հոգաբարձուների խորhրդի նախագահ Արմեն Սարգսյանն, այցելելով Սյունիքի մարզի համայնքներ և հանդիպելով համայնքապետերի հետ, նրանց առաջարկել էր ներկայացնել տեղեկություններ համայնքների առաջնային խնդիրների մասին: Նախագահը պատրաստակամություն էր հայտնել հնարավորությունների սահմաններում աջակցել դրանց լուծմանը:
Քննարկումների արդյունքում՝ մի շարք խնդիրների լուծման նպատակով կազմվել էր հատուկ ծրագիր, որն իրականացվում է փուլ առ փուլ՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի ու «Հայաստան» համահայկական հիմնադրամի համատեղ ուժերով: