«ՄԵՐ ԹԱՂԻ ՏՂԵՐՔԸ». ՆՈՐ ՍԵՐԻԱԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուտով ATV հեռուստաընկերության  եթերում ռեժիսոր Ելենա Արշակյանը կներկայացնի նոր հեռուստասերիալ, այն հեռուստաեթերում կլինի նոյեմբերի 29-ից:  Ռեժիսորի նոր նախագիծը կոչվում է «Մեր թաղի տղերքը»:

 

Նոր հեռուստասերիալի մանրամասների մասին ArmLur.am-ը զրուցել է նախագծի պրոդյուսեր Ելենա Արշակյանի հետ:

Նշենք, որ սերիալում նկարահանվում են Մերի Հակոբյանը, Էթերի Ոսկանյանը, Թելման Խաչատրյանը, Արսեն Լեւոնյանը, Հայկ Պետրոսյանը, Տատա Մելքոնյանը, Էրվին Ամիրյանը, Անահիտ Մանուկյանը: Վերջինս հեռուստադիտողին հայտնի չէ. սովորում է Թատերական ինստիտուտի ասպիրանտուրայում:

«Ինչպես իմ մյուս բոլոր նախագծերում, այս անգամ եւս պրոֆեսիոնալ դերասանների կողքին աշխատում եմ  նաեւ նորավարտ դերասանների հետ» -պատմեց Ելենան:

Ելենա Արշակյանի խոսքով՝ անդրադարձել են շատ արդիական եւ նուրբ թեմայի՝ ծնող-որդի փոխհարաբերություններին:

«Ֆիլմը ընկերության, բարության, ծնողի միակողմանի կայացրած որոշումները երեխայի հետագա կյանքի վրա էական ազդեցություն ունենալու մասին է»,-ընդգծում է նա:

Ելենան հայտնեց, որ արդեն սկսել են նկարահանումները:

Նշենք, որ Ելենանա Արշակյանը ծնվել է 1984 թվականի հուլիսի 2-ին Երեւանում։

Միջնակարգ ընդհանուր կրթություն ստացել է Երեւանի Սիամանթոյի անվան թիվ 162 դպրոցում։ 2001-2007 թթ սովորել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրա բաժնում՝ ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանի արվեստանոցում։

2004 թ.-ից աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում՝ որպես ժամանցային հաղորդումների սցենարի հեղինակ։

2007 թ.-ին «Նոր ալիք» ժամանցային եւ երաժշտական հեռուստաալիքը ներկայացնում է «Ինտերֆեյս» հաղորդումը, որի համահեղինակն ու հաղորդավարը Ելենան էր։

2014 թ. Հանրային հեռուստաընկերությունը եթեր է հեռարձակել «Մեր գյուղը» 16 մասից կազմված հեռուստասերիալը, որը պատմում է գյուղի առօրյա խնդիրների, հոգսերի եւ մարդկային փոխհարաբերությունների մասին։ Սերիալի հերոսները մեր կողքին ապրող պարզ եւ հասարակ մարդիկ են։ Հեռուստասերիալում իրենց մասնակցությունն են ունեցել ՀՀ վաստակավոր արտիստներ Դավիթ Հակոբյանը, Արա Դեղտրիկյանը, Վրույր Հարությունյանը, Ջուլիետա Ստեփանյանը, սիրված եւ ճանաչված դերասանուհի Սոֆյա Սարգսյանը։ Հեռուստասերիալի ստեղծագործական կազմը շուտով հանդիսատեսի դատին է հանձնում նաեւ «Մեր գյուղը» գեղարվեստական ֆիլմը, որը ներկայացվում է «Ոսկե ծիրան», «Կին» եւ Կանադայի «Նուռ» միջազգային կինոփառատոներին։ Վերջինիս ժամանակ ֆիլմն արժանանում է երկու մրցանակի՝ «Տարվա լավագույն ֆիլմ» եւ «Հանդիսատեսի համակրանք»։

Նրա հաջողված հեռուստասերիալներից են՝ «Սիրուն Սոնա», «Շիրազի վարդը», «Ծաղիկներ՝ ձյան տակ», «Օջախի երգը»:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

«ԴՐԱԽՏԻ ԴԱՐՊԱՍԸ» ՖԻԼՄԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՈՒՄ

Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմը, որն անդրադառնում է արցախյան պատերազմին, Օնտարիոյի (Կանադա) միջազգային կինոփառատոնում հաղթող է ճանաչվել միանգամից 4 անվանակարգերում («Լավագույն ձայն», «Լավագույն երաժշտություն», «Լավագույն սցենար», «Լավագույն միջազգային ֆիլմ»):

 

Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնից: Ռեժիսորի խոսքով՝ «Դրախտի դարպասը» ֆիլմ է, ավելի շատ՝ հայացք՝ դրսից դեպի Արցախը:

«Դրախտի դարպասը» ֆիլմի  միջազգային ցուցադրությունների շարքն սկսել է սեպտեմբերի 17-ին Լոս Անջելեսի «Ալեքս» կինոթատրոնում: Ամերիկյան պրեմիերայից հետո ֆիլմը ցուցադրվել է Բելգիայի Գենտ քաղաքում, Դետրոյթում, հոկտեմբերի 8-ին՝ Նյու Ջերսիի Սուրբ Լեւոն եկեղեցում, հոկտեմբերի 10-ին՝ Բոստոնի West Newton Cinema-ում։ Հոկտեմբերի 15-ին Կանադայում ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանի հովանու ներքո Տորոնտոյի «Յորք» կինոթատրոնում տեղի է ունեցել ֆիլմի նաեւ կանադական պրեմիերան, եւ նույն օրը մեկնարկել է ֆիլմի ցուցադրությունների շարքը՝ Մոնրեալի Cinռmas Guzzo Mega-Plex Sphretech-ում:

Կինոդիտողների մեծ լսարանի շնորհիվ ֆիլմի ցուցադրությունները Cinemas Guzzo-ում երկու անգամ երկարաձգվել են:  Ցուցադրությունները շարունակվել են հոկտեմբերի 24-ին Վաշինգտոնի (Կոլոմբիայի շրջան) Սուրբ Խաչ եկեղեցում, հոկտեմբերի 27-ին՝ Սակրամենտոյում, հոկտեմբերի 28-ին՝ Սան Ֆրանցիսկոյի Elmwood Theater-ում:

«Դրախտի դարպասը» Ջիվան Ավետիսյանի՝ արցախյան թեմատիկայով երրորդ լիամետրաժ ֆիլմն է։ Այն ութ երկրների համատեղ արտադրություն է՝ Հայաստան, Լիտվա, Գերմանիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Չեխիա, Իտալիա, ԱՄՆ։

Ֆիլմի դերասանական կազմում ընդգրկվել են Ռիխարդ Զամելը՝ Գերմանիայից, Տատյանա Սպիվակովան՝ Ֆրանսիայից, Լեոնարդաս Պոբեդոնոսցևասը՝ Լիտվայից, Նաիրա Զաքարյանը՝ ԱՄՆ-ից, Սոս Ջանիբեկյանը՝ Հայաստանից, եւ այլ սիրված դերասաններ՝ Հայաստանից եւ արտերկրից։ Նկարահանումներն իրականացվել են Արցախում եւ Լիտվայում։

Ֆիլմը կյանքի է կոչվել Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ:

 

 

ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ

Իտալական «Միլանն» ու շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը պատրաստ են երկարաձգել համագործակցությունը։ 40-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչեւ 2023թ. հունիս. հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։ Ընթացիկ մրցաշրջանում Իբրահիմովիչը «Միլանի» հետ մասնակցել է 8 հանդիպման, խփել 3 գոլ։ «Միլանը» պատրաստվում է երկարաձգել պայմանագրերը նաեւ 24-ամյա ֆրանսիացի պաշտպան Տեո Էրնանդեսի, 22-ամյա պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուի եւ 23-ամյա ալժիրցի կիսապաշտպան Իսմայել Բենասերի հետ։

 

 

2 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈ

Շախմատային թագի համար մրցամարտի մրցանակային հիմնադրամը 2 միլիոն եվրո է։ Տիտղոսը կպաշտպանի նորվեգացի Մագնուս Կարլսենը։ Հավակնորդը ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին է։ «Հաղթողը կստանա 2 միլիոն եվրոյի 60 տոկոսը։ Եթե պայքարը հասնի թայ-բրեյքի, ապա հաղթողը կստանա 55 տոկոսը, պարտվողը՝ 45 տոկոսը։ Կասպարովի մասնակցությամբ չեմպիոնական մրցամարտերից հետո սա ամենալուրջ ֆինանսական պայմաններն են աշխարհի չեմպիոնի մրցամարտերում։ Բյուջեի մեծ մասն ապահովել են հովանավորները»,- ասել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի ռուսաստանցի նախագահ Արկադի Դվորկովիչը gazeta.ru-ին։ Չեմպիոնական մրցամարտը տեղի կունենա նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 14-ը Դուբայում։

 

 

ՄԵՆԱԿԱՏԱՐԸ ՄԱՀԱՑԵԼ Է

79 տարեկանում մահացել է «Tokens» խմբի մենակատար Ֆիլիպ Մարգոն. հայտնում է The Sun-ը։ Մահը վրա է հասել Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում սրտի նոպայի հետեւանքով։ Մարգոն կատարել է «The Lion Sleeps Tonight» հիթը, որը թողարկվել է 1961թ.-ին եւ դարձել է 1994թ.-ին դարձել է Disney ստուդիայի «Առյուծ արքան» մուլտֆիլմի գլխավոր երգը։ Երգի թողարկման ընթացքում երաժիշտները վստահ չէին, որ այն հաջողություն կունենա, սակայն երգը երեք շաբաթ մնացել է «Billboard 100» շքերթի բարձր հորիզոնականներում։ «Առյուծ արքան» մուլտֆլիմի պրեմիերայից հետո հայտնիության նոր ալիքն ուրախացրեց արտիստներին։ «Այն ժամանակակից է դարձել, եւ մենք նրա հետ ենք։ Ես հիացած եմ»,- ասել է Ֆիլիպ Մարգոն։

 




Լրահոս