ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում եւ պետական նշանակության այլ օբյեկտներում ու հասարակական վայրերում բռնություն գործադրելով, ջարդ իրականացնելով, գույք ոչնչացնելով, վնասելով կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելով արտահայտված զանգվածային անկարգություններ կազմակերպելու, դրանց մասնակցելու, զանգվածային անկարգությունների ժամանակ մասնակիցների կողմից իշխանության ներկայացուցիչների օրինական պահանջներին ակտիվորեն չենթարկվելու կամ անձանց նկատմամբ բռնություն կիրառելու կոչերի, իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի, ինչպես նաեւ Ազգային ժողովին եւ կառավարությանը պարտադրելու, ապօրինի զենք, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի ընթացքում հավաքված բավարար ապացույցների համակցության հիման վրա եւս երեք անձի մասով նախաքննությունն ավարտվել, նրանց նկատմամբ գործն անջատվել է առանձին վարույթում եւ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ գործն ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ հիշատակված բազմադրվագ քրեական գործով քննչական խմբի կողմից իրականացված նախաքննության ընթացքում զանգվածային անկարգություններին մասնակցելու, կողոպուտ եւ տարաբնույթ այլ հանցագործություններ կատարելու համարվարույթն իրականացնող մարմնի կողմից քրեական հետապնդումներ են հարուցվել զանգվածային անկարգության շուրջ 53 մասնակիցների կամ կազմակերպիչների նկատմամբ, որոնցից 27 անձի նկատմամբ անջատվել եւ մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 9 քրեական գործ:
Ընդ որում, դատարան ուղարկված քրեական գործերի դատաքննության արդյունքներով 7 անձանց վերաբերյալ արդեն իսկ կայացվել են մեղադրական դատավճիռներ, ովքեր դատապարտվել են ազատազրկման ձեւով պատժատեսակների, իսկ մնացած անձանց մասով դատական քննությունն ընթացքի մեջ է:
Հարկ է նշել, որ նախաքննական մարմնի կողմից ձեռնարկված քննչական եւ այլ դատավարական գործողությունների, ինչպես նաեւ դրանց զուգահեռ իրականացված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզաբանվել են շուրջ 550-ից ավելի անձանց ինքնությունները, ինչպես նաեւ ճշտվել են զանգվածային անկարգության այլ մասնակիցների տվյալները, որոնց հայտնաբերման ուղղությամբ իրականացվում են ակտիվ որոնողական աշխատանքներ:
Քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել մեծածավալ օպերատիվ-հետախուզական եւ քննչական գործողություններ՝ զանգվածային անկարգությունների կազմակերպիչների, ունեցած դերակատարության, կատարված հանցագործությունների ամբողջական պատկերի բացահայտման, դեպքի հետ առնչություն ունեցած այլ անձանց ինքնությունները պարզելու եւ նրանց նկատմամբ քրեական հետապնդումներ սկսելու ուղղությամբ:
Միաժամանակ, հայտնվում է, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հետեւողական պայքար է տանելու սահմանադրական կարգի հիմունքների եւ պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կանխման, խափանման եւ դրանց բացահայտման ուղղությամբ՝ հասարակության լայն շերտերին կոչ անելով դրսեւորել բացառապես իրավահպատակ վարքագիծ եւ տուրք չտալ անձնական կամ այլ մղումներով պայմանավորված, երկրի ներքին անվտանգությունն ապակայունացնող սադրիչ կոչերին ու հորդորներին:
Ն. Պ.
ՈՐՈՇՈՒՄ՝ ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ
Պետական դավաճանության գործով անցնող ամուսիններ Մայիս Սահակյանի ու Ստելլա Սարգսյանի գործով նիստերը այսուհետ կանցնեն դռնփակ: Այս մասին դատարանը որոշում է կայացրել, քանի որ վտանգ է տեսնում՝ պետական գաղտնիքի հետ կապված:
Հիշեցնենք, որ Մայիս Սահակյանը, ըստ մեղադրանքի, կնոջ՝ Ստելլա Սարգսյանի օժանդակությամբ լրտեսության, ռազմական բնագավառում պետական եւ ծառայողական գաղտնիքի շարքին դասվող տեղեկություններ հավաքելու ու հանձնելու, ինչպես նաեւ թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչին այլ օգնություն ցույց տալու եղանակով կատարել է պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության եւ արտաքին անվտանգության: Ստելլա Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ամուսնու՝ Մայիս Զավենի Սահակյանի կողմից լրտեսության, ռազմական բնագավառում պետական եւ ծառայողական գաղտնիքի շարքին դասվող տեղեկություններ հավաքելու ու հանձնելու, ինչպես նաեւ թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչին այլ օգնություն ցույց տալու եղանակով պետական դավաճանություն կատարելուն օժանդակելու դիտավորությամբ տրամադրել է անհրաժեշտ միջոցներ, ինչպես նաեւ վերացրել է այդ կապակցությամբ առկա խոչընդոտները: Մայիս Սահակյանը կալանքի տակ է, կինը՝ ազատության մեջ։ Ըստ ԱԱԾ-ի հայտնած տվյալների՝ ամուսինները նախկինում գտնվել են Թուրքիայում, Մայիս Սահակյանը հայտնվել է այդ երկրում գործունեություն ծավալած ադրբեջանական հետախուզական ծառայությունների տեսադաշտում եւ հավաքագրվել նշված կազմակերպության ներկայացուցչի կողմից: Այնուհետեւ վերադառնալով մշտական բնակության վայր՝ Հայաստանի քաղաքացին Թուրքիայում բնակվող իր ծանոթի միջոցով օտարերկրյա հետախուզության ծառայության աշխատակցին է փոխանցել իր բջջային հեռախոսահամարը: Ըստ ԱԱԾ տվյալների՝ տեղի ունեցած հեռախոսազրույցների ընթացքում ՀՀ քաղաքացին համաձայնել է ի վնաս Հայաստանի եւ Արցախի տարածքային անձեռնմխելիության ու արտաքին անվտանգության տեղեկություններ տրամադրել թշնամական գործունեությամբ զբաղվող նշված կազմակերպության ներկայացուցչին։ Մասնավորապես, քաղաքացին զինված ուժերի, սպառազինությունների մասին պետական գաղտնիք կազմող տեղեկությունների դիմաց վարձատրվել է։
«ՀՀ քաղաքացին թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչին օգնություն ցույց տալու կապակցությամբ ծավալած հանցավոր գործունեության ընթացքում հավաքել է պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տվյալներ, ինչպես նաեւ այլ բնույթի տեղեկություններ, որոնք ինչպես անձամբ, այնպես էլ կնոջ միջոցով օտարերկրյա հետախուզության ծառայության աշխատակցի հետ համացանցային կապի ընթացքում փոխանցել է վերջինիս եւ դրա դիմաց որպես վարձատրություն ստացել շուրջ 1 500 դոլար գումար»,- ասված է եղել գործի վերաբերյալ ԱԱԾ հաղորդագրության մեջ։
Ք.Մ.
ՉԱՐՉՅԱՆԻ ԴԱՏԸ
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ավան եւ Նոր Նորք նստավայրում, նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, տեղի է ունեցել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանի գործով դատական նիստը: Նիստերի դահլիճում ներկաները ծափահարություններով են դիմավորել Չարչյանին: Նշենք, որ այս ընթացքում Արմեն Չարչյանի առողջական վիճակը պարբերաբար վատանում է, սակայն նա շարունակում է մնալ կալանքի տակ: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության բողոքը բավարարել էր։ Դատարանի որոշումից հետո Արմեն Չարչյանը սեփական նախաձեռնությամբ գնացել էր քրեակատարողական հիմնարկ, ապա՝ կալանավորվել, ապա Չարչյանի առողջական վիճակը վատթարացել է, ու նա տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց։ Չարչյանը օգոստոսի 24-ին տարել է սուր ինֆակտ, ունի ծանր շաքարային դիաբետ եւ ընդունում է 92 միավոր ինսուլին, ինչն ուղղակի անհամատեղելի է կալանքի հետ, եւ այս անհամատեղելիությունը հաստատվում է Կառավարության 825Ն որոշմամբ: Չարչյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):
ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿՈՉԵՐԻ ՀԱՄԱՐ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին նկատմամբ բռնության կոչեր արած անձանց մասով դատարանը հրապարակում է դատավճիռներ: Խորեն Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա սոցիալական կայքի իր էջում՝ հանրային հասանելի հարթակով, քաղաքական հայացքներով պայմանավորված, ՀՀ վարչապետի նկատմամբ 2020 թվականի դեկտեմբերի 20-ին կատարել է բռնության գործադրելու հրապարակային կոչեր: Դատարանը Խորեն Հովհաննիսյանին մեղավոր է ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 226.2 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ եւ որպես պատիժ նշանակել տուգանք` ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասնապատիկի` 70.000 (յոթանասուն հազար) ՀՀ դրամի չափով: Խորեն Հովհաննիսյանի նկատմամբ ընտրված ստորագրությունը չհեռանալու մասին խափանման միջոցը թողել են անփոփոխ մինչեւ դատավճռի՝ օրինական ուժի մեջ մտնելը: