Աշակերտները դասերին վերարկուներով են նստում. պատգամավորն ահազանգին ընթացք է տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի դպրոցի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Պարզվում է՝ այս դպրոցը չի ջեռուցվում, իսկ աշակերտները դասերին նստում են վերարկուներով: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ դպրոցի սաների ծնողները բողոքի ակցիա են անցկանցում պահանջելով՝ ջեռուցել դպրոցը:

Սա դեռ ամենը չէ. դպրոցի շենքը վթարային վիճակում է գտնվում: Ծնողները մտահոգված են, ասում են, որ շենքը կփլվի երեխաների գլխին: Ի դեպ, այս խնդրի մասին նրանք արդեն երկու տարի է, ինչ ահազանգում են եւ եթե այս տարի հարցը չլուծվի, երեխաներին պարզապես դպրոց չեն բերի:

ArmLur.am-ը խնդրի շուրջ դիմեց ՀՀ Ազգային Ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին: Պարզվեց՝ բարձրաշենցի ծնողներն այս խնդրի մասին ահազանգել են նաեւ պատգամավոր Թագուհի Թովմասյանին:

«Խնդրի մասին տեղյակ եմ, քանի որ ահազանգ եմ ստացել, որ Արարատի մարզի Բարձրաշեն համայնքում դպրոցահասակ երեխաները ստիպված են վերարկուներով և գլխարկներով անցկացնել դասը: Ինձ դիմած բնակիչները նաև նշում էին, որ դպրոցում ուսուցումը խիստ վտանգավոր է շենքի վթարայնության պատճառով, և որ ամեն պահի առկա է փլուզման վտանգ: Անվտանգային խնդիրներին զուգահեռ մարդիկ բարձրացնում էին նաև դպրոցում տարրական կենցաղային պայմանների բացակայության հարցը: Իմ շտապ հանձնարարականով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղարության փորձագետը կապ է հաստատել ՀՀ Արարատի մարզպետարանի կրթության բաժնի պետի հետ: Վերջինս նշել է, որ դպրոցը ստացել է 4-րդ կարգի վթարային աստիճան, և բազմաթիվ դիմում-բողոքներից հետո կառավարությունը դպրոցի վերանորոգումը ներառել է 2022թ. համապատասխան ծրագրում։ Այս պահին մասամբ վերանորոգվել են հոսանքալարերը, որպեսզի ձմռանը հնարավոր լինի էլեկտրական տաքացուցիչներով ջեռուցել դասասենյակները»,- իրավիճակը ներկայացրեց պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Ապա խոստացավ հետևողական լինել այս հարցում. «Երեխաների իրավունքները մեր երկրում պետք է լինեն պաշտպանված»:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս