Երևան-Ստամբուլ-Երևան չվերթի ուղևորները կազատվեն օդի տուրքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևան-Ստամբուլ-Երևան ուղղությամբ չվերթների համար ուղևորները կազատվեն օդի տուրքից: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասացին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից:

«Այն ուղղությունները, որոնք վերջին 12 ամսում չեն սպասարկվել և նոր սկսում են սպասարկվել, և առնվազն 1 տարի այդ ուղղությամբ թռիչքներ պետք է իրականացվեն գոնե շաբաթական մեկ անգամ, ազատվում են օդի տուրքից: Դա միայն Ստամբուլին չի վերաբերում, շատ-շատ ուղղություններ այդ սկզբունքով ազատվել են օդի տուրքից», – պարզաբանեցին Կոմիտեից:

Ըստ կոմիտեի կայքի՝ Ստամբուլ ուղղությունն ազատվել է օդի տուրքից 2022-ի փետրվարի 2-ից մինչև 2025-ի փետրվարի 2-ը՝ այսինքն`3 տարով:

Իսկ օրինակ 2021-ի սեպտեմբերի 29-ից մինչև 2024-ի սեպտեմբերի 29-նն էլ օդի տուրքից ազատվել է Վիլնյուսի ուղղությունը: Որոշակի ժամանակահատվածով ազատված են նաև Միլան, Հռոմ, Կալուգա, Օդեսա, Ֆրանկֆուրտ և մի շարք այլ ուղղություններ:

Օդի տուրքը կազմում է 10 հազար դրամ, այն ներառվում է տոմսի գնի մեջ:




Լրահոս