Դեռևս փետրվարի 2-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանի հրամանագրով՝ Արմեն Գիչյանն ազատվել է ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնից: «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Գիչյանի ազատումը նախապատմություն է ունեցել ու ազատումը կապված է մի միջադեպի հետ: Թե ինչը դուր չի եկել Ալեն Սիմոնյանին, որին հետևել է հրաժարականի դիմումը, կողմերը չեն բարձրաձայնում:
Ամեն դեպքում ArmLur.am-ը փորձեց տեղեկությունները ճշտել Ալեն Սիմոնյանից, նախ պարզել, թե որն է եղել Գիչյանի ազատման պատճառը, ինչպես է մեկնաբանում նախագահի ժամանակավոր պաշտոն զբաղեցնելու պայմաններում նրա կողմից կատարվող կադրային փոփոխությունները, ՀՀ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ այդ ազատման վերաբերյալ որևէ տեղեկություն գոյություն չունի:
Իսկ մեր ունեցած տեղեկությունների վերաբերյալ կարճ ասաց. «Առանց մեկնաբանության»: