ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով քննվող քրեական գործով քննություն է տարվում՝ Արարատյան փողոցում գտնվող փակ բաժնետիրական ընկերության տարածքում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախնական տվյալներով 2022թ. մարտի 2-ին՝ ժամը 18:50-ին, հիշյալ ընկերության անվտանգության պետը ահազանգել է ՀՀ ոստիկանություն և տեղեկացրել, որ ընկերության աշխատակիցներից մեկը ոչ սթափ վիճակում հարվածել է անվտանգության աշխատակիցներից մեկին, ապա վնասել է վարչական շենքի մուտքի դուռը և նռնակը ձեռքին սպառնում է ինքնասպան լինել:
Նույն օրը՝ ժամը 20:05-ին, «Շենգավիթ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «աջ սրունքի ոսկորների փակ կոտրվածք և դեմքի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել քաղաքացի, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է Արարատյան փողոցում:
Անմիջապես դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հիշյալ ընկերության աշխատակիցն իր մոտ ապօրինի պահվող «Ֆ1» տեսակի նռնակով ներս է մտել ընկերության տարածք, այնուհետև վիճաբանել է աշխատակիցներից մեկի հետ, որից հետո կոտրելով ընկերության գրասենյակի մուտքի դուռը և բակում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի հետևի հողմապակին՝ սպառնացել է իրեն պայթեցնել: Տարված բացատրական աշխատանքների շնորհիվ վերջինս իր ձեռքի նռնակը նետել է տարածքից դուրս, որը պայթել է:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, հայտնաբերվել են արնանման հետքեր, մեկ հատ մետաղյա պնդօղակ՝ իր մետաղյա ելուստով, ինչպես նաև ընկերության տարածքից դուրս մոտ 50 սմ տրամագծով պայթյունի կոնաձև օջախ: Հարցաքննվել են ընկերության մի խումբ աշխատակիցներ:
Նույն օրը հիշյալ ընկերության՝ 32-ամյա աշխատակիցը ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն: