Ապարանի Հ. Ոսկանյանի անվան համար 2 դպրոցի շուրջ բորբոքված կրքերը չեն հանդարտվում: ArmLur.am-ին է դիմել դպրոցի նախկին տնօրեն Նաիրա Ղազարյանը եւ պատմել, որ դպրոցի տնօրենի համար հայտարարված մրցույթն անհասականալի պատճառներով երկու անգամ չի կայացել: Առաջին մրցույթը պետք է կայանար փետրվարի 14-ին: Նաիրա Ղազարյանի խոսքով, մրցույթը տապալվել է, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի եւ փոխմարզպետ Էդգար Փարվանյանի ակտիվ ջանքերով:
«Փետրվարի 14-ին մարզպետարանի 4 աշխատակիցները՝ Հակոբ Ստեփանյանը, Սուրիկ Սարգսյանը, Նորիկ Գալստյանը եւ Արմեն Կարապետյանը չեն ներկայացել: Խորհուրդի որոշմամբ, մրցույթը հյետաձգվել է 5 աշխատանքային օրով: Այն պետք է կայանար փետրվարի 21-ին, սակայն այս նիստը չկայացավ, քանի որ մարզպետարանի 4 աշխատակիցները դարձյալ չեն ներկայացրել: Ցավոք, մերօրյա ՀՀ ԱԺ պատգամավոր Մաթևոս Ասատրյանը եւ Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանը համապատասխան ատյաններում զբաղված են ոչ թե մեր հայրենիքի բարօրության համար կարեւոր խնդիրների լուծմամբ, այլ հովանավորչությամբ՝ վերջիններս չարաշահելով պաշտոնական դիրքը, մարզպետարանի համապատասխան լծակներով ճնշումներ են գործադրել հանձնաժողովի անդամների վրա եւ ձախողել մրցույթը, արդյունքում մարզպետի կամայական եւ սուբյեկտիվ որոշումով դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել փոխմարզպետ Էդգար Փարվանյանի եղբոր կինը՝ Աննա Ներսիսյանը: Պետք է նշեմ, որ լուրեր են պտտվում այն մասին, որ դպրոցի տնօրենի առաջիկայում կայանալիք մրցույթին նա մասնակցելու է»,- իրավիճակը ArmLur.am-ին ներկայացրեց Նաիրա Ղազարյանը:
Ի դեպ, մեր զրուցակիցը նկատեց, որ ՔՊ-ական պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի հետ չի կարողացել հանդիպել. բազմաթիվ զանգերն ու նամականերն անպատասխան են մնացել: Տիկին Ղազարյանն ArmLur.am-ին հայտնեց, որ անգամ այցելել է պատգամավորի տուն, սական անարդյունավետ, Ասատրյանին չի հանդիպել:
Ինքը՝ Մաթեւոս Ասատրյանը, ArmLur.am-ի հետ զրույցում պնդեց, որ չի ճանաչում Նաիրա Ղազարյանին. «Ես չեմ ճանաչում այդ անձնավորությանը: Բողոք ունի թող իրավապահ մարմիններին դիմի: Իր խնդիրը իրավապահ դաշտում է, թող դիմի իրենց:: Ես լիազորություն չունեմ, որ իրեն արգելեմ ընտրվել կամ ոչ: Մի քանի անգամ լսել եմ, որ փորձեր է անում ինձ հետ հանդիպել: Ես հարկ չեմ համարում լսել նմատիպ մարդկանց, ովքեր իրենցից նախ՝ վտանգ են ներկայացնում, երկրորդն էլ՝ ուղղակի ցանկություն չունեմ նման մարդկանց հետ հանդիպելու: Շատ ափսոսում եմ, որ մանկավարժը նման հասկացողություն ունի կամ փորձում է կայանալ ինչ որ մեկի վրա ցեխ շպրտելով: Ինձ համար դրանք անհետաքրքիր թեմաներ են եւ ընդհանրապես չեմ ուզենա ժամանակս ծախսեմ նմանատիպ բաների վրա:
Ես չեմ միջամտում նման հարցերին, որ միջամտեի վաղուց կանեի. չորս տարի է պատգամավոր եմ, մեկը չի կարող ասել, որ իրեն խանգարել եմ իր գործունեության ընթացքում»:
Իսկ ահա Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանը հաստատեց այն տեղեկությունը, որ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Ներսիսյանն իր եղբոր կինն է:
«Դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն իմ եղբոր կինն է: Ինքը բավականին մեծ փորձ ունեցող մանկավարժ է, նա ստացել է հավաստագիր: Արտառոց բան չկա այդտեղ: Մնացածը իրականությանը չեն համապատասխանում: Դա մրցույթային կարգով կարգավորվող գործընթաց է եւ ով հավաստագիր ունի, կարող է մասնակցել: Ես չեմ ուզում մանր բաների մեջ մտնեմ, չգիտեմ ինչեր է խոսում»,- պարզաբանեց Փարվանյանը:
Սակայն Նաիրա Ղազարյանը շարունակում է պնդել, որ այս պաշտոնյաները «շրջանցում են տնօրենի ընտրության գործընթացը կարգավորող իրավական ակտերի պահանջները. 2021թ դեկտեմբերի 5-ին Ապարանում տեղի ունեցան համայնքապետի ընտրություններ: Ընտրություններից մի քանի օր առաջ ինձ կանչեցին մարզպետարան, որպեսզի ՔՊ-ական ցուցակով հանդես գամ որպես ավագանու անդամ, հրաժարվեցի: Մտահոգ մարդիկ տեղեկացրին, որ իմ անունն արդեն վերցրել են շրջանակի մեջ` ապագայում պատժելու համար»:
Սյունէ Համբարձումյան