Ոչ թե հրատապության, այլ միջազգային հարթակում Հայաստանն հավուր պատշաճի ներկայացնելու անհրաժեշտություն կա: ArmLur.am-ի հարցին, թե ինչով է պայմանավորված Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի այցի հրատապությունը Բալի (Ինդոնեզիա), այսպես արձագանքեց ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը: Հայաստանը Միջխորհրդարանական միության (IPU) անդամ է, որի 144-րդ համաժողովին մասնակցելու համար էլ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բալի: Համաժողովին 110-ը երկիր է մասնակցում ու գրեթե բոլոր երկրները խորհրդարանի նախագահի մակարդակով են ներկայացված: «Հայաստանը մասնակցել ու շարունակելու է մասնակցել միջազգային բոլոր այն կառույցների աշխատանքներին, որտեղ ներկայացված է: Կարծում եմ՝ համացանցում աժիոտաժ առաջացել է Բալի բառի հետեւանքով: Եթե այդ համաժողովն անցկացվեր այլ երկրում, որը մեր հասարակության մեջ տպավորված չէ որպես տուրիստական երկիր, առհասարակ խնդիր չէր առաջանա, այսքան քննարկումներ չէին լինի: Սրանից առաջ դարձյալ համաժողովների մասնակցություն եղել է, նաեւ Ալեն Սիմոնյանի պաշտոնավարման ժամանակահատվածում, սակայն որեւէ աժիոտաժ չի առաջացել: Ի դեպ ԱԺ նախագահը շարունակելու է մասնակցել նման կառույցների վեհաժողովների աշխատանքին: Հաջորդ՝ 145-րդ վեհաժողովը նախատեսվում է անցկացնել Աֆրիկայում՝ Ռուանդայում, եւ Հայաստանը կրկին մասնակցելու է: Առաջիկայում Ալեն Սիմոնյանը մեկնելու է Ղազախստան՝ մասնակցելու ԱՊՀ ՄԽՎ 30-ամյակին նվիրված ԱՊՀ ՄԽՎ խորհրդի հանդիսավոր նիստին»,- նշում է Խաչատրյանը:
Նրա փոխանցմամբ՝ Բալիում Հայաստանը ներկայացված է նաև որպես ՀԱՊԿ-ում նախագահող երկիր, ու Միջազգային խորհրդարանական կազմակերպությանը (ՄԽԿ) հայտ է ներկայացրել, որպեսզի ՀԱՊԿ խորհրդրանական վեհաժողովը որպես դիտորդ ընդգրկվի ՄԽԿ-ում: Թեպետ վեհաժողովի թեման վերաբերում է կլիմայական փոփոխություններին, ասում է ԱԺ նախագահի մամուլի քարտուղարը, սակայն քննարկվել են նաև մարդու իրավունքների պաշտպանությանը, միջազգային թրաֆիքինգի և միգրացիոն քաղաքականության հարցերում խորհրդարանների դերակատարությանը, կոռուպցիայի դեմ դատական հետապնդման միջազգային համագործակցության զարգացմանը, տարբեր երկրներում խաղաղության գործընթացների նկատմամբ վերաբերմունքին, միջուկային զենքի փորձարկումների համընդհանուր արգելքին առնչվող հարցեր: «Որպես հրատապ հարցեր՝ համաժողովի ժամանակ նաև հակառուսական բանաձևեր են քննարկվել, որոնց քվեարկությանը հայկական կողմը մասնակցել ու չեզոք դիրքորոշում է հայտնել: Պայմանավորվածություն է ձեռք բերվել`IPU երիտասարդական համաժողովը անցկացնել Հայաստանում`2023 թվականին»,-եզրափակում է նա:
Սևակ Վարդումյան