Մարտի 21-ին, ժամը 20.25-ին, ոստիկանություն զանգած կինը հայտնել էր, որ նախկին ամուսինը ստիպողաբար իրենից վերցրել է 13000 ռուբլի, բջջային հեռախոսներ, անձնագրեր և իրեն ծեծի ենթարկելով՝ սպառնացել, թե կվնասի:
Նշված հասցե մեկնած ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ որ ժամը 18.00-ի սահմաններում ոստիկանություն զանգած կնոջ նախկին ամուսինը, օգտվելով մուտքի դուռը բաց լինելու հանգամանքից, կնոջ կամքին հակառակ մտել է բնակարան, ծեծել նրան, սպառնացել, ապա ննջասենյակի պահարանից բացահայտ հափշտակել է բջջային հեռախոսներ, 11 000 ռուբլի, ոսկյա ականջօղեր, անձնագրեր, բանկային քարտեր ու հեռացել, ինչից հետո զանգել է կնոջը և անձնագրերը վերադարձնելու համար պահանջել 400 000 դրամ:
Հարուցվել է քրեական գործ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 30-ամյա տղամարդը Պռոշյան գյուղի Երևանյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել, բերման է ենթարկվել ոստիկանության Նաիրիի բաժին, ապա ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին: Նա ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն: