1992թ. ապրիլի 10-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվեց Արցախի Մարտակերտի շրջանի Մարաղա ավանում խաղաղ բնակչության՝ իր դաժանությամբ աննախադեպ կոտորածը, ինչի հետեւանքով շուրջ 5000 բնակչություն ունեցող հայկական բնակավայրն ամբողջությամբ հայաթափվեց։ 30 տարի առաջ տեղի ունեցած ոճրագործությանը Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն էր անդրադարձել: Պաշտոնական հաղորդագրության մեջ ԱԳՆ նշել էր, որ հարգանքի տուրք մատուցելով Մարաղայի կոտորածների զոհերի հիշատակին՝ Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր հանձնառությունը՝ ապահովելու Արցախի ժողովրդի՝ իր հայրենիքում ազատ, անվտանգ եւ արժանապատիվ կյանքի իրավունքը, եւ ընդգծում միջազգային հանրության ջանքերի հրատապությունը՝ կանխելու Լեռնային Ղարաբաղի հայության էքզիստենցիալ անվտանգության համար սպառնալիքները։
«Մարաղայում իրականացված պատերազմական հանցագործությունները փաստագրված են մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կազմակերպությունների՝ ներառյալ Human Rights Watch եւ Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում, որոնք վկայում են, որ հայերի դեմ իրագործված ոճրագործությունների հետեւանքով 50 հոգի դաժանաբար սպանվել է, այդ թվում՝ 30 կին, իսկ 29 կին եւ 9 երեխա պատանդ են վերցվել, որոնցից 19 հոգու ճակատագիրն առայսօր անհայտ է մնում։ Մարաղայի կոտորածը, որը դարձավ Սումգայիթում, Կիրովաբադում եւ Բաքվում կազմակերպված հայերի ջարդերի շարունակությունը, Ադրբեջանի իշխանությունների կողմից հայերի նկատմամբ ատելության եւ էթնիկ զտումների քաղաքականության հերթական դրսեւորումն էր»,- ասված էր ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության մեջ։ Մեր օրերում, երբ հայաստանյան իշխանությունները խոսում են խաղաղության ու բարեկամության դարաշրջանի մասին, հարեւան երկրից էլ նման արձագանք է գալիս, հարց է առաջանում՝ ինչ քաղաքականություն պետք է դրսեւորի արդյոք հայրենի իշխանությունը: Թեման քննարկել ենք Արցախի նախկին օմբուդսմեն, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ:
-Ադրբեջանը հայտարարություն էր տարածել այն թեմայով, թե Հայաստանի կողմից դատապարտող հայտարարությունները, որոնք վերաբերում են Մարաղայի դեպքերին, Բաքվի ջարդերին, Սումգայիթի դեպքերին եւ այլն, վկայում են այն մասին, որ Հայաստանը չի պատրաստվում հարաբերություններ կարգավորել: Այս փուլում իշխանությունները խոսում են խաղաղության պայմանագրի մասին, Բաքվից նման ազդակներ են գալիս: Ո՞րը պետք է լինի հայկական դիսկուրսը, հատկապես՝ 30 տարի առաջ տեղի ունեցած ոճրագործությունների մասով:
-Այս հարցն ավելի լայն համատեքստ ունի. իմ համոզմունքն այն է, որ սրանք ուղղված չեն հայկական շահը առաջ տանելուն, եւ խաղաղության օրակարգ կոչվածը մեծ հարց է: Խաղաղության օրակարգ միակողմանի չի լինում: Ադրբեջանն ուղղակի պատրաստ չէ խաղաղության: Վերջինս որեւէ շահ չունի գնալու խաղաղության: Ադրբեջանը որեւէ բանով չի փոխվել, եթե անգամ փոխվել է, ապա դեպի վատը: Այս առումով այս ամենը տակտիկական ինչ-որ քայլեր են, որոնցով Ադրբեջանը փորձում է ավելի ամրապնդել իր դիրքերը այդ խայտառակ օրակարգի շրջանակներում:
-Պարո՛ն Մելիքյան, Բրյուսելում օրերս տեղի ունեցած հանդիպման մասով Ձեր դիտարկումները որո՞նք են: Բոլորն ասում են, որ այնտեղ խոսվում է սահմանազատման եւ սահմանագծման, խաղաղության օրակարգի մասին, եւ որեւէ խոսք չկա Արցախի մասով: Իրական մտահոգություններն ինչի՞ մասին են, ի՞նչ կառանձնացնեք:
-Այս պահին աշխարհաքաղաքական սառը ատոմային պատերազմ է տեղի ունենում: Եվրոպական հովանու ներքո բանակացությունները, բնականաբար, չեն կարող չդիտարկվել որպես քայլ՝ ընդդեմ Ռուսաստանի: Ավելին՝ մենք տեսանք, որ տեղի ունեցավ հանրահավաք Ռուսաստանի դեմ քաղաքական ուժի կողմից, որը կապված էր նաեւ իշխանությունների որոշակի թողտվության էլեմենտների հետ: Ասյտեղ խնդրահարույց է մեր ռազմական դաշնակցի հետ ունեցած մեր փոխհարաբերությունները: Իհարկե, Արցախի հարցը չբարձրաձայնելը, մեղմ ձեւակերպմամբ, տարօրինակ է: Սա առաջին հերթին արցախյան խնդիրն է: Հնարավոր չէ հարաբերությունների կարգավորում առանց հաշվի առնելու Արցախի գործոնը:
Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ
ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵՎ ԹԻՄԱԿԻՑՆԵՐԻ ԽՈՍՔԵՐԸ ՏԱՐԲԵՐ ԵՆ
«Հայաստանի համար ընդունելի է փոխադարձաբար տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտելիության ճանաչման սկզբունքը, մենք պատասխանել ենք Բաքվին». սա վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նախքան Բրյուսել մեկնելն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը՝ կառավարության նիստերից մեկի ժամանակ արված հայտարարությունն է:
Ոչ միայն խաղաղության օրակարգի, այլ նաեւ սահմանների դեմարկացիայի ու դելիմիտացիայի մասին են խոսել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներն ու պայմանավորվել մինչեւ այս ամսվա՝ ապրիլի վերջ սահման գծողների խումբ ստեղծել: Մինչեւ բրյուսելյան հանդիպումն էր դեռ Նիկոլ Փաշինյանը հայտարարում, որ Հայաստանի համար տարածքային ամբողջականությունը փոխադարձաբար ճանաչելն ընդունելի է:
Ի տարբերություն իր քաղաքական թիմի ղեկավարի՝ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը Փաշինյանի վերոհիշյալ հայտարարությունից ամիսներ առաջ հիշեցնում էր՝ երկու երկրները միմյանց տարածքային ամբողջականությունը դեռ տասնամյակներ առաջ են ճանաչել:
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի համոզմամբ՝ Հայաստանը եւ Ադրբեջանը, միանալով ԱՊՀ-ին, երկուսն էլ ժամանակին՝ դեռ 90-ականներին, ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը: Լրատվականներից մեկին տված հարցազրույցի ժամանակ Գրիգորյանն ընդգծել էր, որ Ադրբեջանը, 90-ականներին միանալով ԱՊՀ-ին, եւ Հայաստանն էլ, լինելով ԱՊՀ-ի հիմնադիրներից մեկը, ընդունել է հիմնադիր փաստաթուղթ, որտեղ բոլորը բոլորի տարածքային ամբողջականությունը ճանաչում են։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը «լավ նորություն» է որակել Փաշինյանի՝ սահմանների ճանաչման հայտարարությունը, ինչը պաշտոնական Բաքվի ներկայացրած 5 կետերի մեջ է ներառված: Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, պատրաստակամություն է հայտնել կյանքի կոչել մի բան, ինչը, ըստ իր առնվազն երկու թիմակիցներ Աղաջանյանի ու Գրիգորյանի, դեռեւս 1990-ականներին է տեղի ունեցել, ու այժմ դա վերահաստատելու անհրաժեշտություն, ըստ տրամաբանության, պետք է որ չլիներ:
Ս. ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
ԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՈՒՂՂԵԼ
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. «Եվրոպայի խորհուրդը կօգտագործի բոլոր հասանելի հնարավորությունները՝ բարձրաձայնելու Արցախի խաղաղ բնակչության իրավունքների խախտմանը վերաբերող իմ բարձրացրած հարցերը։ Ս.թ. մարտ ամսվա ընթացքում Ադրբեջանի կողմից գազամատակարարման դադարեցման հետեւանքով Արցախի Հանրապետությունում ստեղծված հումանիտար ճգնաժամի, դրա հետեւանքով արցախցիների՝ կանանց, երեխաների, ծերերի` օրեր շարունակ -5C, -6C ջերմաստիճանի պայմաններում գոյատեւելու, ինչպես նաեւ այդ ընթացքում Ադրբեջանի ռազմական ագրեսիայի եւ խաղաղ բնակչության նկատմամբ սադրանքների մասին գրություններ էի ուղղել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին։ Փաստահավաք առաքելությամբ Արցախում գտնվելու ընթացքում հենց այնտեղից ականատեսի աչքերով խնդրել էի միջազգային մեր գործընկերներին դատապարտել Ադրբեջանի հանցավոր վարքագիծը, ձեռնարկել բոլոր հնարավոր քայլերը, որպեսզի պաշտպանվեն Արցախի խաղաղ բնակչության հիմնարար իրավունքները։ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի եւ գլխավոր քարտուղարի տեղակալի գրասենյակի տնօրեն Միրոշլավ Պապայից ստացել եմ պատասխան, ըստ որի՝ գլխավոր քարտուղարը եւ Եվրախորհուրդը շարունակում են ուշադիր հետեւել Լեռնային Ղարաբաղում եւ նրա շրջակայքում վերջին հակամարտության հետ կապված զարգացումներին եւ կշարունակեն օգտագործել բոլոր հասանելի հնարավորությունները՝ բարձրացնելու մարդու իրավունքների եւ հակամարտության հետ կապված հումանիտար թեմաների վերաբերյալ հարցեր՝ ներառյալ իմ նամակագրության մեջ բարձրացված հրատապ խնդիրները»:
ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
Գազալցակայաններն ուժեղ վերահսկողության տակ են: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը տեւական ժամանակ է, ինչ ուժեղացված հսկողություն է իրականացնում հեղուկ եւ բնական սեղված գազի, նաեւ բենզինի շուկաներում: Մեզ հայտնի դարձավ, որ ապրիլի 4-8 Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է ստուգումներ 8 տնտեսվարողի մոտ։ Նրանցից 6-ի մոտ արձանագրվել են խախտումներ: Ավելին, ArmLur.am-ը տեղեկացավ, որ խախտում արած տնտեսվարողներին նշանակվել է տուգանք՝ 5 մլն 200 հազար դրամի չափով: