Խաչփարի համայնքապետն իր աշխատասենյակում մարդ է ծեծել. ինչն է եղել պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Ղազար Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021թ. մարտի 30-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Արարատի մարզի Խաչփարի համայնքապետի աշխատասենյակում կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ այլ բռնի գործողություններ է կատարել նույն համայնքի բնակիչ Վարդան Օնիկի Բաբայանի նկատմամբ և ծեծել է նրան, որպիսի գործողություններն արտահայտվել են հետևյալում.

2021թ. մարտին Վարդան Բաբայանը նույն համայնքում գտնվող իր հողամասում խմելու ջրագիծ անցկացնելու համար դիմել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի Մասիս առևտրային տեղամաս, որտեղից վերջինիս տեղեկացրել են, որ դիմումին կից պետք է ներկայացնի նաև համայնքապետարանից տրված՝ հողամասի տեղանքի հատակագիծը։ Նշված փաստաթուղթն ստանալու համար Վարդան Բաբայանը 2021թ. մարտի 30-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, գնացել է Խաչփարի համայնքապետարան և համայնքապետ Ղազար Մարտիրոսյանին հայտնել այդ մասին։ Քանի որ վերջիններս արդեն տևական ժամանակ գտնվել են կոնֆլիկտային հարաբերությունների մեջ, ինչի արդյունքում նրանց միջև ձևավորվել է նաև փոխադարձ հակակրանք և լարվածություն, ուստի Վարդան Բաբայանի առաջարկը լսելուց հետո Ղազար Մարտիրոսյանը մերժել է տրամադրել տեղանքի հատակագիծը՝ պատճառաբանելով, որ նման փաստաթուղթ տրամադրելու իրավասություն չունի, ապա պարզաբանել է, որ հարկ եղած դեպքում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն այդ հարցով կդիմի իրեն։ Վարդան Բաբայանին մերժելուց հետո Ղազար Մարտիրոսյանը պահանջել է, որ վերջինս հեռանա իր աշխատասենյակից, ապա այլ բռնի գործողություններ է կատարել Վարդան Բաբայանի նկատմամբ, այն է՝ դիտավորությամբ բռնել է վերջինիս ձախ ձեռքից ու ֆիզիկական ուժի գործադրմամբ 1-2 մետր քաշել է դեպի մուտքի դուռը՝ պատճառելով ֆիզիկական ցավ։ Տեղի ունեցած լարված խոսակցության և քաշքշուկի արդյունքում Վարդան Բաբայանի և Ղազար Մարտիրոսյանի միջև առաջացել է վիճաբանություն, ապա փոխադարձ կռիվ՝ ֆիզիկական ընդհարում, որի ընթացքում Ղազար Մարտիրոսյանը ծեծել է Վարդան Բաբայանին, այն է՝ դիտավորությամբ բռունցքներով հարվածներ է հասցրել վերջինիս գլխի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։Գործը դատարանում է:

Ք.Մ




Լրահոս