Արայիկ Հարությունյանն Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ է հրավիրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընդառաջելով մայիսի 24-ին Արցախի Հանրապետության խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունների՝ Հանրապետության նախագահին ուղղված նամակին՝ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 25-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ:

Երկրի ղեկավարը նախ ընդգծել է, որ Արցախի իշխանությունների և ժողովրդի համար խիստ անընդունելի է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ տեղ գտած «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը» ապահովելու մասին ձևակերպումը՝ նշելով, որ այն չի արտահայտում անցած երեսուն տարիների ընթացքում միջազգային հանրության համար հստակ ձևակերպված արցախահայության պահանջներն ու ձգտումները, որոնց հիմքում դրված է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:

Նախագահ Հարությունյանի ներկայացմամբ՝ ինքը հնարավորություն է ունեցել ՀՀ վարչապետի հետ հանդիպել և քննարկել մայիսի 22-ին Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպումը, և այդ առթիվ ցանկանում է մեկ անգամ ևս հաստատել, որ Արցախի ճակատագրի ու կարգավիճակի որոշման բացառիկ իրավունքը պատկանում է Արցախի ժողովրդին ու իշխանություններին: Նախագահի խոսքով՝ վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ որեւէ մեկը չի կարող և չի պատրաստվում Հայաստանի ու Արցախի ժողովրդի թիկունքում ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, եթե կլինի կոնկրետ առաջարկ կոնկրետ լուծումների մասին, ապա այն կքննարկվի Արցախի իշխանությունների հետ եւ հանրությունը դրա մասին տեղեկացված կլինի պատշաճ ձեւով:

Նախագահ Հարությունյանը շեշտադրել է, որ Արցախի Հանրապետությունը անշեղորեն շարունակում է իր ժողովրդի ինքնորոշման իրավունքի լրիվ ու անվերապահ իրացման միջոցով անկախության միջազգային ճանաչման ուղին, և արցախցիների իրավունքների ու անվտանգության պատշաճ ապահովումը հնարավոր է բացառապես Ադրբեջանի կազմից դուրս:




Լրահոս