Օրերս՝ մայիսի 24-ին, հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի ու Շահին Մուստաֆաեւի հանդիպումը: Նրանք, նշենք, ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան վերջին այցի հայտարարության, սահմանազատման ու սահմանագծման աշխատանքների մեկնարկը պետք է տան: Սակայն մինչեւ սահմանների գծումն ու դրանց հաստատումը հիշենք, թե տարիուկես առաջ Նիկոլ Փաշինյանն ադրբեջանցիների՝ Սյունիք ներխուժելու մասին ինչպես էր արտահայտվում: Այսպես, 2020-ի դեկտեմբերի 24-ի կառավարության նիստի ժամանակ նա վստահեցնում էր. «Ուզում եմ կրկնել, որ Սյունիքի եւ, ընդհանրապես, ՀՀ-ի միջազգայնորեն ընդունված, ճանաչված տարածքից ոչ մի միլիմետր զիջման մասին խոսք չի եղել եւ չի կարող լինել, մյուս կողմից՝ սա չի նշանակում, թե այս պրոցեսները պետք է համարել սահմանների դեմարկացիա եւ դելիմիտացիա. դրանք բոլորովին տարբեր հարցեր են: Այս փուլում տեղի է ունենում սահմանային որոշակի կետերի տեղորոշում, որի օպերատիվ նպատակն անվտանգության ապահովումն է»: Դրանից օրեր առաջ, սակայն, 2020-ի դեկտեմբերի 18-ին անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարում էր, թե երկու երկրները ոչ միայն Սյունիքում, այլեւ հայ-ադրբեջանական սահմանի այլ հատվածներում դեմարկացիա ու դելիմիտացիա են իրականացնում: «Սահմանազատում է կատարվում, եւ այն կատարվում է որոշակի փաստաթղթային հիմքերի վրա։ Այսինքն՝ այստեղ զուտ դեմարկացիան ունի փաստաթղթային հիմք, եւ հենց փաստաթղթով էլ մենք շարժվում ենք»,- ասում էր նա: Փաստորեն, դեռ տարիուկես առաջ կառավարական կաբինետի անդամները, մեկը մյուսից անտեղյակ, մե՛կ հայտարարում էին, թե սահմանազատում ու սահմանագծում չի կատարվում, մե՛կ հակառակ պնդումն էին անում: Իրականում, սակայն, նրանք մոլորեցնում ու հերթական անգամ խաբում էին հանրությանը:
Ռուսաստանն ակնհայտորեն պասիվացել է, սակայն դրա հանգամանքներն օբյեկտիվ են: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս մասին նշեց ռուս քաղաքագետ Ֆյոդր Լուկյանովը՝ անդրադառնալով Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Ալիեւ-Միշել եռակողմ հանդիպմանը, որը ՌԴ-ին շրջանցում էր: Նշենք, որ այդ հանդիպման ժամանակ հստակ պայմանավորվածություն ստեղծվեց սահմանագծման եւ սահմանազատման հարցերով Հայաստան-Ադրբեջան հանձնաժողով ստեղծելու մասին: Ռուս քաղաքագետի խոսքով՝ Մոսկվան ունի հաշվարկներ, որոնցով առաջնորդվում է, եւ, բնականաբար, ակտիվություն լինելու է: «Ղարաբաղի ներկայիս կարգավիճակը ապահովում են ռուս խաղաղապահները: Այսօր շատ բան է կախված նրանցից: Երեւանը փորձում է մանեւրել, բայց գլխավոր բանակցությունները Բրյուսելում են: Թե ինչպես Մոսկվան կարձագանքի հետագա զարգացումներին, պարզ կդառնա առաջիկայում», – նշեց նա: Նկատենք՝ ո՛չ Փաշինյան-Միշել, ո՛չ Փաշինյան-Ալիեւ-Միշել հանդիպման պաշտոնական հաղորդագրություններում որեւէ խոսք չկա Արցախի կարգավիճակի մասին: Դրան վերաբերող թույլ ձեւակերպում իր հայտարարությունում արել էր Շառլ Միշելը՝ նշելով. «Սրան ի լրումն՝ շեշտել եմ երկու ղեկավարներին, որ անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»: Ռուս քաղաքագետը նկատում է, որ Արցախի կարգավիճակի հարցը կարող է դրվել Խաղաղության համաձայնագրում, սակայն ներկայումս տպավորություն է, որ այդ հարցն ամենեւին էլ առաջնային չէ, այլ, կարծես թե, լուծվում է տարածաշրջանում գլխավոր միջնորդի ստատուսի հաստատման հարցը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ-ն ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հարազատների բնակարանից դեռեւս 7 ամիս առաջ առգրաված զենքերը հետ է վերադարձրել իրենց, իսկ, ահա, նախկին նախարարի բնակարանից առգրաված զենքերը չի վերադարձրել, քանի որ տիրապետողը՝ ի դեմս նախարարի, գտնվում է կալանքի տակ: Նշենք, որ դեռեւս 2021 թվականի սեպտեմբերին ԱԱԾ-ն խուզարկել էր Տոնոյանի եւ նրա հարազատների բնակարանները եւ առգրավել էր Տոնոյանի՝ նվիրատվություն ստացած զենքերը եւ հարազատների զենքերը։ 7ամիս անց հարազատների զենքերը հետ վերադարձվեցին, իսկ Տոնոյանը շարունակում է մնալ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում: Ինչպես հայտնի է, ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ռազմամթերքի ձեռք բերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ։ Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել յոթ անձի, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, Պատրոն Դավո մականունով հայտնի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին։ Քրեական գործով այս պահին «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հինարկում՝ «ԿԳԲ-ի պադվալում» են գտնվում ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ավիացիայի վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Ավետիք Մուրադյանը, իսկ մյուս անձինք ազատության մեջ են։
Այս տարվա ապրիլի 22-ին Հայաստանում տեղի էր ունեցել ռուս գրող Ալեքսանդր Պուշկինի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը, որին, պաշտոնական հաղորդագրության համաձայն, ներկա էին ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԴԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներ, երկու երկրների դիվանագիտական կորպուսները ներկայացնող դեսպաններ Վաղարշակ Հարությունյանը եւ Սերգեյ Կոպիրկինը, ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, ռուսական համայնքի ներկայացուցիչներ: Եվ տարածված պաշտոնական հաղորդագրությունից այնպիսի տպավորություն էր ստեղծվել, թե ՀՀ իշխանություններն են նախաձեռնել հուշարձանի տեղակայումը՝ փորձելով եւս մեկ ներդրում ունենալ հայ-ռուսական հարաբերություններում, մինչդեռ իրականում «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Սոչիի քաղաքային խորհրդի պատգամավոր Սոս Մարտիրոսյանի ջանքերով է կառուցվել արձանն ու կազմակերպվել միջոցառումը: Պարզվում է՝ ազգությամբ ռուս ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովն է առաջարկել տեղադրել հուշարձանը, իսկ Սոչիի քաղաքային խորհրդի պատգամավոր Սոս Մարտիրոսյանն էլ ընդունել է առաջարկն ու ցուցաբերել ամբողջ անհրաժեշտ օգնությունը: Այսինքն՝ ամբողջ ֆինանսական միջոցները հոգացել է հենց Սոչիի քաղաքային խորհրդի պատգամավորը՝ հանուն հայ-ռուսական բարեկամության խորացման, այնինչ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը այն փորձել է վերագրել իրեն: