ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ավտոմեքենա է գնել՝ մոտ 40 հազար դոլարով: ArmLur.am-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ կոմիտեն «Տոյոտա Երեւան» ընկերությունից 18 մլն 400 հազար դրամով գնել է մարդատար ավտոմեքենա, որն արտադրվել է 2021 թվականին: Ավտոմեքենայի գույնը սեւ է, իսկ վազքը գնման պահին չպետք է գերազանցի 1000 կիլոմետրը:
Բացի այս, մեզ հայտնի դարձավ նաեւ, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն նախորդ տարեվերջին գնել է եւս մեկ մարդատար ավտոմեքենա՝ 15 մլն դրամով: Ավտոմեքենայի նկարագրության մեջ նշված է, որ այն պետք է լինի սպիտակ երանգիւ, 8 տեղ, վազքը գնման պահին չպետք է գերազանցի 1000 կիլոմետրը:
Կառավարության կողմից նոր ավտոմեքենաների գնման մասին դեռ կլսենք: Քանի որ ՀՀ վարչապետի աշխատակազմը մտադիր է թարմացնել ավտոպարկը: «Այսպես ասած «բալաստներից» փորձում ենք ձերբազատվել, որպեսզի և՛ ծանրաբեռնված չլինենք, և՛ ավելորդ ծախսերը նվազեցնենք»,– երեկ այս մասին ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ ԱԺ–ում 2021 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ:
Նրա խոսքով, քննարկվում է ոչ միայն հին ավտոմեքենաներից ազատվելու, այլեւ էլեկտրական շարժիչով ավտոմեքենաներ գնելու տարբերակը։
Ս.Հ.