Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմ նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն առաջին մարզումն է անցկացրել նոր ակումբի կազմում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Միլան «Ինտեր»-ն արդեն իսկ սկսել է նախապատրաստվել նոր մրցաշրջանին և առաջին թիմային ընդհանուր մարզումն է անցկացրել: «Ինտեր»-ում իր առաջին մարզումն է անցկացրել նաև Հայաստանի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը:
«Ինտեր»-ը պաշտոնապես ներկայացրել էր հայ կիսապաշտպանին հուլիսի 2-ին: Պայմանագրի կետերի մասին դեռևս հստակություն չկա, սակայն իտալական ԶԼՄ-ները գրում են, որ ակումբի և ֆուտբոլիստի միջև կնքվել է երկու տարվա պայմանագիր:
Հենրիխ Մխիթարյանը 2019 թվականից խաղացել է Հռոմի «Ռոմա»-ում: Հռոմեական ակումբի կազմում նա մասնակցել է 115 հանդիպման, խփել 29 գոլ և կատարել 25 արդյունավետ փոխանցում: 2021/2022 մրցաշրջանում Մխիթարյանը «Ռոմա»-ի հետ դարձել է ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի անդրանիկ խաղարկության գավաթակիր: