ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուր են ՀՀ ոստիկանապետը, դատախազն ու ԴԱՀԿ պետը. Աշտարակի նռնակի պայթեցման փորձի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2022 թվականի մարտի 11-ին Կոտայքի մարզի Զովունի համայնքում ողերգական դեպք էր տեղի ունեցել ։ 46-ամյա տղամարդը հետապնդել էր նախկին կնոջը, ապա նռնակով պայթեցրել իրեն ու կնոջը:

Նախկին ամուսինը բազմիցս սպառնացել էր կնոջը, հետապնդել, հայտնվել նրա աշխատավայրում ու ծեծել վերջինիս:

Եթե իրավապահները այդ դեպքին նախկինում ականջալուր լինեին եւ ճիշտ ընթացք տային, ապա չէինք ունենա այն, ինչ ունենք: Սակայն այս դեպքերը իրավապահներին դաս չեն լինում. նմանօրինակ հերթական դեպքը Աշտարակ քաղաքում էր. տղամարդը մտել էր սուպերմարկետ և սպառնացել նռնակով պայթեցնել իրեն։

Իսկ ինչ էր պահաջել տղամարդը: Ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության՝ հուլիսի 16-ին, ժամը 22-ին, ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի սուպերմարկետի մոտ նռնակով տղամարդ կա և սպառնում է նռնակով պայթեցնել իրեն։

Ահազանգին արագ արձագանքած Աշտարակի ոստիկանները պարզեցին, որ նա 37 տարեկան է, Բյուրականի բնակիչ։ Տղամարդը սպառնում էր պայթեցնել իրեն, եթե չվերադարձնեն իր երեխային, որը բնակվում է նախկին կնոջ հետ։

Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանի իրականացրած բացատրական աշխատանքի շնորհիվ տղամարդը կամավոր նստել է բաժնի պետի մեքենան ու տեղափոխվել Աշտարակի բաժին։ Այստեղ բացատրական աշխատանքը շարունակվել է, որին միացել է նաև ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանը։

Արդյունքում՝ նռնակը վնասազերծվել է՝ պայթուցիչի օղակի փոխարեն մալուխ ամրացնելու միջոցով։ Այս կերպ չեզոքացվել է նաև վտանգը, որ սպառնում էր ներկաների կյանքին ու առողջությանը։ 37-ամյա տղամարդը ձերբակալվել ու ներկայացվել է քննչական մարմնին, որտեղ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Սակայն պարզվում է՝ այս պատմությունը խորը արմատներ ունի: Իրավապաշտպան Մարինա Պողոսյանն այս ընտանիքի դեպքին քաջատեղյակ մարդկանցից մեկն է: Ըստ նրա՝ նռնակով սուպերմարկետ մտած տղամարդը տևական ժամանակ սպառնացել է կնոջը, որ կպայթեցնի ու դեռ ամիսներ առաջ տարել է եւ անօրինական կերպով երեխային պահել է իր մոտ:

Ըստ իրավապաշտպան Մարինա Պողոսյանի՝ կինը 2 տարվա ընթացքում շուրջ 200 անգամ դիմել է իրավապահներին, որ կանգնեցնեն ամուսնու գործողությունները, սակայն իրավապահները ականջալուր չեն եղել:

Մանրամասներըտ՝ տեսանյութում

Քնար Մանուկյան, Սյունէ Համբարձումյան




Լրահոս