Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը, հաշվի առնելով Միջազգային առողջապահական կանոնների (2005) հարցերով Արտակարգ իրավիճակների հանձնաժողովի անդամների տեսակետները, ինչպես նաև Միջազգային առողջապահական կանոններից բխող այլ գործոններ, հայտարարել է, որ տարբեր երկրներում կապիկի ծաղիկ հիվանդության բռնկումը հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է։ Այս մասին ասված է ՀՀ Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Նշենք, որ հուլիսի 25-ի դրությամբ աշխարհի 80 երկրում արձանագրվել է կապիկի ծաղկի ավելի քան 17000 դեպք, այդ թվում՝ 5 մահվան դեպք։ Ամենաշատ դեպքերն արձանագրվել են Իսպանիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում:
Հիվանդության գաղտնի շրջանը սովորաբար տևում է 5-21 օր, բնորոշ ախտանշաններն են՝ տենդ, սաստիկ գլխացավ, լիմֆատիկ հանգույցների մեծացում, ցավ մեջքի շրջանում, մկանացավ, արտահայտված թուլություն: Տենդի սկզբից 1-3 օր անց ի հայտ է գալիս ցանավորումը, ցանը սկսվում է դեմքի շրջանից և ապա տարածվում մարմնի տարբեր հատվածներում:
Վարակի փոխանցումը մարդուց մարդ հնարավոր է շնչառական կաթիլների, կենսաբանական հեղուկների կամ ախտահարված հյուսվածքների հետ երկարատև սերտ շփման արդյունքում։ Հնարավոր է նաև վարակի փոխանցումը օգտագործված սրբիչի և անկողնային պարագաների միջոցով:
Այսպիսով՝ վարակվելու ռիսկը բարձր է այն անձանց շրջանում, ովքեր ֆիզիկական սերտ շփում ունեն կապիկի ծաղկի ախտաշաններ ունեցող անձանց կամ վարակված կենդանու հետ: Մարդիկ, ովքեր պատվաստվել են բնական ծաղկի դեմ, որոշակի պաշտպանվածություն ունեն նաև կապիկի ծաղկի վարակի դեմ:
Հիվանդությունը կարող է ավելի ծանր ընթանալ երեխաների և իմուն համակարգի խնդիրներ ունեցող անձանց շրջանում: Բուժաշխատողները նույնպես ավելի բարձր ռիսկի են ենթարկվում վիրուսների ավելի երկար ազդեցության պատճառով:
Ճամփորդելիս անհրաժեշտ է.
◾️ խուսափել հիվանդությանը բնորոշ ախտանշաններ ունեցող անձանց հետ սերտ շփումից,
◾️ խուսափել հիվանդ մարդկանց կողմից օգտագործվող իրերին (օրինակ՝ հագուստ, անկողնային պարագաներ կամ բժշկական կազմակերպություններում օգտագործվող նյութեր) դիպչելուց,
◾️ դիմել բժշկական օգնության, եթե նկատվում է նոր, անբացատրելի մաշկային ցան (մարմնի որևէ մասի վերքեր), ջերմությամբ և դողով կամ առանց դրա, և խուսափել ուրիշների հետ շփումից: Ինչպես նաև անհրաժեշտ է տեղեկացնել բժշկին, եթե ախտանշանների ի հայտ գալուց մինչև մեկ ամիս առաջ եղել եք մի տարածքում, որտեղ գրանցվել է կապիկի ծաղկի դեպք կամ եղել է շփում կապիկի ծաղիկով վարակված անձի հետ։