Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակի առթիվ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԴ ԱԳՆ-ն հայտարարության մեջ ընդգծել է, որ պայմանագիրը մեծապես սահմանել է Հայաստան-Ռուսաստան միջպետական հարաբերությունների սկզբունքներն ու առաջնահերթությունները: ՌԴ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշում է, որ փաստաթուղթը կարևոր հանգրվան է դարձել երկկողմ գործընկերությունը իրական դաշնակցային մակարդակի բարձրացնելու ճանապարհին։
«Անցած ժամանակահատվածը համոզիչ կերպով ցույց տվեց, որ Մոսկվայի և Երևանի միջև պատմական կապերի հետագա ամրապնդումը լիովին համապատասխանում է մեր ժողովուրդների կենսական շահերին, ծառայում է երկու երկրների սոցիալ-տնտեսական զարգացմանը, Հարավային Կովկասում կայունության ամրապնդման նպատակներին: Մենք հաջողությամբ առաջ ենք շարժվում համագործակցության լայն շրջանակով, այն լցնում ենք կոնկրետ բովանդակությամբ, բարձրացնում փոխգործակցության արդյունավետությունը։
Երկկողմ ներուժի ձևավորման համար որոշիչ նշանակություն ունեն Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարությունների միջև վստահության վրա հիմնված կանոնավոր շփումները, որոնք հնարավորություն են տալիս ոչ միայն լուծել հրատապ հարցերը, այլև համակարգել դիրքորոշումները տարածաշրջանային եւ միջազգային առանցքային խնդիրների շուրջ»,- ասված է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հիշեցրել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է 2022 թ. ապրիլի 19-20-ը Հայաստանի կառավարության ղեկավարի Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում, հաստատվել է 1997 թ. պայմանագրում ամրագրված սկզբունքների հիման վրա միջպետական հարաբերությունները համակողմանիորեն խորացնելու և ընդլայնելու մտադրությունը:
«Տրամադրված ենք հետագայում ևս առանցքային դաշնակցի դիրքերից օգնել Երևանին պաշտպանունակության և սահմանային անվտանգության ամրապնդման, հարևանների հետ կապերի կարգավորման գործում։
Համոզված ենք, որ տարածաշրջանում կայունության ուղին 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ համաձայնագրերի խստիվ պահպանումն է: Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովման առանցքային գործոն է մնում Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը։
Մենք անկեղծորեն արժևորում ենք եղբայրական Հայաստանի հետ բարեկամությունը և տրամադրված ենք ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդմանը ՝ հանուն մեր երկրների և ժողովուրդների բարգավաճման»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ-ն: